VNews Culture-ի այսօրվա զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի պարուհի Մարիամ Ասլանյանը:
Մարիամ, Ձեր ամենանշանակալի կերպարը մինչ այսօր եղել է իշխանուհու կերպարը «Ձգողականություն» ներկայացման մեջ: Ինչպե՞ս եք մոտեցել այդ դերին:
-Շատ մեծ պատասխանատվությամբ: Ես մենակատար եղել եմ նաև Ռուդոլֆ Խառատյանի «Տանգո» բալետում: Բայց այս դերը նրանով էր տարբերվում, որ շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտավորապես չորս րոպեում, պետք է կարողանայի բեմում պատմել չավարտված սիրո պատմություն։ Դժվար էր այդ կարճ րոպեների ընթացքում այդքան մեծ ասելիք ներկայացնել: Յուրաքանչյուր փորձի ընթացքում բեմադրող Արիկ Ասատուրյանի հետ քայլերի, հայացքի, այլ մանրուքների միջոցով փորձում էինք հանդիսատեսին հասցնել այն, թե ինչ է կատարվում հերոսուհու ներսում: Ինձ համար այնքանով էր նշանակալից այս դերը, որ շատ չէի մտածում պարային տեխնիկայի մասին: Առավելապես մտածում էի դերասանական խաղիս մասին: Որովհետեւ ես հիմնականում այնպիսի ներկայացումներում եմ զբաղված, որտեղ շատ չեն կերպարները, որտեղ ես պետք է խաղայի, կերպար կերտեի: Սա միակ դերն էր, որի շուրջ երկար եմ մտածել, ու այս ներկայացման մեջ խաղալը մեծ երջանկություն էր:
Մարիամը՝ իշխանուհու դերում
Ինչպիսի՞ն է իշխանուհու կերպարը:
-Ինձ թվում է՝ ուժեղ կին է, որովհետև, լինելով այրի, փորձում է ամեն ինչ դնել մի կողմ և սկսել նորից: Միայն այն հանգամանքը, որ նա ամեն ինչ սկսում է նորից, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ նա շատ ուժեղ կին է, մանավանդ հասկանալով, որ իր դիմաց կանգնած տղամարդը, լինելով հոգևորական, դժվար համաձայնվի: Իշխանուհին, ինքն իր հետ անկեղծ լինելով, կասկածում է, որ իր սիրած տղամարդը կմերժի աշխարհիկ սերը, բայց նա գիտի, որ փորձել է:
Իսկ Դուք ուժե՞ղ կին եք:
-Կարծում եմ՝ այո: Ճիշտն ասած՝ մեր մասնագիտության մեջ, ինձ թվում է, բոլորն են ուժեղ կանայք: Բալետի աշխարհում արգելված է լինել թույլ կին:
Միայն բալետի աշխարհո՞ւմ, թե՞ ընդհանրապես:
-Ընդհանրապես, թույլ լինել պետք չէ: Բայց եթե մենք հիմա բալետը դիտարկում ենք որպես մասնագիտություն, անընդհատ անցնում ենք փուլերով, որտեղ հիասթափվում ենք, կոտրվում, ու եթե թուլանանք` հաստատ առաջ էլ չենք գնա: Կգա մի պահ, որ կթողնես բալետը, իսկ բալետը թողնելը նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից: Իհարկե, ընտանիքը, դաստիարակությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց մենք ինը տարեկանից սովորում ենք Պարարվեստի քոլեջում, ու բալետն է մեզ կրթում, բալետն է մեզ դարձնում այն, ինչ կանք:
Կհիշե՞ք դեպք, երբ փորձել են Ձեզ կոտրել, ու այդ դրվագից ավելի ուժեղ եք դուրս եկել:
-Շատ-շատ են եղել նման դեպքեր՝ սովորելու տարիներից սկսած: Ես դեռ չեմ հիշում որևէ ժամանակ, երբ նման դեպքեր չեն գրանցվել: Ուսումնարանում սովորելու ընթացքում մենք յուրաքանչյուր տարի ունենում էինք երկու քննություն, և ամեն անգամ քննություն հանձնելուց հետո մեզ ասում էին՝ «դու գիրացել ես» կամ «քեզ տալիս ենք այսքան ժամանակ նիհարելու համար», «այս տարի դու քննությունը վատ հանձնեցիր», «դու սա այսպես չարեցիր»: Անընդհատ հարվածներ ես ստանում, ու ամեն հարվածից հետո դառնում ես ավելի ուժեղ: Առաջին անգամ իմ ծնողն իմ արցունքները տեսել է, երբ ես երրորդ կուրսում էի սովորում: Ավարտելուց մեկ ամիս առաջ տանն ասացի, որ չեմ ուզում այլևս սովորել ու դառնալ բալետի պարուհի: Հայրիկս շատ խառնվեց, ասաց՝ «Չեմ ուզում, որ դու դժբախտ երեխա լինես, վաղը կգնանք ու գործերդ կվերցնենք քոլեջից»: Բայց այդ պոռթկումն ընդամենը մի քանի րոպե տևեց, երբ ես լացեցի, հանգստացա: Դա առաջին ու վերջին անգամն էր, երբ ինձ տանը տեսան հուզված: Դրանից հետո ես հասկացա, որ պետք չէ լացել: Չեմ էլ սիրում զգացմունքները ցույց տալ, չեմ սիրում, երբ ինձ խղճում են: Վերջիվերջո, բոլոր հարցերի լուծումը տալիս եմ ես: Ես շատ ոգևորվող անձնավորություն եմ: Կոտրվելուց հետո, երբ լսեմ մի լավ խոսք, ինձ համար այդ վատը զրոյանում է, ու ես սկսում եմ նորից՝ նոր էջից: Ուսումնարանում իմունիտետ ես ձեռք բերում: Ասում են՝ համբերությունը կյանք է, բայց մեր պարագայում համբերատար լինելը, համբերությունը մեծ խոչընդոտ է: Արգելակում է, որ քո մասնագիտության մեջ առաջ գնաս:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինել:
-Պետք է լինել համարձակ, փորձել չվախենալ սխալվելուց: Եթե դու անընդհատ մտածես՝ քեզ մոտ սա չի ստացվի, երբեք էլ չի ստացվի: Ես միշտ կրկնում եմ, որ մեր մասնագիտությունը զրոյական մասնագիտություն է: Մենք ամեն օր սկսում ենք զրոյից: Մենք ամեն օր գալիս ենք դահլիճ, մկանները տաքացնում, բացվում, ու դա այնպես չէ, որ մենք մի օր հասնում ենք ինչ-որ աստիճանի ու ասում ենք վերջ՝ գոհ ենք, մենք հասել ենք նրան, ինչին ուզում էինք:
Բացի ուժեղ ու համարձակ լինելուց, բնավորության ո՞ր գծերն են, որ Ձեզ օգնում են այս ոլորտում:
-Սառը դատողությունը, որը ես ձեռք եմ բերել տարիների ընթացքում: Իհարկե, երբեմն ունենում եմ զգացմունքային պոռթկումներ, բայց այդ պոռթկումներն ինձ շատ օգնում են, որովհետև ես կարողանում եմ ինձ կողքից նայել, ինքս ինձ հավաքել, ու նաև հումորի զգացումը: Ընդհանրապես կյանքում հումորի զգացումը, մի քիչ էլ սարկազմը, կարծում եմ, օգնում են:
Սարկազմը քո մասնագիտության հանդե՞պ:
-Այո, նույնիսկ ինքս իմ հանդեպ: Ես իմ թերություններին կարող եմ սարկազմով նայել, հումորով վերաբերվել: Դա չի նշանակում, որ ես այդպես թողնում եմ, ես այդ թերությունների վրա աշխատում եմ: Բայց ընդունում եմ, որ դա ես եմ, ու դրանք կարող են ուղղվել, կարող են և չուղղվել: Կան գծեր, որոնք փոխել չես կարող:
Օրինակ՝ ո՞ր գծերը: Ունես թերություն, որը գիտես, որ քեզ խանգարում է, բայց նաև գիտես, որ դա չես կարող ուղղել, դա քեզ բնությունից է տրված:
-Օրինակ՝ ես ներկայացումից, բեմ դուրս գալուց առաջ շատ եմ անհանգստանում: Որքան էլ սառը դատողություն ունեմ, բեմից առաջ անհանգստությունը երբեք չի պակասում: Նույնիսկ կան դերեր, որ հազար անգամ պարել եմ բեմում, բայց միշտ անհանգստանում եմ: Երբեմն մտքումս ասում եմ՝ «ինչ-որ բան լինի, ներկայացումը հիմա ավարտվի, ես բեմ դուրս չգամ» (Ծիծաղում է - Հեղ․): Այդ անհանգստությունն ինձ երբեմն բեմի վրա խանգարում է: Բայց, միևնույն ժամանակ, բեմը շատ եմ սիրում: Ես ինձ բեմում լավ եմ զգում: Իսկ ֆիզիկական առումով ունեմ գիրանալու հակում: Ամբողջ կյանքում պայքարում եմ, ու արդեն ապրելակերպ է դարձել քիչ ուտելը, անընդհատ այդ մասին մտածելը: Ես անընդհատ մտածում եմ՝ «իսկ հիմա ի՞նչ տեսք ունեմ, հագուստը ինձ վրա ինչպե՞ս է նստում»: Միշտ բեմից առաջ խաղընկերներիցս հարցնում եմ՝ սազո՞ւմ է այս զգեստը, գուցե կարճ է, երկար է: Դա նույնպես ինձ խանգարում է:
Մասնագիտության մեջ ուժեղ կին եք, իսկ ընտանիքո՞ւմ:
-Ընտանիքում էլ եմ ուժեղ կին, դա գալիս է ամուսնուցս: Այնպես չէ, որ ընտանիքում ամբողջ հոգսն ինձ վրա է, ու ես եմ դա տանում: Երբ ինչ -որ հարցեր լինում են՝ ամուսինս այնպես է կանգնած իմ թիկունքին, որ ես զգում եմ, որ չեմ կարող թուլանալ, ու ես գիտեմ, որ ամուսինս ինձ հետ կանցնի այդ դժվարությունը, և մենք միասին կհաղթահարենք:
Ձեր աղջկան ինչպե՞ս եք դաստիարակում, որ ինքն էլ ուժեղ կին լինի:
-Իմ Միշելը․․․ Հա, միանշանակ, կինը պետք է ուժեղ լինի: Բայց ոչ թե դաստիարակում եմ որպես ուժեղ կին, այլ մենք նրան շատ սեր ենք տալիս: Ես կարծում եմ՝ կյանքում ամեն ինչ գալիս է սիրո պակասից: Ես ուզում եմ, որ ինքն իմանա, որ սիրված է ու որ մենք ամեն պարագայում իր կողքին ենք լինելու: Ու ինձ թվում է՝ ինքն այդ սերը զգալով ամեն դժվարության միջով կարող է անցնել:
Ընդհանրապես ընդունված է կարծել, որ բալետում կարծրատիպեր կան, ու կանանց ու տղամարդկանց նկատմամբ տարբեր վերաբերմունք կա:
-Գիտեք, ես նման տարբերություն չեմ զգացել, որ տղամարդկանց ավելի լավ են վերաբերում, կանանց՝ ավելի վատ: Ուղղակի կարող է լինել, որ կանանց նկատմամբ ավելի խստապահանջ լինեն: Որովհետև եթե մենք խոսում ենք բալետի մասին, մանավանդ եթե խոսում ենք դասական բալետի մասին, ապա դասական բալետի շքեղությունը պարուհիներն են: Եթե մենք խոսենք «Կարապի լճից» կամ «Ժիզելից», ապա հանդիսատեսի մտքին առաջինը կգան սպիտակ պաչկայով բալետի պարուհիների տեսարանները, կանանց կորդեբալետի, մենակատարուհիների փխրունությունը, թեթևությունը: Մենակատարներին օգնում են նրանց պարընկերները, և այդ իսկ պատճառով զգացվում է, որ խստապահանջությունը մեր նկատմամբ շատ ավելի շատ է՝ հինգերորդ դիրքի մաքրությունը, թեթևությունը, թռիչքից իջնելը, ձայն չգալը: Երևի թե դա ճիշտ է: Հանդիսատեսը, երբ դահլիճից դուրս է գալիս, առաջինն ասում է՝ ինչ թեթև էին աղջիկները, գեղեցիկ, հավասար: Բայց կան բալետներ, որոնք հաղթում են տղամարդու խարիզմայի շնորհիվ: Օրինակ՝ «Գայանե» բալետը: Եթե որևէ մեկին հարցնեք «Գայանե» բալետի մասին, առաջինը կհիշեն «Սուսերով պարը»: Այնտեղ կան շատ հատվածներ կին պարուհիների մասնակցությամբ, բայց, միևնույն է, հանդիսատեսը տպավորված է լինում տղամարդկանց այդ ուժեղ պարային հատվածներից:
Ընդհանրապես կանանց կերպարներն ավելի թույլ չե՞ն ներկայացված բալետային ներկայացումներում՝ «Կարապի լիճը», «Ժիզելը»: Մի տեսակ միամիտ, գուցե նաև զոհի կերպարով:
-Այո, ես Ձեզ հետ համաձայն եմ: Շատ ժամանակ հումորով կռիվ եմ անում հերոսուհիների հետ, մտքումս ասում եմ՝ ինչո՞ւ այդ ընտրությունը կատարեցիր, որովհետև, եթե ես լինեի՝ հաստատ չէի կատարի: Օրինակ, եթե խոսենք «Ժիզելի» մասին, չէ՞ որ նա վայրկենական սիրահարվում է, կորցնում է իրեն: Եթե ես լինեի Ժիզելի փոխարեն, նման ընտրություն չէի կատարի: Ես շատ պրագմատիկ եմ ու ավելի ռեալ եմ նայում:
Իսկ Գայանեի կերպարին ինչպե՞ս եք վերաբերում:
-Գայանեն բավականին ուժեղ կերպար է: Նա դուրս է գալիս ծնողների դեմ։ Դա շատ դժվար քայլ է Գայանեի համար, սխալ քայլ է ծնողների կողմից, որ ստիպում են աղջկան ամուսնանալ չսիրած տղայի հետ: Բայց նա հաղթում է: Դրա համար էլ բալետը ի պատիվ նրա կոչվում է «Գայանե»:
Ձեզ ո՞ր կերպարի հետ եք ավելի շատ ասոցացնում:
-Երբեք որևէ հերոսուհու հետ չեմ ասոցացնում: Երբ կողքից դիտում եմ ներկայացումները, չգիտեմ՝ տեխնիկապես կստացվի, թե ոչ, բայց միշտ նայում եմ, թե տվյալ կերպարն ինչպես կխաղայի, ոչ թե կպարեմ կերպարը, այլ ինչպես կկերտեմ:
Ձեզ համար կարևո՞ր է, որ Ձեր մտածելակերպը, բնավորությունը համընկնի կերպարի մտածելակերպի հետ:
-Եթե խոսենք «Ձգողականություն» ներկայացման մասին, երբ նոր էր ստեղծվում, ամեն քայլը միասին էինք ճշտում: Որքան էլ բեմադրությունը կատարվում էր բալետմեյստերի կողմից, միևնույն է, շնորհակալություն Արային դրա համար, մենք հարցերի միջոցով փորձում էինք հասկանալ, թե որքան ինձ կսազեր այս կամ այն դրվագը: Ներկայացման մեջ հատված կա, երբ պարի վերջում պետք է կռանայի ու գետնից քողը վերցնեի: Ես երկար մտածելուց հետո հասկացա, որ պարի լեզվով այդքան խոսելուց ու բացատրելուց հետո, ես երբեք չէի կռանա ու իմ քողը վերցնեի: Դա ինձ համար թուլություն կլիներ, ես չէի կարողանա դա անել: Մենք որոշեցինք, որ ես չեմ կռանա: Ուղղակի եկեղեցուց դուրս կգամ ու նույնիսկ ետ չեմ նայի:
Մարիամ, Դուք շատ ուժեղ կին եք, ու ես Ձեր ինքնավստահությունն ու համարձակությունը զգացի մեր հարցազրույցի առաջին իսկ րոպեից: Հիմա շատ են խոսում կանանց իրավունքների, հավասար հնարավորությունների մասին: Դուք ի՞նչը կփոխեիք, որպեսզի այդ հավասարությունն իսկապես իրականություն դառնար:
-Գիտեք, ժամանակակից աշխարհում անհնար է առանց կրթության: Կինը պետք է լինի կրթված: Եթե կինն ունի կրթություն, աշխատանք, աշխարհում կգտնի իր տեղը, և նրան կոտրելը, փորձել փոխելը շատ դժվար է լինում: Ամենակարևորը կրթությունն է:
Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե կանայք ղեկավարեին, կամ ղեկավար պաշտոններում կանայք ավելի շատ լինեին:
-Շատ են ասում, որ կանանց խանգարում են զգացմունքները, բայց ինձ թվում է՝ դա էլ է կարծրատիպ, և ամեն ինչ ինքնակրթվելու, ինքնատիրապետման մեջ է, ու մարդ աշխատանքի արդյունքում կարող է հասնել իր ուզածին: Կանանց նկատմամբ ամեն ինչը կարծրատիպային է: Միշտ մտածում են՝ կխանգարի կամ կօգնի: Եթե մարդը գտնվում է իր ճիշտ տեղում, իրեն ինչ-որ բանով խանգարելը դժվար կլինի:
Օրինակ, Դուք կընտրեի՞ք կին ղեկավարի:
-Եթե հավատայի նրան՝ կընտրեի: Ես երբեք խնդիր չեմ ունեցել կին ղեկավարի, կին տնօրենի մասով: Ես նրանց նայել եմ որպես ղեկավարի, երբեք սեռով չեմ պայմանավորել այդ հանգամանքը:
Դուք ասացիք, որ բալետի աշխարհում արգելված է թույլ լինել: Թատերախմբում տեսնո՞ւմ եք այլ ուժեղ կանանց:
-Այո, շատ, իմ կողքին շատ ուժեղ կանայք կան:
Հանգամանքը, որ Ձեր կողքին շատ են ուժեղ կանայք, Ձեզ խանգարո՞ւմ է:
-Բացարձակ չի խանգարում: Մրցակցությունը չի խանգարում: Ես մի լավ հատկություն ունեմ՝ անընդհատ սովորել: Եթե տեսնում եմ, որ ինձանից ավելի ուժեղ, ավելի խելացի կանայք կան, երբեք ինձ դրանից վատ չեմ զգա, կամ երբեք չեմ խանդի ու նախանձի: Հակառակը, լավ բաներ կվերցնեմ այդ մարդուց, կսովորեմ: Կյանքում անընդհատ սովորելն օգնում է, որ ինքնաիրացվես:
Թատրոնում կանացի սոլիդարություն կա՞:
-Գիտեք, տպավորություն չստեղծվի, որ ես վարդագույն ակնոցներով եմ նայում, բայց քանի որ ինձ հետ չի պատահել, ես չեմ տեսել սխալ վերաբերմունք, կամ, երբ ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվել բեմում, ես նկատեմ, որ կուլիսներում դա ուրախացրել է իմ խաղընկերներին: Չի եղել նման բան: Հակառակը, երբ ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվել բեմում, կուլիսներում հանդիպել եմ օգնության, կարեկցանքի: Վատ էներգիայի չեմ հանդիպել:
Դա նաև Ձեր մարդկային տեսակո՞վ է պայմանավորված:
-Միգուցե, որովհետև ես ինքս, երբ տեսնում եմ, որ դիմացինն օգնության կարիք ունի, ինձ միշտ դնում եմ այդ մարդու տեղը: Մտածում եմ՝ հիմա ի՞նչ է զգում: Շատ է եղել, որ կուլիսներում կանգնած, տեսել եմ, որ իմ պարընկերը շատ անհանգիստ է, դա իրեն խանգարում է: Ես ինձ թողել եմ ու նրան ոգևորել՝ «դու կարող ես», «մի անհանգստացիր», «քեզ մոտ ամեն ինչ կստացվի»: Ու նա դուրս է եկել բեմ: Թե ինչքանով եմ նրան օգնել կամ խանգարել, չգիտեմ, բայց փորձել եմ: Միգուցե անում եմ, ու նույնը սպասում եմ մյուսներից: Հարցազրույցի սկզբում էլ նշեցի, որ մի փոքր խոսքից ոգևորվում եմ: Ես մտածում եմ, որ իմ ընկերներն էլ մի փոքր խոսքից կարող են ոգևորվել:
Ձեզ ինչպե՞ս եք տեսնում հինգ տարի հետո:
-Ես արդեն 30 տարեկան եմ, ու հինգ-վեց տարի հետո, երևի արդեն ինձ բեմում չեմ տեսնի: Կփորձեմ ճիշտ ժամանակին հեռանալ բեմից: Բայց հինգ տարին պարուհու համար մեծ ժամանակաշրջան է, կփորձեմ անել ավելին, քան հիմա, որ տարիներ հետո չզղջամ, որ չեմ փորձել, չեմ արել: Որովհետև զղջալը, անընդհատ ափսոսալը մեր կյանքում շատ է եղել: Ես հիմա շատ հարցերի նայում եմ ափսոսանքով: Որ պետք է ավելի վստահ լինեի ինձ վրա, ավելի ուժեղ լինեի, համարձակ․․․ Շատ դեպքերում համարձակ չլինելը խանգարել է: Ոչ թե ես ցանկանում եմ անպայման պարել, անպայման այդ դերը մարմնավորել, այլ ցանկանում եմ ինձ փորձել: Կյանքում կարևորը փորձելն է, քանի որ հետագայում այդ ափսոսանքը չփորձելու մեջ է, ոչ թե չստացվելու:
Ունե՞ք երազանքի դերեր:
-Երազանքի դերեր չունեմ, բայց կան դերեր, որ գիտեմ, որ կկարողանամ պարել:
Օրինա՞կ:
-Չեմ ցանկանա նշել: Կփորձեմ դրանց հասնել, Ձեզ էլ կհրավիրեմ պրեմիերային: Հուսով եմ՝ կստացվի, եթե չստացվի էլ՝ կմտածեմ, որ փորձել եմ:
Տարիներ հետո, երբ Ձեր աղջիկը տեսնի բեմական նկարները, կարդա այս հարցազրույցը, գա Ձեր ներկայացումներին, ինչպիսի՞ կարծիք կուզենայիք, որ նա կազմեր Ձեր մասին:
-Շատ հետաքրքիր հարց տվեցիք: Մայրանալուց հետո միշտ մտածում եմ, որ աղջիկս գա, ինձ բեմում տեսնի՝ ի՞նչ կզգա, կմոտենա՞, կգրկի՞, չի՞ գրկի, կուրախանա՞ արդյոք: Կարծում եմ՝ կհպարտանա, որովհետև համատեղել մեր աշխատանքն ընտանիքի հետ բավական ծանր է, ու եթե ես հասկանամ, որ նա մեծացել է հոգատարության մեջ, սիրո պակաս չի ունեցել իմ մասնագիտության պատճառով, կլինեմ երջանիկ: Ես փորձում եմ դա անել, ու դա նաև ամուսնուս ու մայրիկիս շնորհիվ է, որոնք ինձ ամեն հարցով օգնում են, որ ես աշխատանքի մեջ էլ, ընտանիքում էլ լիարժեք լինեմ: Կարծում եմ՝ աղջիկս պետք է հպարտանա: Որովհետև, եթե չհպարտանա, ապա մի տեղ սխալվել եմ, սայթաքել․․․
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը
Կարող եք կարդալ նաև՝
Լյուդվիգ Իսպիրյան․ Ինձ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո
Մարիամ Գարաջյան․ Ուժեղ մարդ չեմ, դրա համար էլ թատրոնում ինձ կոտրեցին
Արսեն Մեհրաբյան․ Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին բեմից հեռանալ
Մարիա Աղաբաբովա․ Երազում եմ Էգինայի դերի մասին, բայց ես գիտեմ իմ հնարավորություններն ու այդ դերին երբեք չեմ մոտենա
Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»
Նարե Մարկոսյան․ «Պարեցի Մաշայի «պա-դե-դեն» ու ետնաբեմում քրոջս ասացի, որ այս ամենն իր համար եմ անում»
Սևակ Ավետիսյան․ Երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ
Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի
Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը
Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ
Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ
Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ
Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել
Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել