Մայիսի 24-26-ը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Պրահայի տարբեր հատվածներում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։ Հայկական մշակութային օրերի ընթացքում կներկայացվեն հայերի ավանդական հագուստը և հայ ժամանակակից նկարիչների կտավները: Կկայանա նաև ժողովրդական համերգ:

«Հայկական տարազ և գեղանկարներ» խորագրով ցուցադրության ընթացքում կներկայացվեն Տերյան մշակութային կենտրոնի նմուշները։ Կցուցադրվեն նաև հայ նկարիչներ Հրաչյա Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Պետրոսյանի, Գևորգ Սարգսյանի (Ճալա/ Djala), Վահագն Համալբաշյանի, Լևոն Ֆլջյանի, Գագիկ Չթչյանի, Մոկո Խաչատրյանի և Հրանտ Հարությունյանի նկարները։
Մայիսի 26-ին Պրահայի Հայ առաքելական եկեղեցում կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Կանցկացվեն նաև հայկական մշակույթի վերաբերյալ դասախոսություններ։ Մայիսի 25-ին Ֆրանսիական ինստիտուտի տարածքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

