ԱՄՆ-ում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։ Ցուցադրությանը ներկա էր ինչպես ֆիլմի գլխավոր դերակատար, սցենարիստ և ռեժիսոր Աննա Մաքսիմը, այնպես էլ Նազիկ Ավդալյանը։ Լոսանջելեսյան չորրորդ ցուցադրությունից հետո այնտեղ ապրող հայտնիները կիսել են իրենց կարծիքը ֆիլմի վերաբերյալ։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասանուհի Շողեր Գրիգորյանի համար ֆիլմն ուներ ամեն ինչ չհանձնվելու համար։ «Երեկ կինո էր, տոն էր, ազգային արժանապատվության բարձր զգացում էր, Հայաստան էր, հաղթանակ էր... Ֆիլմում կար ամեն բան հասկանալու, որ հանձնվել չկա։ Եթե Աստված մարդուն սխրանք գործելու շնորհ է տվել, ուրեմն ճանապարհներն էլ կլինեն, ուրեմն պիտի մտնես այդ առաքելության մեջ ու հաղթես…Ան ջան, մի Նազիկ էլ դու ես։ Կինոյի այս ծանրաձողը, որ դու բարձրացրիր՝ որպես դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, իսկապես մեծ քաջություն ու սխրանք է։ Դու էլ քո հերոսուհու նման վա բանկի գնացիր, քեզնից ծանրն ու անհնարինը հնարավոր դարձրիր։ Ու դու դա արել ես քեզ հատուկ էսթետիկայով, նրբությամբ ու ճաշակով», - գրել է Շողերը։
Ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր և լրագրող Արա Ղազարյանն էլ ֆիլմի հաջողության գաղտնիքը համարում է հուզականությունը, ճաշակով, անվախ ու ազնիվ արված աշխատանքը։ «Ֆիլմի դիտման ժամանակ իմ համար հերթական անգամ ակնհայտ դարձավ մի կարևոր ու պարզ ճշմարտություն. մենք կարոտել ենք հաղթանակների ոսկե ժամանակները։ Մենք հերոսներ ու հաղթանակներ ենք փնտրում։ Եվ երբ գեղարվեստական ֆիլմում 4-5 վայրկյան հնչում է Հայաստանի օհներգը, կինոդիտման մութ դահլիճում բոլորը ոտքի են կանգնում: Ֆիլմի ստեղծողներին՝ հատկապես Աննա Հարությունյանին և իրական հերոսուհուն՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին հոտնկայս ծափահարող դահլիճը՝ կարոտած հաղթնակներին, որակյալ ֆիլմերին ու իրական հերոսապատումներին՝ երջանիկ էր, քանզի ազգային արժանապատվության և գիտակցության հրաշք պահեր ապրեց, հուզվեց, առանց ամաչելու արտասվեց ու մաքրված գնաց տուն: Կեցցեք», - գրել է հաղորդավարը։
Լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն էլ փաստել է՝ ֆիլմի ցուցադրությանը հանդիսատեսը ծափահարում էր անդադար ու հոտնկայս: «Ֆիլմի հեղինակը՝ Աննա Հարությունյանն ու հերոսուհին՝ Նազիկ Ավդալյանը «հաղթել» էին իրենք իրենց: Աննան, որովհետև սեփական անկումային ծանր ճգնաժամից հետո ստեղծել էր արվեստի գործ, որ հաջորդ տասնամյակներում էլ կպատմի սպորտի հայ չեմպոնի հերոսական պատմությունը: Երբ շատերը մոխրանում են, քչերն են վեր հառնում հետո: Աննան դա արեց արվեստի լեզվով, չվախեցավ: Նազիկը հաղթեց ինքն իրեն, քանի որ թույլ տվեց էկրանավորել սեփական «փակ», անձնական պատմությունը, անգամ ամուսնու հետ հարաբերությունները։ Բոլոր հաշվարկներով նա պետք է, որ դա չաներ, բայց արեց ու չսխալվեց: Ֆիլմը հաղթած ֆիլմ է, որովհետև հենց հիմա մեզ պետք են հերոսներ ու հաղթանակներ»,- գրել է Մհերը:
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը ևս ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը։ «Չեմ կարող հիշել՝ երբ է վերջին անգամ ֆիլմը այսքան ուժեղ սեղմել սիրտս՝ իր յուրաքանչյուր տեսարանով առաջացնելով զգացմունքների տեղատարափ և հպարտության արցունքներ: Նազիկի անցած ճանապարհը վկայում է մարդկային ոգու տոկունության և նրա ցուցաբերած վճռական ուժի մասին: Այս ֆիլմը նաև բացահայտում է կին լինելու նրբությունները․ և այն սահմանափակումները, որոնք հասարակությունը հաճախ փորձում է պարտադրել մեզ: Մենք պետք է հաղթահարենք այդ սահմանները և իրականացնենք մեր երազանքները։ Այս գլուխգործոցն արժանի է միջազգային բեմի և թարգմանությունների՝ ամբողջ աշխարհի հանդիսատեսի համար», - կարծում է Գլենդելի քաղաքապետը: