Առաջին անգամ Մոնիկա Բելուչին էկրանին է հայտնվել 1990 թվականին և գրեթե 30 տարի նկարահանվում է ամենատարբեր ֆիլմերում՝ իտալական դասականներից մինչև ֆրանսիական արտ-հաուս և կուլտային բլոկբաստերներ: Այսօր Բելուչին դառնում է 58 տարեկան:
Այդ առիթով վերհիշել ենք դերասանուհու մասնակցությամբ լավագույն ֆիլմերից հինգը․
«Բնակարան», 1996 թվական
Ֆրանսիացի ռեժիսոր Ժիլ Միմունիի բնօրինակ սցենարով նկարահանած ժապավենն է, որն էլ սկիզբ դրեց Վենսան Կասելի և Մոնիկա Բելուչիի սիրային հարաբերություններին։ Ֆիլմը Մաքս (Կասել) անունով երիտասարդ հաջողակ գործարարի պատմության մասին է, որը երկու տարի Նյու Յորքում ապրելուց հետո պատրաստվում է ամուսնանալ և բնակվել Փարիզում։ Այնտեղ նա հանդիպում է իր նախկին սիրելիին՝ Լիզային (Բելուչի), որը խորհրդավոր կերպով պարբերաբար անհետանում է նրա կյանքից։ Միմունիի ֆիլմը բացահայտել է Մոնիկա Բելուչիի դերասանական ներուժը, նաև արժանացել BAFTA մրցանակի՝ «Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմի» համար:
1996 թվականին Բելուչին բոլորովին անփորձ դերասանուհի էր, մինչդեռ Կասելն արդեն հայտնի էր Ֆրանսիայում՝ «վատ տղայի» համբավով։ Տարբեր պատմություններ կան նրանց առաջին հանդիպման մասին. ինչ-որ մեկը ռոմանտիկ երանգներ է հաղորդում զույգի ծանոթության պատմությանը («Նրանք սիրահարվել են առաջին հայացքից»), մյուսն այլ բան է պատմում: Վենսանը, սակայն, խոստովանել է, որ առաջին հայացքից թշնամանքով էին տրամադրված իրար նկատմամբ։ Կասելը Մոնիկային համարում էր «դասական մոդելի օրինակ, որը փորձում էր ճեղքել դեպի կինո տանող ճանապարհը իր աչքի ընկնող կրծքերով», իսկ Մոնիկան Վենսանին համարում էր «ամբարտավանի մեկը»։ Այնուամենայնիվ, «Բնակարանի» սյուժեի հիմքում ընկած սիրային պատմությունը կապեց նաև դերասաններին. տեսախցիկի առաջ ընդամենը մի քանի համբույրը բավական էր, որպեսզի նրանց հակակրանքը վերածվեր համակրանքի:
«Դոբերման», 1997 թվական
Յան Կունենի նկարահանած սև քրեական դրաման Դոբերմանի (Կասել) հանցախմբի մասին է, որը սարսափի մեջ է պահում ամբողջ Փարիզը: Տեղի ոստիկանությունն այնքան է տարված այս անխիղճ ու դաժան հանցագործներին բռնելու գործով, որ հենց իրենք են խախտում օրենքը։ Խարիզմատիկ Դոբերմանի գլխավոր օգնականը գեղեցկուհի Նատալին է (Մոնիկա Բելուչի):
«Մալենա», 2000 թվական
Իտալացի ամենաանկեղծ ռեժիսոր Ջուզեպպե Տորնատորեն իր «Մալենա» ֆիլմում գլխավոր դերը տվել է Մոնիկա Բելուչիին՝ այսպիսով ընդմիշտ ապահովելով նրա՝ մեր ժամանակների ամենասեքսուալ կնոջ կարգավիճակը։ Դերասանուհին մարմնավորում է միջպատերազմյան Սիցիլիայի հարավային ափին գտնվող քաղաքի դպրոցի տնօրենի չափահաս դստերը: Նա տիպիկ սիցիլիական աղջիկ է՝ անկախ, վճռական և անչափ գեղեցիկ: Տեղացի դեռահասների համար Մալենան ցանկությունների, իսկ մնացած բոլորի համար՝ սկանդալային բամբասանքների օբյեկտ է։ Տորնատորեի ֆիլմը հաճախ համեմատում են Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդ» և «8½»-ի հետ՝ դեռահասների սեռական ֆանտազիաների պատճառով: Իհարկե, «Մալենան» ավելի պարզ պատմություն է, բայց Բելուչիին հաջողվում է այն ավելի գեղեցկացնել:
«Անշրջելիություն», 2000 թվական
Ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի նկարահանած ֆիլմը Փարիզում տեղի ունեցած բռնաբարության մասին է: Իրադարձությունը զարգանում է հակառակ ժամանակագրական հաջորդականությամբ: Հետաքրքիրն այն է, որ ռեժիսորը մինչև նկարահանումների սկսվելը ուներ սցենարի ընդամենը երեք էջ: Հետևաբար դերասանները ստիպված էին իմպրովիզացնել բոլոր երկխոսությունները։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 55-րդ կինոփառատոնի գլխավոր մրցույթում։ Ֆիլմն այնքան է ցնցել հանդիսատեսին, որ երկու հարյուրից ավելի մարդ լքել է դահլիճը, իսկ ոմանք նույնիսկ դժգոհել են վատ ինքնազգացողությունից։ Ամենը պայմանավորված է նրանով, որ ֆիլմի առաջին 30 րոպեն ուղեկցվում է 28 ՄՀց ցածր հաճախականությամբ ֆոնային աղմուկով: Այս ձայնը հաճախ տեղի է ունենում երկրաշարժերի ժամանակ և կարող է մարդկանց մոտ փսխում կամ գլխապտույտ առաջացնել:
«Քրիստոսի չարչարանքները», 2004
Մել Գիբսոնի ամերիկյան բիբլիական դրամատիկ ֆիլմն է: Ջեյմս Քևիզելը մարմնավորում է Հիսուսին, Մայա Մորգենշթերնը՝ Մարիամ Աստվածածնին, Մոնիկա Բելուչին՝ Մարիամ Մագդաղենացուն։ Սյուժեն հիմնականում ընդգրկում է Հիսուսի կյանքի վերջին ժամերը։
Ֆիլմը բևեռացված արձագանքների է արժանացել. որոշ քննադատներ այն անվանել են կրոնական դասական օրինակ, մյուսները կարծում են, որ ծայրահեղ բռնությունը շեղում է ուշադրությունը և պնդում, որ ֆիլմն անգիտակցաբար հակասեմիթիզմ է քարոզում:
Այնուամենայնիվ, ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի և համարվում է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտն ունեցող քրիստոնեական ֆիլմը: