Logo

«Մրջյուն մարդը և Կրետը. Քվանտոմանիան» կինովարձույթում հայտնվելուց հետո առաջին հանգստյան օրերին վաստակել է 225 միլիոն դոլար

18:08 / 20.02.2023Պրեմիերա
null

Պեյթոն Ռիդի սուպերհերոսական բլոկբաստերը՝ «Մրջյուն մարդը և Կրետը. Քվանտոմանիան», որը դարձել է Marvel կինոտիեզերքի հինգերորդ փուլի առաջին գլուխը և ամբողջ ֆրանշիզի 31-րդ ֆիլմը, կինովարձույթում հայտնվելուց հետո առաջին հանգստյան օրերին վաստակել է 225 միլիոն դոլար․ 104 մլն դոլարը ֆիլմը հավաքել է Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանում, ևս 121 մլն դոլարը բերել են արտաքին շուկաները, հաղորդում է Collider-ը։

Ինչպես նշում է հրատարակությունը, ֆիլմի մեկնարկը դեռ համահունչ է ուրբաթ օրվա կանխատեսումներին, սակայն զիջում է նախնական հաշվարկներին, որոնց համաձայն՝ ֆիլմն առաջին շաբաթավերջին պետք է վաստակեր 255 մլն դոլար։

Միևնույն ժամանակ, ինչպես հիշեցնում է Collider-ը, Մրջյուն մարդու մասին նախորդ երկու ֆիլմերը հավաքել են ավելի քիչ, քան Marvel-ի մյուս թողարկումները (519 միլիոն դոլար և 622 միլիոն դոլար՝ համապատասխանաբար) և հանդիսատեսի կողմից չեն ընկալվել որպես խոշոր կինոիրադարձություններ։

Համաձայն «Մրջյուն մարդը և Կրետը. Քվանտոմանիա»-ի սյուժեի՝ սուպերհերոսներ Սքոթ Լենգը և Հոուփ վան Դայնն իրենց հարազատների հետ ուսումնասիրում են Քվանտային աշխարհը և բախվում նոր չարագործի հետ: Ֆիլմում նկարահանվել են Փոլ Ռադը, Էվանջելին Լիլին, Մայքլ Դուգլասը, Միշել Պֆայֆերը, Քեթրին Նյուտոնը և Ջոնաթան Մեյջորսը։

fastnews-ads-banner