Ապրիլի 13-ին Անապայում կցուցադրվի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Ըստ Անապայի հայ համայնքի՝ ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսին կպատմեն ֆիլմի ստեղծման պատմությունը:
Հետաքրքիր փաստեր «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մասին
«Մեր մանկության տանգոն» նկարահանվել է 1984 թվականին: Ֆիլմը ինքնակենսագրական է ու պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։
Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։
Ալբերտ Մկրտչյանը խոստովանել է՝ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։
Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։
Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։
1985 թվականին Մինսկի համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի գեղարվեստական ֆիլմերի ծրագրում, Իսկ Գալյա Նովենցն արժանացել է մրցանակի և դիպլոմի՝ լավագույն կանացի դերի համար։ Ֆիլմում կերտած կերպարի համար Նովենցն արժանացել է նաև Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակին:


