«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, 2026 թվականին մեկնարկում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի հերթական փուլը։ Ծրագրի այս տարվա աշխարհագրական մեկնարկը տրվում է Արարատի մարզից, որտեղ ապրիլի 13-ից 18-ը կանցկացվեն մասնագիտական դասընթացներ՝ ուղղված մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների հմտությունների զարգացմանը։
Այս նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային կրթություն ստանալու ցանկություն ունեցող հաշմանդամություն ունեցող երեխաների թիվն աճում է, ինչն էլ թելադրում է մանկավարժների պատրաստվածության նոր մակարդակ։ Ծրագիրը կոչված է լրացնելու հենց այդ բացը՝ մասնակիցներին փոխանցելով անհրաժեշտ տեսական գիտելիքներ և պրակտիկ լուծումներ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հավասար և որակյալ կրթական միջավայր։
2026 թվականի ընթացքում ծրագիրը կընդգրկի ոչ միայն Արարատի մարզը, այլև Վայոց ձորը, Արմավիրը, Սյունիքն ու մայրաքաղաք Երևանը։ Տեսական և գործնական դասընթացների իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական դասալսումներին իրենց անմիջական մասնակցությունը կունենան ինչպես հայաստանյան 6 առաջատար մասնագետներ, այնպես էլ 3 փորձառու փորձագետներ արտերկրից։ Միջազգային փորձի և նոր մեթոդների ներգրավումը հնարավորություն կտա մեր մանկավարժներին ծանոթանալ ներառականության ոլորտի լավագույն փորձին և ստացած տեսական գիտելիքները կիրառել անմիջապես գործնական աշխատանքում։
Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվելու մասնագիտական քննարկումներին և «կլոր սեղանին», որտեղ շահառուները հնարավորություն կունենան առաջատար փորձագետների հետ քննարկել ոլորտի մարտահրավերները և ստանալ գործնական օգնություն։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելի քան 180 մանկավարժ շուրջ 20 ուսումնական հաստատություններից ձեռք կբերեն ներառական դասավանդման նոր կարողություններ՝ նպաստելով կարծրատիպերի վերացմանը և յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ներուժի լիարժեք բացահայտմանը։
«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի մշակութային կրթական համակարգի շարունակական զարգացման և բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին։


