Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտնում է, որ մահացել է հայ գեղանկարիչ, մանկավարժ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդիկ Վարդանյանը։
Նա ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1977 թվականից մասնակցել է Հանրապետական համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 1980 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2012 թվականից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն էր։
Էդիկ Վարդանյանի նկարները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի պետական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Սիրիա և այլն):
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը գրել է․ «Ցավալի օր է մեր Ակադեմիայի համար։ Կյանքից հեռացավ Էդվարդ Վարդանյանը, բայց մեզ՝ ապրողներիս, նա թողեց իր հեքիաթները, որտեղ հին աստվածության նման նա ննջում է աստղազարդ երկնքի տակ, հեքիաթներ, որոնք մեզ հիշեցնում են մարդկային մեծագույն կարողություններից մեկի՝ ինքդ քեզ հումորով վերաբերվելու առաքինության մասին։ Շնորհակալություն՝ ապրելու համար անփոխարինելի այս ժառանգությունը մեզ թողնելու համար»:
Էդիկ Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 2-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ հունիսի 3-ին, ժամը 13:00-ին՝ նույն տեղից։