Logo

Միրզոյանական մրցույթը կմեկնարկի մայիսի 12-ին

14:23 / 22.02.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 12-17-ը՝ Երևանում:

Մրզույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի կոմպոզիտորները:

Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

Միրզոյանական մրցույթը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն առավոտյան հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, որից հետո Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ելույթների հերթականության վիճակահանությունը:
Պատանի ստեղծագործողներն ավանդույթի համաձայն՝ կբաժանվեն տարիքային երկու խմբի, իսկ մրցույթը նախորդ տարվա պես, կանցկացվի երկու փուլով:

Մայիսի 13-ին՝ մրցութային առաջին փուլի շրջանակներում, Ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ), իսկ Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:

Մայիսի 15-ին՝ մրցութային երկրորդ փուլում, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. Կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ Ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն: Մրցութային երկու փուլերը կանցկացվեն Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում:

Մայիսի 17-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի Գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ և հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրների անունները: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:

🏆 Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի բացի առաջին մրցանակը զբաղեցրած մասնակիցներից, դրամական պարգևների կարժանանան նաև երկրորդ և երրորդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցները: Հատկանշական է, որ ավանդույթի համաձայն՝ դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Այս տարի լավագույն մասնակիցները, ի թիվս մյուս մրցանակների, հնարավորություն կստանան մեկ միասնական համերգի շրջանակներում ելույթ ունենալ Վանաձորում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. մայիսի 10-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով:

fastnews-ads-banner