Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ներկայացրեց «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը։ Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին նվագախումբը Ազատության հրապարակում ներկայացավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմեր» համերգներով։ Երկու օր շարունակ Երևանի սրտում հանդիսատեսը վայելեց Տիգրան Մանսուրյանի և Հանս Ցիմերի լավագույն ստեղծագործությունները։ Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ Հանս Ցիմերին շատերը գիտեին ֆիլմերով, բայց առաջին անգամ է, երբ նրա ստեղծագործությունները ներկայացվում են համերգային ծրագրով: «Մտահղացումը շատ ողջունելի էր, որովհետև նման գեղարվեստական մոտեցումը շատ կարևոր է նաև հեղինակի համար: Մաեստրոյի պատվին նման համերգ է իրականացվում մի երկրում, որտեղ նա երբեք չի եղել», - նշեց Սմբատյանը:
Սեպտեմբերի 1-ի համերգին ներկա էր նաև հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: «Շատ ուրախ եմ, որ վայելում ենք այս համերգային երեկոն: Այսօր իսկապես տոն է», - ասաց Մանսուրյանը:
Դասական երաժշտական երեկոներն այսքանով չեն ավարտվում: Օրեր անց Թումանյանի անվան այգում՝ Երևանյան առաջին միջազգային փառատոնում, կրկին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: