Ռաֆայել Երանոսյանը հյուրընկալվել է «HerMine Dialog» հաղորդմանը։ Դերասանը խոսել է նոր ֆիլմերից, Կամերային թատրոնից ու Արա Երնջակյանից, ինչպես նաև ընտանիքից, հարազատ գյուղից ու հարևաններից։ «Fast News Culture»-ն առանձնացրել է ամենակարևորը։
«Տանը մենակի» հայկական տարբերակն ու Ռաֆոյի կերտած Եղնիկի կերպարը
Իմ շատ լավ ու տաղանդավոր ընկեր Գոռ Կիրակոսյանը նոր՝ ամանորյա ֆիլմ է նկարում։ Երրորդ ֆիլմն է, որ Գոռի հետ աշխատում ենք: «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է։ Ավազակներից մեկն եմ։ Կերպարիս անունը «Եղնիկ» է։ ԱՄՆ-ից հատուկ աչք են բերել, որը կրում եմ նկարահանումներին։ Երեխան մնում է Դալմա Գարդեն Մոլում և ամբողջ երեկո լինում են նախատոնական իրավիճակներ: Նկարահանումներն արդեն սկսվել են։ Այս տարվա հոկտեմբերի 7-ին կլինի պրեմիերան:
2025-ի մյուս ֆիլմերն ու հումորային կերպաները
2024-ին ընկերներով նկարեցինք «Ջիմի-Ջիմի» սիթքոմը։ Ամռանը Հնդկաստանում կնկարահանենք երկրորդ եթերաշրջանը։ Նկարահանումները կտևեն 20 օր։ Մի քանի ֆիլմի առաջարկ ևս ունեմ, բայց չգիտեմ այս տարի կնկարահանե՞նք, թե՞ ոչ։
Այն երջանիկներից եմ, որ անում եմ իմ ուզածը։ Չեմ նեղվում, երբ ինձ հրավիրում են կատակերգությունների։ Ունեցել եմ այնպիսի դերեր, որտեղ եղել է նաև դրամա։ Օրինակ՝ Գոռ Մարգարյանի «Ամնեզնիա» ներկայացումը, Արշալույս Հարությունյանի «Սկոտչ և վիսկի» ֆիլմը, որտեղ կային նաև դրամատիկ տեսարաններ։ Այս պահին և, հավանաբար, ընդհանրապես չեմ ուզում խաղալ դրամատիկ ֆիլմերում։ Առանց այդ էլ մեր կյանքը լի է հոգսերով և խնդիրներով։ Երևի իմ առաքելությունը մարդկանց ժպիտ պարգևելն է։ Մարդիկ ինձ սիրում և ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ։ Իմ «Էվոլյուցիա» ներկայացումն ավարտում եմ Բարոն Մյունխհաուզենի խոսքերով․ «Ժպտացեք, պարոնայք, ժպտացե'ք: Լուրջ դեմքն այնքան էլ խելքի նշան չէ, պարոնայք: Աշխարհի բոլոր հիմարությունները դեմքի հենց այդ արտահայտությամբ են արվում»։
Ռաֆայել Երանոսյանի կնքահայրը՝ Արա Երնջակյան
Այն երջանիկներից եմ, որ առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացել եմ Կամերային թատրոնում։ 2025-ին լրանում է 20 տարին, ինչ Կամերայինում եմ։ Ինչ չեմ սովորել գյուղում, սովորել եմ Արա Երնջակյանի հետ։ Նույնիսկ ամենահասարակ բաներն եմ սովորել նրանից՝ շփում մարդկանց, կնոջ և հանդիսատեսի հետ։ Կարդալով Արա Երնջակյանի պիեսները, գրքերը, սցենարները՝ դառնում ես այլ մարդ, փոխվում է աշխարհայացքդ։ Առաջին հերթին նրան հարգում ու գնահատում եմ որպես հայ և մարդ, հետո նոր՝ որպես մտավորական ու գեղարվեստական ղեկավար։ Արա Երնջակյանին հասկանալու համար ներսումդ պետք է գոնե մի քիչ Արա Երնջակյան լինես։
Երիտասարդ խաղընկերների մասին
Չեմ ավարտել Թատերական ինստիտուտը, չունեմ դիպլոմ։ Բայց Արա Երնջակյանն ինչ-որ բան նկատեց իմ մեջ և թույլատրեց նման պրոֆեսիոնալների հետ բեմ բարձրանալ։ Կամերային թատրոն եկող երիտասարդներին դիմավորում եմ նույն ձևով՝ անկախ նրանից նա ավարտել է Թատերական, Մանկավարժական համալսարանները, թե Կոնսերվատորիան։ Վերևից չեմ նայում նրանց։ Նրանք արդեն ինձ հետ նույն բեմում ապրում ու արարում են։ Ուրախանում եմ նրանց գալով, որովհետև նոր գույն են փոխանցում քեզ։ Եվ սկսում ենք աշխատել մեկս մյուսով։
Լենուղեցի Ռաֆոն և մանկության ամենավառ հիշողությունները
Հպարտ եմ, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղից եմ։ Հպարտ եմ, որ մանկությունս ու երիտասարդությունս անցել է այնտեղ։ Այնքան խենթություններ եմ արել գյուղում՝ ցոգոլի գողությունից մինչև յասամանի ու գիլասի գողություն։ Երբեք չեմ թաքցրել իմ՝ գյուղից լինելը։ Մինչև օրս 1 ժամ ունենալու դեպքում գնում եմ գյուղ ու ժամանակ անցկացնում հորս հետ։ Հայրս ու հորաքույրս 80-ին մոտ են։ Այդ իսկ պատճառով ամեն վայրկյան ուզում եմ անցկացնեմ նրանց հետ։ Չեմ հագենում նրանցից։ Գյուղում ինձ շատ հանգիստ ու լավ եմ զգում։ Աքաղաղի ու տրակտորի ձայնը, հարևանների աղմուկը, ընտրյալ հարևաններ ունենալը մեծ երջանկություն է։ Հենց մեքենաս կանգնում է դռան մոտ, հարևանները գալիս են։ Երբեք միայնակ հաց չենք ուտում։ Նվազագույնը 15 հոգով սեղան ենք նստում։
