Logo

«Մարտինը դեմ էր, որ Լեոն երկրորդ անգամ մասնակցի նախընտրական փուլին»․ Հռիփսիմե Հակոբյան

23:15 / 01.11.2024Լուրեր
null

«Fast News Culture»-ն արդեն տեղեկացրել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի Լեոն։ Մեր պատվիրակը և նրա մայրը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, «Հանրային հեռուստաընկերության» եթերում խոսել են մրցույթի մասին։ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին մասնակցել է նաև նախորդ տարվա նախընտրական փուլին, սակայն ժյուրին նրան չի ընտրել։ «Մարտինը դեմ էր, որ այս տարի ևս Լեոն մասնակցի նախընտրական փուլին։ Բայց ինքը շատ էր ուզում։ Որոշեցինք՝ այս անգամ էլ փորձել։ Մտածում էինք՝ մեր գործոնը կարող է խանգարել։ Այսինքն, երբ ժյուրին իմանա մեր տղան է, հնարավոր է՝ չընտրի, բայց ամեն դեպքում դիմեցինք», - անկեղծացել է Հռիփսիմեն։

Մասնակցության հայտը լրացնելուց հետո Լեոն մայրիկին ասել է․ «Եթե այս տարի էլ ինձ չընտրեցին, այլևս չհամոզեք, որ երգեմ։ Եթե չեն ընտրում, ուրեմն լավ չեմ երգում»։

Լեոն դպրոց էր գնում Երևանում։ Այս տարի ծնողները որոշել են որդուն տեղափոխել ԱՄՆ։ Այնտեղ էլ իմացել են սպասված տեղեկությունը։ «Առավոտյան Լեոյին տարել էինք դպրոց։ Հետո իմացանք լուրը։ Ես ու Մարտինը օդում սավառնում էինք, փողոցում քայլում էինք և ոչ ոքի չէինք նկատում։ Շատ հուզված էինք։ Մինչև պաշտոնական հայտարարությունը իրավունք չունեինք ոչ ոքի ասել այդ մասին։ Լեոն էլ շատ էմոցիոնալ է։ Չգիտեինք ասե՞լ, թե՞ ոչ», - վերհիշել է երգչուհին։

Հայաստանի պատվիրակը խոստովանել է, որ շատ է սիրում նաև ֆուտբոլ։ Լեոն որոշել էր՝ եթե այս տարի էլ չհաղթահարի նախընտրական փուլը, ճանապարհը կշարունակի ֆուտբոլով։ Սակայն երգը այստեղ ևս հաղթեց։ «Մինչև բեմ բարձրանալը հնարավոր է հուզվեմ, բայց բեմում այնքան հանգիստ եմ։ Կարծես ոչինչ չի պատահել», - նշել է 10-ամյա Լեոն։

fastnews-ads-banner