Logo

Մահացել է ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գևորգյանը

13:55 / 20.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

79 տարեկանում մահացել է հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գևորգյանը: Դերասանուհու մահվան լուրը հայտնել է Նունե Ավետիսյանը՝ գրելով. «Կյանքից հեռացավ Հայ Թատրոնի Թագուհին։ Անկրկնելի, Մեծ դերասանուհին… Մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։ Մեր աննման գեղեցկուհին։ Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»։

Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն:  Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։
1988 թվականին մասնակցել է Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։ Ըստ նրա՝ Բաքու էր մեկնել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու համար, սակայն դերասանուհուն Հայաստան համարեցին դավաճան, և նա 1991 թվականին տեղափոխվեց և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։ Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն:

«Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988 թվականին։ Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է դերասանուհին։

 

 

fastnews-ads-banner