Բալետի շարքի հարցազրույցներում մենք սովորաբար ներկայացրել ենք արտիստների, նրանց դերերը, ձեռքբերումները, հաղթանակներն ու ապագայի նպատակները: Սակայն միշտ չէ, որ բալետի աշխարհը նույնքան գեղեցիկ է, որքան բեմի վրա: Կուլիսներից այն կողմ դաժան մրցակցություն է, ծանր փորձեր, հոգեբանական ճնշումներ, որոնց դիմակայելու համար պետք է ունենալ ուժեղ բնավորություն, այլապես կկոտրվես ու ոչ մի արդյունքի չես հասնի:
Այսօրվա հարցազրույցը ոչ թե բալետային հաջողությունների, այլ ձախողումների մասին է: VNews Culture-ի հետ զրույցում բալետային թատերախմբի պարուհի Մարիամ Գարաջյանն անկեղծորեն պատմել է, թե ինչպես է նուրբ ու փխրուն բնավորությամբ մարդը բալետում կոտրվում:
Մարիամ, ինչո՞ւ ընտրեցիք բալետը:
-Իմ որոշումը չի եղել, մայրիկս է որոշել, սկզբում չէի էլ հասկանում՝ ո՞ւր եմ գնում, ինչի՞ համար, ուղղակի մամայի հետևից գնում էի: Մայրիկս մանկապարտեզում դաստիարակչուհի էր, ու ես էլ բոլոր ներկայացումներում, բոլոր պարերի ժամանակ առաջին շարքում էի, ու դեռ մանկապարտեզի տարիքից բոլորը խորհուրդ էին տալիս, որ անպայման պարով զբաղվեի, քանի որ շատ աշխույժ էի, համաչափ պարում էի ու նաև լավ լսողություն ունեի: Հինգ տարեկանից գնացել եմ Պարարվեստի պետական ուսումնարանին կից նախակրթարան, հետո արդեն ընդունվել եմ ուսումնարան: Ես այն երջանիկներից եմ, որին Թերեզա Գրիգորյանն է ստուգել ու ասել, որ տվյալներս լավն են: Ստուդիայից հետո, ութ, թե ինը տարեկան էի, վերջնական զննումն էր, մեր ստուդիայում 30 հոգի կար, բայց միայն երկուսիս անցկացրին դպրոց: Այդ ժամանակ էլ ասացին, որ իմ տվյալները շատ լավն են, բայց ունեմ գիրանալու հակում: Ու երևի հետո նրան, ինչին չեմ հասել իմ կյանքում, ես այսօր ոչ մեկին չեմ մեղադրում, ես այդ կամքի ուժը չեմ ունեցել, որ նախ հասնեմ այն քաշին, որ բալետը պահանջում է, հետո չկոտրվեմ ու պայքարեմ իմ նպատակների համար:
Բալետի արտիստների քաշի մասին լեգենդներ կան, որքա՞ն պետք է լինի բալետի արտիստի քաշը:
-Որքան որ հասակն է, դրանից պետք է 20 կգ հանես: Իմ հասակը 1.68 սմ է, դա նշանակում է, որ քաշս պետք է լինի առավելագույնը 48 կգ: Երկար ժամանակ դա խնդիր էր, հատկապես թատրոնում աշխատելու տարիներին, բայց հետո պարզվեց, որ անհրաժեշտ քաշ պահելն այդքան էլ բարդ չէ, նախ պետք է ունենաս մոտիվացիա, հետո հրաժարվես քաղցրից ու հացից: Հիմա ես 47 կգ եմ, ու մի քանի տարի առաջ ես ուղղակի կերազեի այդ քաշն ունենալու մասին:
Հիմա ո՞նց ես քաշը պահում:
Շոկոլադ չուտելով: Ես պաշտում էի շոկոլադը: Բայց հիմա բալետն ավելի շատ եմ սիրում, քան շոկոլադն ու խմորեղենը:
Առաջ չէի՞ր սիրում բալետը:
-Չգիտեմ, երևի եթե բալետը սիրեի այնպես, ինչպես մեր մենակատարներն են սիրում, ես կհասնեի շատ ավելի մեծ բարձունքների: Ժամանակին ես բալետի համար ամեն ինչի պատրաստ չեմ եղել, թեպետ Աստված ինձ տվել է այդ տվյալները, ու դրա համար էլ այսօր ունեմ միայն կորցրած հնարավորություններ:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ այդքան էլ չես սիրել բալետը:
-Ինձ մոտ շատ վաղուց կուտակվել է այս ամենը, ու ես շատ ուրախ եմ, որ ինձ ներառեցիք ձեր շարքում, ու ես կկարողանամ պատմել ու թեթևանալ, թեպետ սա իմ կյանքի առաջին հարցազրույցն է, որոշել եմ լինել շատ անկեղծ ու պատմել ամեն ինչ:
Իմ կյանքն ու կարիերան բաժանվել է երկու փուլի՝ մինչ ամուսնությունն ու ամուսնությունից հետո: Այդ երկու Մարիամները երկու տարբեր մարդիկ են, ու ես, անկեղծ ասած, ներկայիս Մարիամին շատ եմ սիրում (Ծիծաղում է - Հեղ․): Ես ամուսնացել եմ երկու տարի առաջ: Ամուսինս շեփորահար է ու տեսնելով նրան, թե որքան է ձգտում, որքան է տանը պարապում ու ինչպես է հասնում իր նպատակներին, ես ուղղակի հասկացա, թե որքան սխալ եմ եղել: Ինձ մոտ նախանձ առաջացավ: Անընդհատ մտածում էի՝ «մի՞թե ես չեմ կարող, մի՞թե ես կամքի ուժ չունեմ, մի՞թե ես չեմ կարող ինձ հավաքել, աշխատել ու նույնպես հասնել բարձունքների: Ինչո՞ւ պետք է իմ մասնագիտությունում ես լինեմ միջին, միջինից ցածր, երբ ունեմ բավական լավ տվյալներ: Ինչո՞ւ իմ ամուսինը պետք է գա դահլիճ ու բեմում վերջին գծում փնտրի, թե որտեղ է կանգնած իր կինը: Կարելի է ասել՝ ամուսինս իմ մոտիվացիան է եղել, որ ես ինքս ինձ հավաքեմ, ինձ սիրեմ, գնահատեմ իմ մասնագիտությունը: Ուզում էի հավասարվել ամուսնուս, ես էլ էի ուզում իր պես տաղանդավոր լինել, ես էլ էի ուզում, որ ինձ գովեն, գնահատեն ու այդպես մոտիվացիան նորից եկավ: Կամքի ուժը հետ եկավ, ինձ ստիպեցի, որ պետք է նիհարեմ, ու նիհարեցի վեց կիլոգրամ:
Նոր քաշը քեզ տվե՞ց մոտիվացիա:
-Ես հասկացա, որ կարող եմ: Ինձ այնքան էին ասել, որ «չեմ կարող», որ ինքս արդեն հավատում էի, որ ոչնչի ընդունակ չեմ: Ես ուշ եմ հասել ինչ-որ փոքր հաջողությունների, ու հիմա ոչ ոքի չեմ մեղադրում:
Մենք ունենք փորձավար՝ Սոնա Առուստամյանը, որն ինձ շատ է օգնել, շատ է մոտիվացրել: Վերջին մեկ տարում շատ ենք առանձին փորձեր արել: Նա շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Եղել են օրեր, որ տասը ժամից ավելի պարապել եմ, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ:
Ճի՞շտ եմ հասկանում, որ ինչ որ պահից կորցրել ես ինքնավստահությունդ:
-Այո, երկար տարիներ ես ինձ չեմ սիրել, ու ամուսինս ինձ օգնեց, որ ինձ սիրեմ: Երբ հասկացա, որ «կարող եմ», իմ մեջ ինքնավստահությունը հետ եկավ: Սարսափելի է, երբ կորցնում ես ինքնավստահությունդ, հավատդ ու նորից պետք է մտնես նույն գետը, ու չգիտես՝ ինչ կլինի: Գուցե դու թևեր առնես, բայց քեզ նորից կոտրեն: Բայց մեզ հետ դեպքեր են պատահում, որոնք փոխում են մեր կյանքը: Այս լուսանկարն իմ դիմահարդարման սենյակում միշտ փակցված է, որ հիշեմ, թե ինչի եմ հասել: Նախորդ տարի եկավ մի պահ, որ ինքնավստահությունս այնքան բարձրացավ, որ որոշեցի՝ պետք է նաև դրսում պարեմ: Ընկերուհուս՝ Կարինա Շիկանյանի հետ World Ballet Series-ին դիմեցինք ու մեզ ընդունեցին: ԱՄՆ-ում 31 նահանգի 52 քաղաքում մենք պարել ենք «Կարապի լիճ» ներկայացումը: Կորդեբալետում եմ պարել, բայց գիտե՞ք դա ինչ երջանկություն էր: Խմբում ռուսներ, ուկրաինացիներ, ճապոնացիներ կային: Ներկայացման մեջ երկրորդ ակտում էլ «Իսպանական պար»-ն եմ պարել, ու ես զարմացել էի, որ ինձ ներառել էին սև կարապների կազմում: Մտքումս ասում էի՝ «ախր, բոլորը գեղեցիկ ու սլացիկ են, ո՞նց են ինձ ներառել»: Ես ինձ այդ ժամանակ գեղեցիկ ու սլացիկ չէի համարում (Կիսահուզված, կիսալացելով ծիծաղում է - Հեղ․): «Կարապի լճից» հետո էլ լիքը բան փոխվեց իմ կյանքում: Երբ դու քեզ զգում ես «ոչ մի բան», հետո պարզվում է, որ դու իրականում արժանիքներ ունես: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ ամիսները որպես կյանքի լուսավոր մի կետ:
Հետո, երբ վերադարձար Երևան․․․
-Երևանում արդեն նախկին Մարիամից ոչինչ չէր մնացել: Սոնա Առուստամյանի հետ շարունակեցինք պարապմունքները, ու ինձ առաջարկեցին «Մարդուկ Ջարդուկ» ներկայացման մեջ Փերիի կերպարը: Դա միակ հաջողությունն է, որ ես այսօր ունեմ: Ես այնքան երջանիկ էի, որ այդ դերն ինձ առաջարկեցին: Առաջին ներկայացման ժամանակ ձեռքերս դողում էին, չէի հավատում, որ դա ինձ հետ է կատարվում ու որ ես բեմում մենապար եմ պարելու, կենտրոնում եմ կանգնելու: Այս տարիների ընթացքում ես այնքան շատ հնարավորություններ եմ բաց թողել, որ չեմ կարողացել կենտրոնանալ բալետի վրա: Ես եկել եմ փորձերի կոտրված ու առանց մոտիվացիայի, եկել եմ՝ իմանալով, որ պետք է պատի տակ կանգնեմ: Ես կոտրվել եմ ու հետո վերջին երկու տարում փշուրներս հավաքել, կպցրել իրար:
Քեզ Պարարվեստի ուսումնարանո՞ւմ են կոտրել:
-Չէ, ինձ ուսումնարանում չեն կոտրել, ես այնտեղ երբեք դժվարություն չեմ տեսել, դժվարությունները եղել են հետո:
Թատրոնո՞ւմ։
-Այո:
Քանի՞ անգամ ես մոտ եղել այն պահին, որ ասես՝ վե՛րջ, էլ չեմ ուզում պարել, գնում եմ:
-Անկեղծ եմ ասում, շատ է եղել: Բազմիցս ասել եմ՝ էլ չեմ ուզում, ինքս ինձ ասել եմ՝ ինչո՞ւ եմ ընտրել այս մասնագիտությունը: Հետո հանդերձարանում նստել եմ, հանգստացել ու շարունակել եմ պարապել: Շատ է եղել, որ փորձերին լաց եմ եղել: Ես մի քիչ նեղացկոտ բնավորություն ունեի ու շատ շուտ էի կոտրվում: Ես ընդհանրապես կոփված չէի ու շատ շուտ ազդվում էի: Իմ խաղընկերներից Տաթևիկ Բոլշիկյանն ինձ վրա շատ է ազդել, որ ես կոփվեմ ու կամքի ուժ ձեռք բերեմ:
