Logo

«Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը ՝«Ֆաջր» փառատոնում և իրանցի թատերագետի նամակը

20:49 / 01.02.2025Լուրեր
null

Հունվարի 26-ից 31-ը Վանաձորի դրամատիկական թատրոնը մասնակցել է «Ֆաջր» թատերական փառատոնին։ Իրանում կայացած փառատոնին մերոնք ներկայացել են Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի բեմադրությամբ, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Դերասանները ելույթ են ունեցել 3 անգամ, մեկը՝ ժյուրիի համար։

Փառատոնին ներկա էին Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, դեսպանատան աշխատակիցներ, Հայ մարզամշակութային «Նաիրի» միության վարչության նախագահ Սերոժ Օհանյանը, նրա տիկին Կլարա Աղախանյանը, թատերագետներ Խոսրով Խոջավյանն ու Նավիդ Սաֆարյանը։ Նրանց խոսքով՝ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը պետք էր «Ֆաջր» փառատոնի խաղացանկին, քանի որ այն իր գեղագիտությամբ առանձնանում է մնացած ներկայացումներից։ Հյուրերին տպավորել էր դերասանների տաղանդը։ Նրանց ուշադրությունը գրավել էր ներկայացման բարձրակարգ ռեժիսուրան ( ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան) և երաժշտական ձևավորումը (Սեդրակ Զարգարյան)։

Աբելյանցիները հյուրընկալվել են Թեհրանի Դրամատիկ արվեստի կենտրոնում։ Նախագահ Աթաբեկ Նադարին, կարևորելով երկու երկրների մշակութային երկխոսությունը, շնորհակալություն է հայտնել, պատվոգրեր ու նվերներ հանձնել խմբի անդամներին։

Ըստ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի՝ այս ներկայացումը, որտեղ պատկերված է մեկ մարդու, մեկ գերդաստանի, մեկ ազգի ցեղասպանված անցյալ, այսօր համամարդկային արժեք ունի, որովհետև ժամանակակից աշխարհում փոթորկված փոխհարաբերությունների մեջ քիչ չեն ազգերի ու առանձին մարդկանց կործանվող ճակատագրերը։

Աբելյանցիները փառատոնին նվիրեցին Հովհաննես Աբելյանի 150֊ամյա հոբելյանական հուշամեդալը, թատրոնի տարեգրությունը ամբողջացնող պատկերագիրք, շնորհակալանքի ուղերձ, հայկական կարպետի փոքրիկ մի նմուշ և Հայոց մանրանկար այբուբենը (Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանքներից)։

Թատրոնի աշխատակիցներին բաց նամակ է գրել իրանցի թատերագետ Նավիդ Սաֆարյանը։

«Ողջույն ձեզ, Փարաջանովի արժանի զավակներ և Ստանիսլավսկու ժառանգներ։ Այս նամակը գրում եմ մեծ սիրով և հարգանքով՝ ձեզ հետ կիսելու իմ տպավորությունները։ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը ինձ ամբողջովին տպավորեց ոչ թե այն պատճառով, որ կատարյալ էր, այլ որովհետև զգացի՝ ինչպես եմ նստած Մոսկվայի թատրոնում և դիտում Չեխովի բեմադրություններից մեկը՝ Ստանիսլավսկու և նրա ժամանակակիցների խաղով։ Դուք, կարծես, պատմությունից դուրս եկած լինեիք։ Մյուս կողմից՝ թվում էր՝ դիտում եմ Փարաջանովի նոր գործը՝ գեղեցիկ ու խորհրդավոր խորհրդանիշներով լի մի պոեզիա։
Ես չգիտեմ հայերեն, որևէ բառ, բայց մի ներկայացում, որը կարողանում է մեկ ժամ ինձ ամբողջովին կլանել՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում հերոսները և որն է պատմությունը, միայն դերասանների շարժումների շնորհիվ ընկալելով բեմադրության էությունը, իսկապես մեծ ձեռքբերում է։ Ռիթմը, բեմական հավասարակշռությունը, շարժումների ներդաշնակությունը, դերասանական ամբողջական խաղը, հայկական մշակույթի խորհրդանիշների օգտագործումը, հին բանաստեղծությունների ներառումը, որոնք հոգուն խաղաղություն էին պարգևում, բեմի ստեղծագործական ձևավորումը և բեմադրիչի վարպետությունը այս ներկայացման ուժեղ կողմերն էին», - նշել է թատերագետը։

fastnews-ads-banner