Gay.it պարբերականին տված հարցազրույցում ռեժիսոր Լուկա Գուադանյինոն պատմել է, որ հաստատում է «Կանչիր ինձ քո անունով» / “Call Me By Your Name” հաջողած մելոդրամայի սիքվելի լուրը և նշել, որ երկրորդ ֆիլմում մենք կրկին կտեսնենք դերասաններ Արմի Համերին և Թիմոթի Շալամեին, որոնք առաջին մասում մարմնավորել էին գլխավոր հերոսներ Օլիվերին և Էլիոյին։
Ռեժիսորը նաև նշել է, որ ստիպված դադարեցրել է ֆիլմի հետ կապված աշխատանքը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ «Ես պատրաստվում էի Միացյալ Նահանգներ մեկնել, որտեղ պետք է հանդիպեի ֆիլմի սցենարիստին, ում շատ եմ սիրում, սակայն անունը դեռևս չեմ ուզում հրապարակել։ Պետք է միասին քննարկեինք երկրորդ մասի հետ կապված գործընթացը, սակայն ամեն ինչ չեղարկվեց։ Իհարկե, մեծ բավականություն է աշխատել Թիմոթի Շալամեի, Արմի Համերի, Մայքլ Սթուլբարգի, Էսթեր Գարելի և մյուս դերասանների հետ,-նշել է ռեժիսորը։– Իրենք բոլորն էլ լինելու են նոր ֆիլմում»։

Իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն
Գուադանյիոն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է ֆիլմի սիքվելի վրա։ 2019-ի աշնանը գրող Անդրե Ասիմանը, որի վեպի հիման վրա էլ ստեղծվել է ֆիլմը, ավարտին է հասցրել պատմության երկրորդ մասը։
Սակայն այժմ հայտնի չէ, արդյոք Գուադանյինոն հետևելու է Ասիմանի նոր գրքին, թե շարունակելու է պատմությունը սեփական տեսլականին համաձայն։