Փորձավարներն ինձ շատ էին լացացնում ու ավելի տարիքով մեծ աղջիկներն ասում էին, որ դա նորմալ է, որ այդ «դպրոցով» բոլորն էլ անցել են: Ուղղակի այստեղ բնավորության հարց է, ես շատ փխրուն եմ ու շուտ եմ կոտրվում: Ես հոգեբանորեն պատրաստ չէի այդ «դպրոցին»:
Որ լացում էիր, հանգստանո՞ւմ էիր:
-Հա, շատ, ես չափից դուրս զգացմունքային մարդ եմ, ամեն ինչ սրտիս մոտ էի ընդունում ու չափից դուրս շուտ էի կոտրվում: Իմ զգացմունքային լինելն ու շուտ կոտրվելն է ինձ խանգարել բալետում հասնել հաջողությունների: Շատ ծանր եմ տանում, որ ինչ-որ բան չի ստացվում, բարկանում եմ ինձ վրա: Հիմա, երբ ինչ-որ բան չի ստացվում, ամեն ինչ անում եմ, պարապում եմ այնքան, որ ստացվի: Իսկ առաջ ինձ համար միևնույն էր՝ կստացվի, թե ոչ: Այսօր երկու տարի առաջվա Մարիամից ոչ մի բան չի մնացել: Երևի մեծացել եմ, հասունացել եմ, կոփվել: Կյանքն ու թատրոնի միջավայրը ինձ ստիպեց մեծանալ ու ուժեղանալ: Ես իմ կյանքում, մինչև թատրոն գալը, երբեք որևէ խնդիր չեմ տեսել, իսկ թատրոնում ամեն ինչ այլ է, հոգեբանական ճնշումն ահռելի է:
Հիմա քեզ կարո՞ղ են լացացնել:
-Զգացմունքային մարդը չի փոխվում, բայց հիմա եթե ինձ նկատողություն անեն, վիրավորեն, ես չեմ լացի: Այդքան մեծացել եմ (Ծիծաղում է - Հեղ․): Ես կփորձեմ ամեն ինչ անել, որ ստացվի իմ պարը: Ես հիմա կկարողանամ ինձ պաշտպանել:
Մարիամ Գարաջյանը՝ «Կարապի լիճ» բալետում
Երբ նայում ես թատրոնում այն արտիստներին, որոնք քեզանից տարիքով փոքր են, բայց արդեն գլխավոր դերեր են կատարում, ի՞նչ ես զգում:
-Այսօրվա Մարիամի համար նրանք մոտիվացիա են: Մի անգամ Անահիտ Վասիլյանին ասացի, որ ինձ մոտիվացնում է: Ես տեսա, որ հնարավոր է, որ տաղանդավոր աղջկան, որ տարիքով դեռ շատ փոքր է, որ նոր է ընդունվել թատրոն, տեսնեն ու թողնեն, որ ինքը վերև բարձրանա, չխանգարեն: Իսկ, երբ ես ընդունվեցի թատրոն, այդ ժամանակ այսպես չէր, ու թատրոնում ամեն ինչ չէր, որ ճիշտ էր: Երիտասարդ պարողներին չէին թողնում առաջ գնալ: Մեզ ասում էին, որ պետք է պատի տակ կանգնես, սպասես քո ժամանակին ու հարց էր՝ այդ ժամանակը երբևէ կգա, թե ոչ: Նույնիսկ կորդեբալետում կային հատվածներ, որ չէին թողնում անգամ նայեիր, ուր մնաց՝ փորձեիր: Մի անգամ այնպես եղավ, որ ես ինչ-որ հատված փորձեցի, բայց կորդեբալետի փորձավարն ասաց` «Քեզ ասե՞լ են, որ դու դա սովորես: Քեզ ինչ ասել են, դու միայն դա պարիր: Ավել բաներ մի՛ արա»: Մտածելակերպն այդպես էր:
«Դոն Քիշոտ» բալետ
Կա նման միֆ, որ բալետի աշխարհում, բոլոր թատրոններում, մենակատարները, առաջատար մենակատարները միշտ վատ են վերաբերվում նորեկներին:
-Առաջատար մենակատարները․․․ (Ծիծաղում է - Հեղ): Ցավոտ թեմա է: Անուններ չեմ նշի, միայն կասեմ, որ որոշ մենակատարներ իսկապես շատ վատ էին վերաբերվում նորեկներին ու հատկապես ինձ․ ասում էին՝ նման ավանդույթներ կան, որ պետք է այդպես լինի: Հիմա բոլորին սիրում ու հարգում եմ, բայց այդ բոլոր պատմությունները, վերաբերմունքը, արհամարհանքը, անտարբերությունն ինձ շատ է կոտրել: Ամեն մի նոր պատմությունից հետո, ես ինձանից մի կտոր եմ կորցրել:
Ո՞ր պահին հասկացար, որ հիասթափվել ես բալետից:
-Ուսումնարանից հետո, երբ ոտք դրեցի թատրոն: Ես մեր դասարանի առաջատարներից էի, լավ պարողներից: Դպրոցում ամեն ինչ պարել եմ, ահագին բան եմ փորձել ու ունեի շատ լավ տվյալներ, ու իմ ուսուցիչներն էլ ինձ հետ ահագին հույսեր էին կապում: Բայց, երբ ոտք ես դնում թատրոն, քեզ ասում են, որ դու պետք է ընդամենը քո տեղում կանգնես, երկար ժամանակ ոչինչ չանես ու կողքից ուղղակի հետևես, որ «չես կարող», որ «չպետք է անես»: Միջավայրն այնքան հիասթափեցնող է: Շատ բաներ տեսա ու ապրեցի, որոնք ինձ հիասթափեցրին: Ես թատրոն գալիս էի բոլորովին այլ տրամադրությամբ: Բայց եղավ այն, ինչ եղավ:
Սպասում էիր մի բան, տեսար ուրի՞շ բան:
-Այո, ու դա ինձ կոտրեց:
«Մարդուկ-Ջարդուկ» բալետ
Եթե դու քո տեսակով ավելի ուժեղ մարդ լինեիր․․․
-Այդպես չէր լինի: Բալետը կյանքի դպրոց է, ջունգլիների օրենք է: Որ պետք է ուժեղ լինես, որ պետք է պինդ բնավորություն ունենաս, այսպես ասած՝ բալետային բնավորություն, որը ես գրեթե չեմ ունեցել: Միայն լավ տվյալները բավարար չեն, որովհետև լավ տվյալներով էլ դու կարող ես ոչնչի չհասնել, քեզ կարող են կոտրել, ու դու երկար ժամանակ չկարողանաս քեզ հավաքել: Իսկ բալետում տարիք կա, ժամանակն անցնում է, ու դու մինչև ուշքի ես գալիս, մինչև հավաքում ես քո փշուրները, մինչև նորից ուժ ես հավաքում, որ նորից ինչ-որ բանի հասնես, ժամանակն անցնում է, ու դու կորցնում ես հնարավորություններ, դերեր, ներկայացումներ, ծափահարություններ․․․ Բալետի իմ կարիերան ավելի շատ նման է կորցրած հնարավորությունների:
Չե՞ս փոշմանել:
-Շատ եմ փոշմանել, բայց ինչ արած: Եթե ունենայի այն մտածելակերպը, որն այսօր ունեմ, եթե լինեի այնքան ուժեղ ու ինքնավստահ, որ այսօր եմ, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Որ այն ժամանակ ավելի ուժեղ ու խելացի լինեի՝ կորուստներն այսքան շատ չէին լինի ու այսքան ցավոտ չէր լինի:
«Ժիզել» բալետ
Պարարվեստի ուսումնարանում սովորող աղջիկներին, որոնք ապագայում գալու են թատրոն, ի՞նչ խորհուրդ կտաս:
-Որ ուժեղ լինեն, խելացի վարվեն, բնավորություն ունենան: Մենք ավարտում ենք որպես լիդեր, բայց քչերին է հաջողվում այդպիսին մնալ թատրոնում: Ուղղակի չտարվել երազանքներով, տեխնիկական տվյալներին զուգահեռ զարգացնել նաև կամային հատկանիշները, որ իմ պես ջարդուփշուր չլինեն:
Թատրոնում կա՞ անկեղծ ընկերություն:
-Ո՛չ, չկա: Կան մարդիկ, որ ցույց են տալիս, որ անկեղծ ընկերներ են, բայց դա այդքան էլ այդպես չէ: Թատրոնում չունեմ շատ մտերիմ մարդիկ, որոնց ամբողջությամբ կվստահեմ: Բայց դա էլ ուշ հասկացա, որ թատրոնում պետք է ոչ ոքի չվստահեմ:
Սկզբում վստահո՞ւմ էիր։
-Շատ էի վստահում, ու դրա համար էլ շատ եմ տուժվել:
Եղե՞լ է, որ քեզ վնասել են:
-Այո, բայց ես եմ մեղավոր, ես չպետք է վստահեի: Ֆիզիկական վնաս չեն պատճառել, այդ վնասը եղել է բամբասանքի տեսքով: Չեմ ուզում անուններ ասել, բայց նման բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անկեղծությունս, վստահությունս օգտագործել են: Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ի տարբերություն այլ թատրոնների, մեր թատրոնում համեմատաբար ավելի առողջ մթնոլորտ է:
Կա՞ դեր, որի մասին երազում ես:
-Շատ ցավոտ հարց է: Ես ամբողջ կյանքում երազել եմ «Ժիզել» պարել: Դա առաջին բալետն է, որ տեսել եմ՝ Ժակլին Սարխոշյանն ու Ռուբեն Մուրադյանն էին պարում: Կերպարն ինձ շատ է նման, Ժիզելն էլ զգացմունքային, փխրուն ու միամիտ աղջիկ է: Տխրությամբ եմ ասում, որ իմ երազանքն այդպես էլ չի կատարվի:
Ինչո՞ւ:
-Ես արդեն քսանվեց տարեկան եմ, այնքան հնարավորություններ եմ բաց թողել, ու հիմա առաջին անգամ «ժիզել» կերտել այս տարիքում անհնար է: Հետո ես մտածում եմ մայրանալու մասին, ու մոտ ժամանակներս եթե գնամ մայրական արձակուրդ, վերադարձից հետո ուղղակի կվերականգնեմ այն, ինչ ունեմ: Չեմ կարծում, որ երբևէ «Ժիզել» կպարեմ: Ցավոք, ինձ չի տրվի այդ հնարավորությունը: Բալետում ունեմ երազանքներ, որոնք էլ չեն իրականանա: Դրա համար հիմա երազում եմ լավ մայր լինել իմ ապագա բալիկի համար, տալ նրան սեր ու քնքշանք ու ընտանիքում լինել երջանիկ:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը
Կարող եք կարդալ նաև՝
Արսեն Մեհրաբյան․ Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին բեմից հեռանալ
Մարիա Աղաբաբովա․ Երազում եմ Էգինայի դերի մասին, բայց ես գիտեմ իմ հնարավորություններն ու այդ դերին երբեք չեմ մոտենա
Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»
Նարե Մարկոսյան․ «Պարեցի Մաշայի «պա-դե-դեն» ու ետնաբեմում քրոջս ասացի, որ այս ամենն իր համար եմ անում»
Սևակ Ավետիսյան․ Երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ
Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի
Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը
Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ
Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