Logo

Լյուդվիգ Իսպիրյան․ Ինձ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:25 / 31.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Լյուդվիգ Իսպիրյան- բալետի մենակատար

VNewsCulture-ի այսօրվա զրուցակիցն է Իսրայելի պետական բալետի գլխավոր մենակատար, պարուսույց ու բեմադրող Լյուդվիգ Իսպիրյանը: Լյուդվիգն առաջին անգամ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացել է 16 տարեկանում և  «Գայանե» ներկայացման մեջ մարմնավորել Կարենին: Ճակատագրի բերումով Թել Ավիվում տեսել են Լյուդվիգի պարի տեսագրությունը, և Իսրայելի մշակույթի նախարարությունը պաշտոնական առաջարկությամբ դիմել է երիտասարդ հայ պարողին՝  առաջարկելով դառնալ Իսրայելի պետական բալետի առաջատար մենակատար: Այս տարիների ընթացքում Լյուդիգը տասնյակ դերեր է կերտել, եղել աշխարհի լավագույն բեմերում ու թողել է իր ձեռագիրը բալետի պատմության մեջ:

Լյուդվիգի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով՝ փորձի ընդմիջման ժամանակ․

Լյուդվիգ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Ձեր պատմությունը շատ հետաքրքիր է: Փողոցից կտրելու նպատակով մայրիկն ու տատիկը Ձեզ տարել են Պարարվեստի ուսումնարան, բայց մի քանի անգամ քննություններից կտրվել եք:

-Հա, երեք անգամ քննություն եմ հանձնել (Ծիծաղում է - Հեղ․):

Բայց տատիկն ու մայրիկն ավելի համառ են գտնվել ու, ի վերջո, Դուք ընդունվել եք Պարարվեստի ուսումնարան, թեպետ, կարծես թե, երազում էիք ֆուտբոլիստ դառնալ:

-Ես չէի ուզում ֆուտբոլիստ դառնալ, հայրս էր ուզում, որ ես ֆուտբոլիստ դառնայի, որովհետև ինքը ժամանակին ֆուտբոլիստ է եղել: Թիմ ունեին, խաղում էին, ինձ էլ էին տանում խաղերի: Բայց մի քանի անգամ խաղերի տանելուց հետո հայրս հասկացավ, որ ֆուտբոլն իմը չէ: Տանում էի «բուծիները» պահում էի, որ ինձ ֆուտբոլի չտանեին: Չգիտեմ՝ ինչու չէի սիրում ֆուտբոլը: Բայց պարը միշտ սիրել եմ, երաժշտությունը միշտ սիրել եմ, տանը հեռուստացույցի դիմաց միշտ պարել եմ: Քույրս, որ ինձանից չորս տարով մեծ է, արդեն պարում էր ժողովրդական պարեր, ու այդպես որոշեցին ինձ էլ տանել պարի, բայց՝ բալետի: Հետո արդեն Պարարվեստի ուսումնարանի նախակրթական բաժինը տեղափոխեցին:

 Լյուդվիգ Իսպիրյան-1

Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Պարարվեստի ուսումնարան չէին ընդունում:

-Տվյալներս չէին համապատասխանում: Երբ նախապատրաստական բաժնից պետք է քննություն տայի ուսումնարան ընդունվելու համար և երբ չընդունվեցի, դասղեկս՝ ընկեր Ամիրյանը, լացում էր: Հետո ևս մի քանի փորձից հետո ինձ պայմանական ընդունեցին մեկ տարի ժամկետով, որ հասկանան՝ արդյո՞ք կկարողանամ: Շատ եմ պարապել, անհատական դասեր էլ ունեի՝ բոլորից մեկ ժամ շուտ գալիս էի պարապմունքի, հետո արդեն պարապմունքից հետո, երբ բոլորը գնում էին, ես էլի մնում էի պարապելու:

Սկզբունքի հա՞րց էր:

