Logo

Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2025»-ը

17:47 / 24.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» ցուցահանդեսով հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ազդարարվեց Երևանի նորաձևության շաբաթվա պաշտոնական մեկնարկը։

Դիզայներները նախապես այցելել են պատկերասրահ, ուսումնասիրել ցուցանմուշները և ոգեշնչվելով՝ ստեղծել նորաձևության յուրօրինակ նմուշներ, որոնք ներկայացվում են հանրությանը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ կանցկացվեն նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների, Սերգեյ Փարաջանովի և Ռուսական արվեստի թանգարաններում:

Յուրաքանչյուր թանգարան հանդես է գալու ինքնատիպ ցուցադրությամբ՝ բացահայտելով նորաձևության և կերպարվեստի, ավանդույթի և նորարարության փոխկապակցվածությունը։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են Հայաստանից և սփյուռքից 30 դիզայներների աշխատանքներ՝ ոգեշնչված թանգարանային հավաքածուում պահվող արվեստի գործերից։ Դիզայներների կողմից ստեղծված հագուստները և աքսեսուսարները կհամադրվեն թանգարաններում ցուցադրվող թանգարանային նմուշների հետ և կներկայացվեն հատուկ թանգարանային մանեկենների վրա։

Ծրագրի նպատակն է թանգարանային միջավայրում նորաձևության և արվեստի համադրության միջոցով ստեղծել նոր գեղարվեստական հարթակ, որտեղ Հայաստանի և Սփյուռքի դիզայներները կկարողանան ներկայացնել ժամանակակից մեկնաբանություններ՝ հիմնված թանգարանների հավաքածուի վրա։

Հիշեցնենք, որ ցուցադրությունները կգործեն շուրջ 1 ամիս։

fastnews-ads-banner