Լոս Անջելեսում սպանել են դերասան Ջոնի Ուոքտորին: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում՝ Սաութ Հոուփ փողոցի Վեսթ-Պիկո պուրակում: Դերասանի մայրը TMZ-ին պատմել է, որ որդին վիճել է 3 տղամարդու հետ, որոնք փորձել են մեքենայից ինչ-որ իր գողանալ: 37-ամյա Ուոքտորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Կասկածյալները դեպքի վայրից փախել են: Ոստիկանությունը դեռ չի ձերբակալել նրանց: Նախաքննությունը շարունակվում է։
Ուոքտորի գործակալ Դեյվիդ Շաուլը «Variety»-ին պատմել է դերասանի մասին: «Ջոնի Ուոքտորը տպավորիչ մարդ էր: Նա ոչ միայն տաղանդավոր դերասան էր, ով նվիրված էր իր արվեստին, այլև իսկական բարոյական օրինակ բոլորի համար: Նա համառ էր, միշտ քրտնաջան աշխատում էր և երբեք չէր հանձնվում», - ասել է գործակալը:
Ուոքտորը խաղացել է «Վայրի Արևմուտքի աշխարհը», «Ծովային ոստիկանություն», «Կայարան 19», «Մտածել ինչպես հանցագործը» և «Աղջիկը Հոլիվուդից» սերիալներում։ Նա ավելի հայտնի է «Գլխավոր հոսպիտալը» սերիալում Բրանդո Քորբինի դերով։