-Հա, սկզբունքի հարց էր: Որ անկեղծ լինեմ, սկզբնական շրջանում ես անգամ չգիտեի՝ բալետն ինչ է: Սկզբնական շրջանում բալետով զբաղվում էի, որ ապացուցեմ, հետո արդեն ինձ համար սպորտ էր դարձել՝ որքան շատ կպտտվեմ կամ ավելի բարձր կթռնեմ:

Միայն 14 տարեկանո՞ւմ հասկացաք, որ բալետն առաջին հերթին արվեստ է:

-Բարձրացա մեծ բեմ, ու այնտեղ նվագախումբն էր, բեմական հագուստները, դեկորացիաները․․․ Արդեն հասկանում ես, որ սա արվեստ է, սպորտ չէ: Հասկացա, որ բալետն իմն է, որ իմ սրտում տեղ ունի, ու նաև հանդիսատեսի ընդունումն էր շատ հաճելի:

 Լյուդվիգ Իսպիրյան-2

Լա՞վ են ընդունել:

-Հա, շատ ջերմ:

Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին:

-Ճակատագրի՞ն: Հավատում եմ, բայց բաներ կան, որ մեր ձեռքերում է, ու դու ժամանակին պետք է ընտրություն անես, ճիշտ քայլեր անես: Որ ճակատագիրն, ինչպես ասեմ, ավելի ճիշտ գնա: Չգիտեմ:

Դուք քանի՞ հոգու եք ճանաչում Ձեր ոլորտում, երբ պարի տեսանյութը դիտելուց հետո այլ երկրի օպերային թատրոնում առաջարկել են առաջատար մենակատարի հաստիք:

-Ոչ այդքան շատ (Ծիծաղում է - Հեղ․): Այստեղ և՛ ճակատագիրն էր, և՛ իմ ցանկությունն էր լինել առաջինը: Իսրայելը բոլոր կրոնների երկիր է, ու ինձ թվում է՝ հավատքը ինձ բերեց Իսրայել, ու Աստված կամեցավ, որ ես ավելի մոտ լինեմ իրեն այստեղ:

 Լյուդվիգ Իսպիրյան-3

Դուք հավատացյա՞լ եք:

-Խելագար հավատացյալներից չեմ, բայց հավատում եմ Աստծուն:

Ճի՞շտ է, որ Իսրայելում բոլոր հնարավորություններն ընձեռնվել են ստեղծագործելու համար: Անգամ Իսրայելի ներքին գործերի նախարարը հատուկ հրամանագիր է ստորագրել Ձեզ քաղաքացիություն շնորհելու ու բանակից ազատելու համար:

-Այո, ճիշտ է:

Դա շոյո՞ւմ է ինքնասիրությունը:

-Իհարկե շոյում է, անչափ հաճելի է: Անկեղծորեն ասեմ՝ առաջին իսկ օրվանից Իսրայելում ինձ չեմ զգացել օտար հողում: Թատրոնի տնօրինությունն ընդունել է շատ ջերմ ու ինձ տվել այն զգացողությունը, որ ես իրենցն եմ, որ օտարերկրացի չեմ:

 Լյուդվիգ Իսպիրյան-4

Ի՞նչ եք կարծում՝ դուք կհասնեի՞ք այն ներկայացումներին, հաջողությանը, եթե մնայիք Երևանում:

-Իսրայելը հնարավորություն էր, որ ես իմ պարային տվյալները կարողանայի առավելագույնս ներկայացնել: Մեծ հնարավորություն էր, մանավանդ ժամանակակից պարերի խաղացանկի առումով, որն այն ժամանակ մեր թատրոնում ընդհանրապես չկար: Իսրայելը համարվում է առաջատար՝ ժամանակակից պարերի առումով: Ու այդ հնարավորությունն ինձ տրվեց, որ բացի դասական բալետից, նաև մոդեռն արվեստում ինձ դրսևորեմ:

Ձեր ազգանվան «յան»-ը Իսրայելում օգնե՞լ է, թե՞ խանգարել: Եղե՞լ են առաջարկներ հրաժարվել հայկական ազգանունից:

-Եղել են մարդիկ, որ ասել են՝ դա կարող է քեզ խանգարել, գուցե այսպես անես, գուցե այնպես անես: Բայց «յան»-ը իմ պարծանքն է, բոլորը գիտեն, որ ես հայ եմ, ու ինձ ընդունել են որպես հայ: Ճիշտ է, շատ տեղերում, չէ, ամեն տեղ էլ այդպես է, երբ դու գալիս ես ուրիշ երկիր, դու պետք է քեզ մի քիչ ուրիշ ձև ներկայացնես, որովհետև դու օտարազգի ես: Պետք է միշտ ավելին լինես բոլորից, որ քեզ ընդունեն:

 Լյուդվիգ Իսպիրյան-5

Մի անգամ ասել եք, որ չեք սիրում, երբ Ձեզ անվանում են բալետի պարող, նախընտրում եք, որ ասեն բալետի արտիստ:

-Բալետի արտիստները դերեր են կերտում, միայն սպորտ չեն ներկայացնում: Մենք միայն չենք պարում, կերպար ենք մարմնավորում, հանդիսատեսին պատմություն պատմում: Հանդիսատեսը գալիս է ու տեսնում «Մարդուկ-Ջարդուկ»-ը ու պետք է հետ գնա անցյալ՝ հասկանալու համար ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ: Կամ «Ռոմեո ու Ջուլիետ», որպեսզի հասկանա, թե այդ ժամանակ Իտալիայում ինչ էր կատարվում: Մենք պարի միջոցով, մարմնի լեզվով փոխանցում ենք սյուժեն: Դրա համար էլ ես չեմ սիրում, երբ ասում են բալետի պարող:

Տեխնիկան ու դերասանական վարպետությունը բեմի վրա միանգամից համատեղելն ինչպե՞ս է ստացվում:

-Երբ շատ-շատ ես փորձեր անում, այդ երկուսը դառնում են համատեղելի: Դժվար չէ, երբ դրանով ապրում ես, երբ դա քո ամենօրյա աշխատանքն է դառնում: Երբ հասնում ես մենակատարի աստիճանի, անդադար աշխատում ես ու քո զգացմունքներն արդեն դերերի միջոցով կարողանում ես փոխանցել:

 Լյուդվիգ Իսպիրյան-6

Օրվա ընթացքում քանի՞ ժամ եք փորձ անում:

-Երբ նոր էի տեղափոխվել Իսրայել՝ օրական վեց-յոթ ժամ փորձ էի անում: Հիմա էլ  պատահում է, որ մինչև 5 ժամ փորձ ենք անում:

Ձեր բնավորության ո՞ր գծերն են, որ օգնել են կայանալ այս ոլորտում:

-Ներքին ուժը, այսպես ասած ,«դուխը», որը միշտ ինձ հետ է եղել, չհանձնվելը, որ պետք է կանգ չառնել ու մինչև վերջ գնալ:  

Իսկ ո՞ր գծերն են խանգարում:

-Խանգարող գծեր չունեմ (Ծիծաղում է - Հեղ․):

 Լյուդվիգ Իսպիրյան-7

Ճի՞շտ է, որ Ձեզ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո:

-Հա, ճիշտ է: Առաջին դերս Ռոմեոն էր, ու մեկ տարվա մեջ ավելի քան հիսուն անգամ Ռոմեո եմ պարել: Այդ ժամանակ տասնութ տարեկան էի: Տեխնիկապես դժվար դեր է, բայց կերպարը ոնց որ ինձ համար լիներ: Ես չէի մտնում դերի մեջ, ես զգում էի Ռոմեոյին: Շատ երկար իմ ուսուցչի հետ աշխատել եմ դերասանական կտորների վրա: Շատ սիրեցի Ռոմեոյին: Հենց այդ կերպարով բալետում ձևավորվեց դերասանական մոտեցումս: Որովհետև մինչ այդ դերը, Երևանում Կարեն էի պարել «Գայանե» ներկայացման մեջ, որը խարակտերային կերպար չէ, դերասանական վարպետություն չի պահանջում, միայն տեխնիկա:  Իսկ այստեղ արդեն պետք է պատմեի՝ ո՞վ է Ռոմեն, ինչի՞ մասին է ներկայացումը:

Մի անգամ ասել եք, որ Ձեզ շատ հոգեհարազատ է կոմս Ալբերտի կերպարը «Ժիզել» ներկայացման մեջ: Ինչո՞ւ հենց այդ կերպարը:

-Մինչև Ռոմեո պարելը, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ռոմանտիկ դերերն ինձ համար չեն: Քսանմեկ տարեկան էի, որ Ալբերտի դերը սկսեցի փորձել: Մի քանի տարբերակով կարելի է ընկալել սյուժեն: Մեկ, թե որքան սիրահարված է Ալբերտը, որ խաբում է՝ չհասկանալով, չպատկերացնելով, թե ի՞նչ կարող է լինել: Համարձակության պահը կա, որ ավելի մոտ է ինձ, որ գնում է այդ քայլին՝ իմանալով, որ կարող է շատ բան կորցնել՝ չպատկերացնելով, որ Ժիզելը կարող է մահանալ: Իր կերպարը շատ լավ է կերտված, խորեոգրաֆիան շատ ուժեղ է:

 Լյուդվիգ Իսպիրյան+8

Եթե կյանքում հանդիպեիք կոմս Ալբերտին, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

-Խորհուրդ կտայի, որ երբ հարաբերության մեջ է՝ ժամանակին կանգ առնի:

Իսրայելի բալետում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչում են:

-Չէ, ցավոք, չկան, բայց շատ կուզեի լինեին ու պարեի «Սպարտակ», «Գայանե»:  

Ճի՞շտ է, որ մի անգամ Բուդապեշտում ներկայացումից հետո հանդիսատեսը 15 րոպե հոտընկայս ծափահարել է Ձեզ:

-Դե, միայն ինձ չի ծափահարել (Ծիծաղում է - Հեղ․), ամբողջ թատրոնին 15 րոպե կանգնած ծափահարել է հանդիսատեսը:

 Լյուդվիգ Իսպիրյան-9

Հիշո՞ւմ եք այդ պահի Ձեր զգացողությունները:

-Անբացատրելի էր, դա նշանակում է, որ քեզանից, քո պարից էներգիա են ստացել ու չեն ուզում հեռանալ դահլիճից: Ուզում են քեզ հետ մնալ:

Եթե ես ճիշտ եմ հիշում, Դուք Հայաստանի բալետային թատերախմբով մեկնել եք Թուրքիա ու Ստամբուլում պարել:

-2001 թվականն էր, ու այդ զգացողությունը երբեք չի կրկնվի: Բալետային թատերախմբով երեք օր ճանապարհ գնացինք: Մենք պատանի էինք, ես, Ռուբենը, Պետրոսը մանկության ընկերներ էինք, ու այդ ճամփորդությունն անմոռանալի էր: Ճանապարհին Անին տեսանք, Վանա ծով գնացինք, մորական կողմս վանեցի է: Այնտեղից հող ու ջուր էի բերել, ու դրեցինք տատիկիս գերեզմանին: Ամեն ինչ շատ խորհրդավոր էր Ախթամարում: Կարս մտանք, հայրական կողմս էլ Կարսից է: Ստամբուլում «Գայանե» բալետը պարեցինք, մարդիկ չէին ուզում, որ գնայինք դահլիճից, ու կանգնած լացում էին ու անդադար ծափահարում: Դա իմ կյանքի ամենահիշվող պահերից է՝ թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մարդ:

Դուք նաև դասական բալետ եք դասավանդում:

-Այո, ու նաև որպես ուսուցիչ՝ ունեցել եմ հաջողություն: Իմ աշակերտներից մի քանիսն արդեն երկրից դուրս են աշխատում, մեկն էլ հիմա Իսրայելի բալետում է ու ինձ հետ է պարում: Իմ առաջին աշակերտը հիմա արդեն մենակատար է ու մենապարեր էլ է պարում: Դա շատ մեծ պարծանք է, երբ քո աշակերտը հասնում է քեզ, ու մեր տարիքային տարբերությունն էլ շատ մեծ չէ:

Ինստագրամի էջում շատ եք հրապարակում տեսանյութեր ոչ միայն դասական բալետից, այլ նաև ժամանակակից պարերից, մասնավորապես՝ բաչատա: Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք հետաքրքրվել բաչատայով:

-Իսրայելում մի զույգ կար, որ բաչատայի աշխարհի չեմպիոններ են եղել, ու նրանք ինձ մոտ անհատական դասեր վերցրին: Դասերն անցկացնելուց հետո խնջույքի էինք մասնակցում, ու ինձ ասացին, որ խումբ կա, որտեղ երեք զույգ են: Ու հիմա խմբում տղա պարող է անհրաժեշտ: Առաջարկեցին իրենց խմբին միանալ: Համաձայնեցի, քանի որ լատինո ու հիփ-հոփ երաժշտությունները շատ էի սիրում: Իմ զույգը սալսայի աշխարհի չեմպիոն էր: Խմբով Իսրայելում առաջին հորիզոնականը զբաղեցրինք: Հյուրախաղերի մեկնեցինք, Իսպանիայում դասավանդելու գնացինք: Հիմա խումբը չկա, բայց ես հիմա ինձ համար մեկ-մեկ բաչատա եմ պարում:

Դուք քանի՞ տարի եք բալետ պարում:

-Համարյա քսան տարի:

Ինչպե՞ս կբնութագրեք այս քսան տարվա կարիերան:

-Իմ կարիերան լի է եղել դժվարություններով: Ես անընդհատ դժվարության եմ հանդիպել ու միշտ ուրախացել, որ կարողացել եմ հաղթահարել: Երբեք չեմ մտածել, որ ինչ-որ բան չեմ կարողանա հաղթահարել: Դժվարությունը պետք է անցնես, պետք է փորձես, պետք է հավելյալ աշխատես: Առաջատար լինես ոչ միայն բեմում, այլև կյանքում: Բալետն ինձ տվել է ուժ, բնավորություն, որ հասնես արդյունքի:

Գո՞հ եք Ձեր կարիերայից:

-Հա, ինձանից շատ գոհ եմ (Ծիծաղում է - Հեղ․):

 Լյուդվիգ Իսպիրյան-10

Ո՞նց եք նայում հանգամանքին, որ Դուք այսօր թե՛ Իսրայելի բալետում, թե՛ Երևանում օրինակ եք շատերի համար:

-Շատ ուրախ եմ դրա համար: Եթե նայենք անցյալին, թե քանի անգամ չեմ ընդունվել Պարարվեստի ուսումնարան, ու այս ամբողջ ճանապարհն անցնելով հասել եմ արդյունքի, նոր սերունդը կարող է իմ օրինակով տեսնել, որ դժվար բան չկա, ու պետք չէ ճանապարհի կեսից կանգ առնել ու հետ գնալ: Մարդ, որը երեք անգամ քննությունը չի հանձնում, հետո դառնում է առաջատար մենակատար:

Ո՞ր պահից հասկացաք, որ բալետում հասել եք առավելագույնին:

-Մինչև այսօր դեռ պարապում եմ, տանջվում եմ առավելագույնին հասնելու համար: Երազանքի դերեր չունեմ, բայց կուզեի նոր դերեր կերտել: Կուզեի «Բայադերկա» պարել, երևի մեկ էլ «Սպարտակ»: Մնացած բոլոր դերերը, որոնք կուզեի պարել, արդեն պարել եմ:

Ինչի՞ մասին եք երազում:

