Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։ «Յոթ քողը» կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես երևանյան պրեմիերա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուրախությամբ ընդգծեց, որ վերջին տարիներին Երևանը հարուստ է մշակութային միջոցառումներով, որոնք մայրաքաղաքը լցնում են կյանքով և լավ բույրով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց՝ «Ոսկե ծիրանը» դարձել է երևանյան ամռան անբաժանելի մասը։ «Սա իրադարձություն է, որը չի սկսվում ու ավարտվում միայն այս օրերին: Կինոփառատոնի մասին խոսակցությունները սկսվում են շատ ավելի վաղ և շարունակվում են դրանից հետո՝ ցույց տալով փառատոնի կարևորությունը կինոարտադրության, կինոմշակույթի և, առհասարակ, մշակույթի համար»,- ասել է նախարարը։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ավանդական «Փարաջանովյան թալեր» հանձնեց Քևին Սփեյսիին։ Մինչև արտիստի բեմ բարձրանալը էկրանին ցուցադրվեցին հատվածներ նրա լավագույն ֆիլմերից: «Ինձ պատվելով՝ պատվում եք այն մարդկանց, որոնք նպաստել են այդ ֆիլմերի նկարահանմանը, որոնք գլխիվայր փոխել են իմ կյանքը»,- իր շնորհակալական խոսքում նշեց Սփեյսին:
Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կոնյակ հանձնեց Ատոմ Էգոյանին, որի «Արարատ» ֆիլմում նկարահանվել է Ազնավուրը։ «Երբ երեխա էի, լսում էի Ազնավուրի երգերը, որովհետև ծնողներս նրան շատ էին սիրում։ Ես շատ լարված էի, նյարդայնացած, երբ պետք է առաջին անգամ նրան հանդիպեի ու հրավիրեի իմ ֆիլմում խաղալու։ Հիշում եմ՝ Ազնավուրն ասաց, որ կարևորում է մեր պատմությունն արտասովոր ներկայացնելը, քանի որ մեր պատմությունն ինքնին արտասովոր է», - հայտարարեց Էգոյանը:

Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակն էլ շնորհվեց փառատոնի աստղային հյուրին՝ կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսիին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին՝ կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։ Ելույթներից և «Փարաջանովյան թալերի» հանձնումից հետո փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և Կարեն Ավետիսյանը ազդարարեցին 21-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը։