Ռաֆայել Երանոսյանը, հայրը և եղբայրները
Բակում ճամբար էինք կազմակերպում։ Բանկաների պիտակները կտրատում, բացիկներ էինք սարքում։ Ճամբարի գեղարվեստական ղեկավարն էի, ներկայացումներ էի բեմադրում։ Երեխաներից մեկը դաշտ էր գնում, մյուսը՝ անասուն էր պահում։ Ուշանում էին, բարկանում էի։ Ամեն շաբաթ նոր ներկայացում էինք բեմադրում, գյուղացիներին էինք նմանակում։ Լույս չկար, կրակ էինք վառում, որ լուսավորվեր տարածքը։ Այդ հիշողություններն անմոռանալի են։ Այն ժամանակ բոլոր հարևաններով մեկին օգնում էին, որ հաց թխի։ Ամբողջ սենյակով շարում էին գնդերը։ Մենք՝ երեխաներով, գունդ կրողներն էինք։ Առաջին լավաշն ընկնում էր կրակի մեջ, տալիս էին մեզ։ Վերցնում, պանիրը դնում էինք մեջն ու ուտում։ Շաբաթը 1 անգամ էինք լողանում՝ 1 ձեռքով։ Հագուստը գնում էին ամբողջ տարվա համար։ Ձմեռներն այնքան ցուրտ էին։ Ծակ կոշիկներով, թաց հագուստով մրսում էինք։ Հիմա հագուստ ունենք, ձյուն չկա։ Մի անգամ ձնեմարդ էինք սարքել։ Դպրոցից տուն գալիս շատ սոված էի, ձնեմարդու քիթ-գազարը կերա։ Բայց վախում էի ընկերներիս ասել։ Այդ հիշողություններով եմ հիմա ապրում։ Այդ հիշողություններն են, որ ինձ հիմա կանչում են գյուղ։ Ում է պետք մարդը, ով մոռանում և ուրանում է անցյալը։ Բայց նաև չեմ ապրում անցյալով։ Նայում եմ ապագային։
Մոր կորուստն ու ունեցածը վերաարժեքավորելը
Մորս մահով մի ամբողջ էներգետիկ դաշտ պակասեց տանը։ Այլևս չկա մայրական սեր, քնքշություն, նվիրվածություն։ Երեկոները սպասում էր՝ երբ եմ վերադառնալու տուն։ Բայց մեզ հետ ապրող Նախշուն հորաքույրս այդ բացը լրացնում է։ Եթե գնաս մեր տուն, մոր նման կդիմավորի, կկերակրի։ Հաց ուտելուց 1 ժամ հետո ասես սոված եմ, երբեք նույն կերակուրը չի հյուրասիրի։
Ռաֆայել Երանոսյանը, հայրը և Նախշուն հորաքույրը
Ռաֆայել Երանոսյանի մայրը
Հունվարի 29-ին լրացավ մորս մահվան 10 տարին։ Երբ մայրս նոր էր մահացել, ինձ անպիտան էի զգում։ Ինձ ամբողջությամբ կորցրել էի։ Բայց վերաարժեքավորեցի ունեցածս։ Ունեմ լավ ընտանիք՝ լավ հայր, լավ եղբայրներ և Արա Երնջակյան։ Մորս մահից հետո տնից դուրս չէի գալիս։ Հյուր եկան թատրոնիս ընկերները՝ Արա Երնջակյանի հետ։ Ասացին՝ Ռաֆո ջան, բեմը քեզ է սպասում, պիտի գաս։ Մորս մահից 10 օր անց գնացի թատրոն։ Ինձ դիմավորեց Արա Երնջակյանը, գրկախառնվեցինք։ Այդ օրը խաղալու էինք «Կառավարական համերգ» ներկայացումը։ Երբ բարձրացա բեմ, հանդիսատեսը ծափահարեց։ Հասկացա, որ սա իմ տեղն է։ Այդ օրվանից կամաց-կամաց սկսեցի փոխել կյանքս։ Մանսագիտությունս ինձ շատ է օգնում։ Վերաարժեքավորում եմ ամեն ինչ։
Խղճի խայթն ու չբարձրաձայնված բարեգործությունները
Իմ խղճով լինելը գալիս է մայրիկիցս։ Հայրս դաշտում և մի քանի այլ վայրում աշխատող, հաց տուն բերող մարդ էր։ Շատ դեպքերում մեր դաստիարակությամբ զբաղվելու ժամանակ չէր ունենում։ Ամեն ինչ շատ ծանր եմ տանում։ Տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց միանգամից արձագանքում եմ, բայց դրանց մասին չեմ բարձրաձայնում։ Շատ դեպքերում մարդիկ օգտվում են առիթից։ Վերջերս սկսել եմ լսվը վատից տարբերել։ Ամեն տեսածիս ու լսածիս չեմ հավատում։ Վերջերս կենդանիների նկատմամբ եմ շատ զգայուն։ Մեր շունը դեկտեմբերի 30-ին մահացել էր, հայրս թաղել էր, ինձ չէին ասել։ Հունվարի 1-ին գնացի, Լեսիի ձայնը չկար։ Այդ ժամանակ իմացա, որ սատկել է։ Բարձրացա պատշգամբ, լացեցի։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