-Ընտանիք կազմելու: Ժամանակն է երեխաներ ունենալու: Իսկ պարային առումով՝ կատարելագործեմ իմ պարային տեխնիկան ու ավելի ու ավելի ուժեղ արտիստ լինեմ, նոր դերեր կերտեմ: Խորեոգրաֆիան կատարելագործեմ ու ներկայացումներ բեմադրեմ:

Ունե՞ք երազանքի ներկայացում, որ կուզեիք բեմադրել արդեն որպես խորեոգրաֆ:

-«Ռոմեո ու Ջուլիետ» և «Կարմեն»: Շատ կոնտրաստային են, ընդհանրապես իրար նման չեն, բայց երկուսն էլ կուզեի բեմադրել:

Դուք մեր օպերային թատրոնի հետ համագործակցո՞ւմ եք, կապ կա՞։

-Կապ կա, իհարկե: Շատերն իմ ընկերներն են:

Նկատի ունեմ բացի ընկերական հարաբերություններից:

-Համագործակցություն չկա, բայց Ռուբենի հետ (Ռուբեն Մուրադյանը բալետային թատերախմբի ղեկավարն է ու առաջատար մենակատարը) նման խոսակցություն եղել է, դե Ռուբենն իմ մանկության ընկերն է: Իսրայելում էլ ցանկություն կա համատեղ ծրագրեր անելու: Մտքեր կան, ցանկությունը կա, մնում է իրագործել: 

 Լյուդվիգ Իսպիրյան-11

Չե՞ք ուզում հյուրախաղերով Հայաստան գալ:

-Շատ լավ կլինի, որ Իսրայելի բալետը գա Երևան, ու որպես բալետի ներկայացուցիչ՝ ես էլ իրենց հետ պարեմ:

Ե՞րբ եք տուն վերադառնալու:

-Երևի ամռանը, միշտ արձակուրդներին գալիս եմ Երևան:

Իսկ վերջնակա՞ն:

-Վերջնակա՞ն: Չգիտեմ՝ ճիշտն ասած: Չեմ կարող ասել, ինչպես կդասավորվի: Այսօրվա դրությամբ ես իմ կարիերան այստեղ եմ տեսնում: Իսրայելն արդեն իմ երկրորդ տունն է: Տասնվեց տարի է՝ այստեղ եմ գտնվում, թեպետ իմ ամբողջ կյանքը կապված է Հայաստանի հետ:

Ավարտեք նախադասությունը․ արտիստը կարող է հասնել հաջողության, եթե․․․

-Եթե աշխատասեր լինի ու հոգեպես ուժեղ:

Վերջերս բալետի մի արտիստից էի հարցազրույց վերցրել, որն ուներ բավական լավ տվյալներ, բայց հոգեպես ուժեղ չէր ու թատրոնում կոտրվել էր:

-Նման պատմություններ, ցավոք, շատ կան, մեր աշխարհը բարդ է: Առաջատար մենակատար լինելու համար պետք է ոչ միայն տվյալներ ունենաս, այլև հոգեպես ամուր լինես: Ներկայացումը դու ես տանում, պետք է ուժ ունենաս, որ չհանձնվես, ճանապարհներ գտնես, որպեսզի դուրս գաս վատ, տհաճ իրավիճակներից:    

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարները՝ Լյուդվիգ Իսպիրյանի անձնական արխիվից

Կարող եք կարդալ նաև՝ 

Մարիամ Գարաջյան․ Ուժեղ մարդ չեմ, դրա համար էլ թատրոնում ինձ կոտրեցին

Արսեն Մեհրաբյան․ Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին բեմից հեռանալ

Մարիա Աղաբաբովա․ Երազում եմ Էգինայի դերի մասին, բայց ես գիտեմ իմ հնարավորություններն ու այդ դերին երբեք չեմ մոտենա

Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»

Նարե Մարկոսյան․ «Պարեցի Մաշայի «պա-դե-դեն» ու ետնաբեմում քրոջս ասացի, որ այս ամենն իր համար եմ անում»

Սևակ Ավետիսյան․ Երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ

Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի

Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը

Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ

Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»

Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ

Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ

Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել

Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել  

fastnews-ads-banner