VNewsCulture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան оպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի պարուհի Մարիա Աղաբաբովան:
Մարիա, շնորհակալ եմ հարցազրույցի համար: Ինչպե՞ս է եղել քո մուտքը պարարվեստ:
-Իմ տատիկը բալետի պարուհի Ժաննա Թամիզյանն է, և կարելի է ասել՝ օպերային թատրոնում եմ մեծացել: Ներկայացումները, լույսերը, գունեղ բեմական զգեստներն ինձ շատ էին գրավում դեռ մանկուց: Այնքան էի տպավորվել «Լորկիանա» բալետում Սոլեդադի կեպարից ու նրա մենապարից, որ մի անգամ ներկայացումից հետո տանը սկսեցի կրկնել պարային շարժումները: Տատիկս, դա տեսնելով, մտածեց՝ գուցե ինձ մոտ ստացվի ու ես նույնպես դառնամ բալետի պարուհի: Ու այդպես ես ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան: Ու տարիներ անց ես վերջապես մարմնավորեցի այդ կերպարն ու պարեցի Սոլեդադի մենապարը: Այդ պարն ինձ համար ոչ միայն ճակատագրական նշանակություն ուներ, այլև տարիներ շարունակ դարձել էր երազանքի պես մի բան, ու երկար ժամանակ աշխատելով, տանջվելով հասա դրան:

Ի՞նչ զգացողություն ունեիր, երբ առաջին անգամ հենց այդ դերով բեմ բարձրացար:
-Մեծ պատասխանատվություն էր, ձեռքերս հուզմունքից դողում էին: Շատ կարճ ժամկետում եմ պատրաստել դերը: Այն շատ բարդ է, կերպարը խորն է՝ թե՛ շարժումներով, թե՛ դերասանական առումով: Ավելի շատ իսպանական ժողովրդական պարային շարժումներով է առանձնանում, քան դասական բալետային, բայց բարդությունը թե՛ տեխնիկապես, թե՛ կերպարային հուզականության առումով շատ մեծ է: Պարում էի ամուսնուս՝ բալետային թատերախմբի մենակատար Գրիգոր Գրիգորյանի հետ: Ամուսնու հետ բեմում պարելն այդքան էլ հեշտ չէ (Ծիծաղում է - Հեղ․), մանավանդ երբ պարում ես մանկության երազանքի դերը: Նույն անձի հետ ունենալ հարաբերություններ և հետո բեմի վրա լինել որպես զույգ՝ միաժամանակ և՛ դժվար է, և՛ հեշտ: Դու այդ մարդուն ճանաչում ես լիովին, բայց բեմում նրա կերպարը և՛ օտար է, և՛ միաժամանակ հարազատ:
Դա միա՞կ պարն է եղել, երբ ամուսնուդ հետ ես պարել:
-Երբ նոր էի ընդունվել թատրոն, Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետը նոր էր բեմադրվում, և մենք առաջին կազմն էինք: Ժակլինն ինձ ու Գրիգորին զույգ դրեց այդ ներկայացման մեջ: Ու մեր ծանոթությունը, ընկերությունը, հետագայում լուրջ հարաբերությունները հենց այդ բալետից են սկսվել․․․Որպես պարային դուետ միասին առաջին անգամ հենց «Երազ»-ում պարեցինք: Հետո արդեն «Լորկիանա»-ում:
.jpg)
«Լորկիանա» բալետ
Հե՞շտ է, երբ երկուսով նույն մասնագիտությունն ունեք ու ձեր աշխատավայրը նույնն է: Կարելի է ասել՝ և՛ տանն եք միասին, և՛ աշխատավայրում:
-Հեշտ է, որովհետև միասին ենք, իրարից տեղյակ: Ընդհանուր թեմաներն են շատ: Բայց միևնույն ժամանակ նաև դժվար է, որովհետև երբեմն այդ նույն թեմաները, նույն միջավայրը, նույն հարցերը կարող են ձանձրացնել, հոգնեցնել: Բայց ես չեմ դժգոհում: Ամուսինս իմ պատկերացումների տղամարդու լավագույն կերպարն է:
Դու կորդեբալետում ես պարում: Հանդիսատեսի կողմից ամենաշատ քննադատությունը միշտ կորդեբալետի ուղղությամբ է՝ ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մենակատարների թերացումը գուցե այդքան աչք չծակի, որքան, երբ կորդեբալետը խախտում է այդ հավասարությունն ու շարժումները միաժամանակ չի կատարում:
-Հա, շատ ճիշտ եք (Ծիծաղում է - Հեղ․): Կորդեբալետում գուցե մենակատարների պատասխանատվությունը չկա, երբ դու քո հետևից ներկայացումն ես տանում, բայց շատ բարդ է: Կորդեբալետի աշխատանքն էլ, դերն էլ շատ կարևոր է: Շատ բարդ է կորդեբալետում պարելը: Հավասարությունը, սինքրոն տեսքը պետք է ապահովել, և բացի քո պարից, պետք է զգաս դիմացինի, հետևի, կողքինների պարը, շարժումները: Մեզ միշտ ասում են՝ նայե՛ք առջևի պարողին, եթե անգամ սխալ է կանգնել, իրեն հետևեք, որպեսզի գիծը չխախտվի: Բալետում կորդեբալետի տեսարաններում առաջին տպավորությունն այդ հավասարությունն է: Շատ հաճախ առաջին հայացքից բալետից տպավորվում են այդ հավասարության, գեղեցիկ հավասար տեսարանների համար: Շատ դժվար է կորդեբալետի արտիստ լինել: Նախորդ տարի «Սպարտակ»-ի վերաբեմադրության պրեմիերային բեմում անգամ չէինք շնչում, որ այդ հավասարությունը չխախտվեր, որպեսզի գիծը տարբեր չլիներ: Յուրաքանչյուր մենակատար պետք է սկսի կորդեբալետից, որովհետև այդ դպրոցը շատ կարևոր է հետագայում ավելի վստահ քայլեր կատարելու համար: Իհարկե, լինում են բացառություններ, երբ միանգամից դառնում են մենակատար, սակայն այդ աստիճանական անցումը շատ կարևոր է:
.jpg)
«Լորկիանա» բալետ
Քո ամուսինը Կրասոսի կերպարն է մարմնավորում «Սպարտակ» բալետում: Դու էլ նույն ներկայացման մեջ կորդեբալետում պալատի կուրտիզանուհիներից մեկի դերն ես կատարում:
-Այո, ներկայացման մեջ, երբ երկուսով միասին ենք բեմում լինում, աշխատում եմ և՛ իմ պարը պարել, և՛ աչքի պոչով իրեն հետևել: «Սպարտակ» ներկայացման մեջ իր համար ավելի շատ եմ հուզվում: Կրասոսը իր խաղացանկի ամենաբարդ կերպարն է, ու ես միշտ անհանգստանում եմ իր համար:
Իրար խորհուրդներով օգնո՞ւմ եք:
-Այո, շատ: Քննադատություններով էլ, որովհետև մեր ասպարեզում առանց դրա հնարավոր չէ: Եթե քննադատություն չլինի, երբեք առաջ չես գնա: Եթե չլսես խորհուրդները, քննադատությունը, միշտ կմնաս նույն տեղում: Արտիստը միշտ պետք է աճելու տեղ ունենա, ու որքան էլ արտիստը լավը լինի, միշտ լավից լավը կա, ու միշտ պետք է ձգտես ավելիին: Ես ու ամուսինս իրար շատ ենք օգնում, ինչը լավ արեցինք, ինչը՝ սխալ՝ սկսած բեմական գրիմից, հագուստից մինչև շարժումներ, թռիչքներ:
.jpg)
«Ժիզել» բալետ
Դու նոր ես վերադարձել մայրական արձակուրդից: Հե՞շտ էր այդ վերադարձը:
-Սարսափելի դժվար է: Միևնույն ժամանակ խնամել բալիկին ու վերականգնել պարային կազմվածքը, մարզական վիճակը անչափ դժվար գործ է: Բայց մենք կին ենք, մենք ամեն ինչ կարող ենք անել: Բալետի բոլոր պարուհիներն էլ դրա միջով անցնում են: Ու հիմա որքան էլ ես հոգնում եմ բալիկին խնամելու հարցերից, իմ աղջիկն ինձ ուժ, մոտիվացիա է տալիս, որպեսզի ավելի շատ աշխատեմ ինձ վրա ու որպեսզի ինքը մեծանա ու ինձնով հպարտանա: Առաջ նման բաների մասին չէի մտածում, հիմա այդ միտքը, որ դուստրս ինձնով հպարտանա, իմ շարժիչ ուժն է:
.jpg)
«Անուշ» օպերա
Ընդհանրապես նման կարծրատիպ կա մարդկանց մեջ, որ բալետի արտիստուհիներին արգելվում է երեխա ունենալ, մինչև կարիերայի ավարտը, որպեսզի նրանց կազմվածքը չփչանա, որպեսզի ծննդաբերությունը նրանց պարի, կարիերայի վրա ազդեցություն չունենա։ Բայց հիմա ես տեսնում եմ իմ առջև նստած շատ գեղեցիկ, շատ նուրբ, խնամված ու սլացիկ կազմվածքով երիտասարդ կնոջ:
-Շնորհակալ եմ: Դա առաջ էր, երբ շատ բալերինաներ իրենց զրկել են մայրական բերկրանքից և այդ հաճույքը զոհաբերել են հանուն մասնագիտության: Բայց հիմա այդ բոլոր կարծրատիպերը կոտրվել են, ու բոլոր բալերինաներն էլ մի քանի բալիկ են ունենում: Ու շատերը խոստովանում են, որ բալիկից հետո շատ ավելի լավ են պարում: Մենք կարող ենք և՛ բալիկ ունենալ, և՛ շարունակել շատ լավ պարել: Իմ պարագայում դեռ շատ դժվարությամբ է հաջողվում վերականգնել մարզական վիճակը, բայց դա էլ ժամանակի հարց է: Երևի թե պարելով քիչ-քիչ կվերականգնվի: Տանն էլ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, փորձում եմ ամեն րոպեն օգտագործել, ինչ-որ շարժում անել: Թեկուզ կենցաղային գործեր անելիս էլ, այնպես եմ անում, որ մկաններս շատ շարժվեն ու վերականգնվեմ: Դեռ բալիկից հետո բեմ չեմ բարձրացել, բայց շատ հաճախ փորձերին, պարապմունքներին անընդհատ միտքս բալիկի հետ է: Իհարկե, աշխատում եմ կենտրոնանալ պարապելու վրա, բայց միտքս բալիկիս հետ է՝ ի՞նչ է, ո՞նց է իրեն զգում առանց ինձ: Ու պարապմունքից հետո արագ վազում եմ նրա մոտ, որպեսզի կարոտս առնեմ: Այդ մեկ ժամն էլ ինձ համար երկար բաժանում է:

Բալիկը քեզ փոխե՞լ է:
-Շատ: Ներաշխարհս լցրել է իմ աղջիկը: Իմ կյանքում և՛ բալետն է ինձ փոխել, և՛ իմ դուստրը: Բալետի շնորհիվ իմ կենցաղ մտավ դիսցիպլինան: Բալետն առանց դիսցիպլինայի հնարավոր չէ: Կամքի ուժ, ցավին դիմանալ, հիասթափությանն ու դժվարությանը դիմանալ: Այդ ամենը բալետի շնորհիվ եմ սովորել: Սկզբում բալետն ինձ փոխեց, հետո ամուսնուս հետ կյանքի դժվարություններ անցնելը, հաղթահարելը, իսկ բալիկս ուրիշ աշխարհ է․․․
Բալետի հետ կապված ի՞նչ երազանքներ, նպատակներ ունես:
-Երազանքներս շատ են, բայց ես իմ տեսակով ռեալիստ եմ ու այնպիսի երազանքներին եմ փորձում շանս տալ, որոնք ինձ համահունչ են: Ես երբեք չեմ մոտենա այն կերպարին, որտեղ վատ կերևամ կամ չեմ կարողանա լիարժեք մարմնավորել կամ իմ ուժերից վեր կլինի: Ես չեմ ուզում վատ տեսքով ներկայանալ հանդիսատեսին, որքան էլ այդ կերպարն ինձ համար սիրելի է ու որքան էլ ես իմ մտքում, երազներում ինձ պատկերացնեմ այդ դերում: Աշխատում եմ այն դերերին, այն կերպարներին հասնել, որոնք իմ ուժերի, իմ հնարավորությունների սահմանում են:

Որո՞նք են այդ դերերը:
-Մեծ երազանք ունեմ «Դոն Քիշոտ» բալետում փողոցային պարուհու կերպարը մարմնավորել: Իսպանական երաժշտությունը, այդ մոտիվներն ինձ ավելի շատ են գերում: Հուսով եմ, որ կյանքում գոնե մեկ անգամ այդ դերը կպարեմ:
Դու քո հնարավորություններին շատ ադեկվատ ես մոտենում, գիտես քո առավելությունները, քո հնարավորությունները, քո ֆիզիկական մաքսիմումը։ Դրա համար էլ չափից դուրս պահանջներ, ցանկություններ չունես, որոնք քո հնարավորություններից դուրս են:
-Շատ ճիշտ է: Օրինակ՝ ես կարող է մի դեր, մի կերպար հավանեմ ու երազեմ․․․․

Օրինա՞կ:
-Օրինակ․․․ թող շատ մեծ չհնչի, բայց «Սպարտակ» բալետում Էգինայի կերպարն եմ շատ սիրում, ամեն շարժումը, երաժշտության ամեն նոտան՝ սկսած հագուստից, կերպարից, ամեն դետալ շատ մոտ է իմ սրտին, բայց ես հասկանում եմ, որ չեմ կարողանա, իմ ֆիզիկական հնարավորություններն ինձ թույլ չեն տա հասնել դրան: Բայց որպես կերպար, կանացիության մարմնավորում է ինձ համար: Առհասարակ, բացասական դերերն ինձ շատ են գրավում, ավելի շատ են դուր գալիս: Իհարկե, ես գիտակցում եմ, որ դժվար թե հասնեմ այդ կերպարին: Ինձ ուղղակի թույլ չեմ տա մոտենալ այդ դերին:
Դա խոսում է քո վախերի, քո զգոն տեսակի՞ մասին:
-Վախը միշտ կա: Ամեն անգամ բեմ բարձրանալուց կա այդ վախը, զգուշությունը, որ լավ ներկայանաս: Իսկ Էգինայի կերպարը, երևի թե քո ասած՝ չափից դուրս ադեկվատ լինելն է, որ ես ինձ թույլ չեմ տա: Եթե ես պետք է որևէ տեղ, որևէ դետալում թերանամ, նախընտրում եմ, որ այդ դերը մնա երազանք, քան ուղղակի ներկայանամ:

Շատ համաշխարհային արտիստներ կան, որ ասում են՝ գալիս է մի տարիք, մի պահ, երբ արդեն մտածում ենք այս կամ այն դերի շուրջ ու մտածում՝ արդյո՞ք այդ դերով խղճալի կերևանք հանդիսատեսին, թե՞ ոչ:
-Այդպես է: Ես գիտեմ իմ հնարավորությունները և չեմ մոտենա այդ դերին: Շատ-շատերն են այդ դերը սիրում, բայց յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր հնարավորությունները, ու եթե պետք է վատ երևաս, ինչո՞ւ մոտենալ այդ դերին:
Քո չափազանց զգոն ու ադեկվատ տեսակով ունենո՞ւմ ես հիասթափություններ բալետում: Երբ դու ցանկանում ես այդ դերը, բայց ֆիզիկական տվյալներն ու հնարավորությունները թույլ չեն տալիս:
-Հիասթափություններ շատ են եղել: Բայց ժամանակի հետ ես ավելի ու ավելի եմ հասկանում, որ ամեն հարցի պետք է նայել ռեալ ու գիտակից մոտենալ: Երբեմն կան երազանքներ, որ իրականանում են, ու դու մտածում ես՝ ավելի լավ է չիրականանային, ավելի վատ է ստացվում: Հետո միշտ պետք է լինեն երազանքներ, որ ձգտելու տեղ ունենաս: Եթե բոլոր երազանքներն իրականանան ու մարդը սպառվի․․․ չէ, դա սխալ է: Անընդհատ պետք է շարժիչ ուժ ունենալ: Փոքրիկ քարերով աստիճան կառուցել: Այս մոտեցումը ոչ միայն մասնագիտական ասպարեզում, այլև կյանքում էլ եմ կիրառում: Յուրաքանչյուր ասպարեզում՝ կենցաղից սկսած ես սովորում եմ ու փոքր քայլերով առաջ գնում: Ես շատ եմ սիրում սովորել, նոր բաներ իմանալ: Ես նաև դասավանդում եմ «Դասական պար» առարկան, ու դա էլ ինձ շատ օգնեց իմ մասնագիտության մեջ: Որպես ուսուցիչ ներկայանալը, փոքրիկների հետ աշխատելը դա մի ուրիշ պատասխանատվություն է, այդ դիսցիպլինան, զգաստ վիճակը․․․ Երբ սկսեցի դասավանդել, նկատեցի, որ ավելի ուշադիր եմ, որովհետև այն, ինչ ուղղում եմ, իմ վրա էլ եմ փորձում: Արդյո՞ք ես անում եմ այն, ինչ ուրիշներից պահանջում եմ: Եվ դա ինձ շատ օգնեց:
Ինչպիսի՞ տարի էր 2022-ը:
-2022-ն իմ կարիերայի համար չէր: Այդ տարի ծնվեց իմ աղջիկը: 2021-ն էր իմ կարիերայում շատ բուռն ու լարված, գերհագեցած իրադարձություններով լի: Ես այդ ժամանակ պարեցի «Լորկիանա»-ում Սոլեդադի կերպարը, «Դոն Քիշոտ»-ում Ռոզիտայի կերպարը: «Աիդա» օպերայում Ամներիսի կերպարը մարմնավորեցի, որը, ճիշտ է, փոքր հատված է, մեկ րոպեանոց պար, բայց իմ սրտին շատ հարազատ:
.jpg)
«Աիդա» օպերա
Ի՞նչ ակնկալիքներ ունես 2023 թվականից:
-Աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք: Ինքնազարգացում, ինքնակրթություն, կատարելագործում: Նոր տարում չեմ լցվի սպասելիքներով, ես կկատարեմ իմ աշխատանքն առավելապես ու դրան համապատասխան արդեն կսպասեմ արդյունքներին, պտուղներին: Ես կարծում եմ՝ այն, ինչ պետք է տեղի ունենա, ճիշտ ժամանակին տեղի կունենա:


Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Աննա Շաշիկյանը
Կարող եք կարդալ նաև՝
Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»
Նարե Մարկոսյան․ «Պարեցի Մաշայի «պա-դե-դեն» ու ետնաբեմում քրոջս ասացի, որ այս ամենն իր համար եմ անում»
Սևակ Ավետիսյան․ Երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ
Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի
Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը
Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ
Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ
Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ
Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել
Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել


