62 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կինոյի և թատրոնի դերասան Ռոման Մադյանովը: Տեղեկությունը հայտնել է դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան «Telegram»-ում։ «Քանի՞ անգամ ենք միասին ձուկ որսացել: Դու միշտ հաղթում էիր, որովհետև ձկները հաճույքով գալիս էին դեպի քո ձկնորսական կարթը: Միշտ խոսում էի քո տաղանդի մասին, իսկ դու ամաչում էիր ու կարմրում... Սերը քո հանդեպ համազգային է։ Որքան դժվար է ընդունել այս լուրը», - գրել է Ստրիժենովան:
Ըստ «StarHit» ամսագրի՝ Մադյանովն ուներ թոքերի քաղցկեղ: Դերասանը երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ։ Գարնանը հայտնի դարձավ, որ հիվանդությունը զարգանում է: Մադյանովի մոտ ախտորոշվեց բրոնխի և թոքի վերին շերտի չարորակ նորագոյացություն: Իսկ երիկամներում, փայծաղում և լյարդում կային կիստաներ։ Օգոստոսի վերջին Մադյանովը հոդերի մասնակի փոխարինման վիրահատություն տարավ, որին հաջորդեց վերականգնողական կուրսը։ Վերջին ամիսներին դերասանը թոքերի քաղցկեղի պատճառով նաև հակաուռուցքային թերապիայի կուրս էր անցնում:
Մադյանովը նկարահանվել է «Լեգենդ թիվ 17», «Կոպեյկա», «12», «Այրված արևից 2», «Եսենին», «Պատժամիջոցային գումարտակ», «Խեղճ Նաստյա» և այլ ֆիլմերում։ Նրան մեծ ճանաչում են բերել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը և «Զինվորներ» սերիալը: