Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:
Միրզոյանական մրցույթին այս տարի մասնակցում է 16 հայազգի պատանի ստեղծագործող Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից: Կրտսեր խմբում հանդես են եկել Ալեն Օգանեսովը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Ավետիսյանը, Էրիկ Ավագյանը, Հայկ Ջուլհակյանը, Նարեկ Դաինել Շուբինը, Վիլյամ Չիլինգարյանը, իսկ ավագ խմբում՝ Արեն Աբգարյանը, Գայանե Մխչյանը, Գարիկ Հարությունյանը, Էդգար Մխիթարյանը, Մարիա Հովսեփյանը, Սիրարփի Գաբրիելյանը, Սյուզաննա Աղամալյանը և Վիկտորյա Ուլիխանյանը:
Ժյուրին նախագահում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանան մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միրզոյանական մրցույթի գալա համերգին ելույթ կունենա նաև Սարյան երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ: Համերգը կվարի սիրված դերասան Արսեն Լևոնյանը։
Մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Երեխաները երեխաներին» ժողովածուում։ Հաղթողները կստանան դրամական պարգեւներ։ Դրամական պարգեւներ կստանան նաեւ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած ուսուցիչները:
Բոլոր մասնակիցները կստանան հատուկ 11-րդ մրցույթի համար պատրաստված անվանական գրիչներ, երկկողմանի տետրեր, կրծքանշաններ, ջրամաններ, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները` նաեւ գավաթներ, որոնց դիզայնի հիմքում այս տարվա տարբերանշանն է։
Գալա համերգի մուտքն ազատ է: