Հայ-ամերիկյան կոմպոզիտոր Մարի Կույումջյանի «Երկրպագություն» (Adoration) օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի՝ «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում։ Սա առաջին դեպքն է, երբ հայ կոմպոզիտորի օպերան առաջադրվել է «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում:
Ստեղծագործությունը պատմում է աշակերտի մասին, որի ահաբեկչական հարձակումների մասին գրած երևակայական պատմությունը դառնում է վարակիչ՝ բացահայտելով, թե ինչպես են վիշտը, ռասիզմը և մեդիայի աղավաղումները մթագնում իրականությունը։
Օպերան ստեղծվել է հայ-կանադական ռեժիսոր Ատոմ Էգոյանի համանուն ֆիլմի հիման վրա։ Լիբրետոն գրել է կանադացի դրամատուրգ Ռոյս Վավրեկը։ Ռեժիսորը Լեյն Ռեթմերն է, իսկ երաժշտական ղեկավարը՝ դիրիժոր Ալան Փիրսոնը։ Կույումջյանը նաև երաժշտություն է գրել Նյու Յորքի ֆիլհարմոնիկի, «Քրոնոս» քառյակի և երաժշտական այլ խմբերի համար, որոնք ելույթ են ունենում «Քարնեգի Հոլում», «Լինքոլն» կենտրոնում և «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում:
Կույումջյանը Ռոյս Վավրեկի հետ միասին ստացել է OPERA America-ի պատվերի դրամաշնորհ՝ Էգոյանի ֆիլմի էկրանավորումը ստեղծելու համար: 2024 թվականի «Նախատիպերի փառատոն»-ի շրջանակներում պրեմիերայից հետո օպերան իր Արևմտյան ափի պրեմիերան ունեցավ Լոս Անջելեսի օպերայում 2025 թվականի փետրվարին:
Կույումջյանը լայն ճանաչում է ձեռք բերել ժամանակակից երաժշտության ոլորտում: Նա 2024 թվականի Պուլիցերյան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից էր երաժշտության ոլորտում և պատվերներ է ստացել առաջատար հաստատություններից՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Քարնեգի Հոլ, Մետրոպոլիտեն արվեստի թանգարան և այլք:
Հիշեցնենք՝ GRAMMY մրցանակաբաշխությունը կայանալու է 2026 թվականի փետրվարի 1-ին՝ Լոս Անջելեսում։


