Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ընդգրկված «Ամերիկացի» ֆիլմը հաղթել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում (Winner Best Film), հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի ռեժիսորն է Միքայել Գուրջյանը։
Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:
Ավելին կարող եք իմանալ այստեղ՝ https://ncca.am/hy/films/467-amerikatsi։
Ռեժիսոր և սցենարիստն է Միքայել Ա. Գուրջյանը, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը, նկարահանվել են Հովիկ Քէուչկերեանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, արտադրող ընկերությունն է People Of Ar Productions-ը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի «SALERNO» կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում։


