Logo

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը

Հեղինակ
FastNews
13:19 / 13.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սուրեն Հասմիկյան

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է կինոգետ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Հասմիկյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- հայտնել են միությունից։

Սուրեն Հասմիկյանը (Սուրեն Հակոբյան) ծնվել է 1935 թվականին Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր՝ արվեստի որևէ ճյուղով զբաղվելու դեպքում, ի պատիվ տատի, ընտրել «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

1957 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որը գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։

1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» ֆիլմում։

1957 թվականից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։ 1972 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983 թվականից՝  Երևանի թատրոնի և կինոյի պետական պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը:

fastnews-ads-banner