Logo

Մատենադարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիան

23:30 / 04.11.2024Լուրեր
null

Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացումը։ Այն, միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի հավաքածուին ծանոթացնելուց բացի, հնարավորություն է տալիս մասնակցելու ձեռագրերում առկա բաղադրատոմսերին և առաջարկություններին համապատասխան մի քանի ապրանքատեսակների ստեղծման գործնական ընթացքին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մատենադարանում լաբորատորիաների բացումը դարձել է ավանդույթ, ինչն ուղղակիորեն նպաստում է կառույցի արագ զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը: «Նման ծրագրերն ընդգծում են Հայաստանում գիտության կարևորությունը և խթանում են զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ձեռնարկատիրության զարգացմանը։ Լավ ավանդույթ է դարձել ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև գործակցությունը մշակույթի ոլորտում, ինչի վկայությունն է «Կատապուլտ» ծրագիրը: Լիահույս ենք, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, քանի որ անելիքները շատ են»,-ասել է Ալֆրեդ Քոչարյանը։ 

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է հայկական մշակութային ժառանգության պահպանումը՝ որպես համաշխարհային ժառանգության մաս: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ներգրավելու փորձագետների, որոնք կոգեշնչվեն հայկական մշակույթով և կաջակցեն, որպեսզի նորարար եղանակներով գալիք սերնդին փոխանցվի հարուստ ժառանգությունը։ ԵՄ-ն հետայսու ևս կստեղծի նոր հնարավորություններ, որոնք միտված կլինեն Հայաստանի տնտեսական զարգացմանն ու նրա քաղաքացիների բարօրությանը։

Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանն ընդգծել է, որ առաջին անգամ այցելուների համար լիարժեք բացահայտվելու է մի ամբողջ մշակութային շերտ, այն է՝ ձեռագրերի ստեղծման պատմությունը, մատյանների կազմությունը և «ձեռագրի անատոմիան»։ Այցելուները, ըստ Խզմալյանի, հնարավորություն կունենան առնչվելու ձեռագրագիտության և բժշկագիտության՝ դարերով կուտակած փորձին, աշխարհի յուրատեսակ մի ընկալման, որտեղ մարդկային ոգու և մարմնի առողջությունն անջատ չէ արվեստից և տիեզերական իրողություններից։ Նա նաև նշել է՝ շուտով Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերի թիվը կհատի մեկ տասնյակը, և այդ շարքում իր առանձնահատուկ տեղն ունի հայ միջնադարյան հմտությունների, արհեստների և արվեստների լաբորատորիան:

fastnews-ads-banner