VNews Culture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի, Գերմանիայի Ֆլենսբուրգի, Դորտմունդի թատրոնների նախկին առաջատար մենակատար, այժմ Հանովերի թատրոնի առաջատար մենակատար Լիլիթ Հակոբյանը:
Լիլիթի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․
Հանովերի թատրոնի պաշտոնական կայքէջում Ձեր կենսագրության մեջ ասվում է, որ Դուք գերազանցությամբ ավարտել եք Երևանի պարարվեստի ուսումնարանն ու բալետի արտիստի կարիերան սկսել եք Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ու մինչև 2007 թվականը Երևանում եք պարել:
-Հետաքրքիր իրադարձություններով պահերն եմ ապրել այդ տարիներին: Ուսումնարանում շատ ոգեշնչող էր, բոլորն ուզում էին ինչ-որ բանի հասնել, ու դա այն ժամանակաշրջանն էր, երբ տղաները հերթով երկրից գնում էին ու դրսում կարիերա անում: Բոլորը նպատակ ունեին: Շատ սիրուն տարիներ էին․ մինչև հիմա ջերմությամբ եմ հիշում, ու ամեն անգամ ուսումնարան մտնելուց այդ զգացմունքները վերադառնում են:
Դուք ումի՞ց էիք ոգեշնչվում:
-Բոլորից ոգեշնչվում էի: Երբ ես ավարտում էի՝ տղաները «Հզոր զգացմունքներ» խմբով շատ էին համերգներ տալիս, իսկ իմ ուսուցիչն Արմեն Գրիգորյանն էր՝ Արմանի հայրը, ու մենք շատ էինք լսում խմբի տղաների մասին ու նրանցով էինք ներշնչվում, ոգեշնչվում: Հայ տղաներով շատ էինք ոգևորվում, ու յուրաքանչյուրի մտքում էլ այն էր, որ մենք էլ ենք ուզում նման կարիերա: Իհարկե, աղջիկների պարագայում շատ ավելի դժվար է: Գրեթե հույս չկա, որ կկարողանաս մեկնել արտերկիր:
Իսկ այդ դժվարությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Ուսման համար կրթաթոշակ, չգիտես ինչու, միայն տղաներին են տալիս: Օրինակ, ես շատ էի ուզում դրսում սովորել ու Համբուրգից և Շտուտգարտից հրավերներ էի ստացել, բայց ես պետք է ուսման ծախսը վճարեի: Իսկ դա անհնար էր: Ու չկարողացա այդ հրավերները վերցնել, մեկնել արտերկիր՝ ուսումը շարունակելու, և Պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվեցի թատրոն: Հետո, երևի թե բախտի բան էր, 17 տարեկան էի ու դեռ չէի հուսահատվել: Այդ տարիներին «կասետով» նկարելու հասկացություն կար: Իմ պարերը, ներկայացումները նկարում էի ու դրսում աշխատող կամ սովորող հայ տղաներին ուղարկում: Ու այդպես Ազատ Ղարիբյանը, Արսեն Չրաղյանն ու Արմեն Գևորգյանը Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի թատրոնում միասին էին աշխատում, ու իրենց թատրոնում ներկայացման համար մի քանի ամսով աղջիկ էր հարկավոր, ու այդպես ես ընդունվեցի աշխատանքի: Ես, առանց դրսում սովորելու, միանգամից Եվրոպայում աշխատանքի եմ ընդունվել: Իմ պատմությունն այդպես է եղել: Երևանի պարարվեստի ուսումնարանի կրթությամբ ու թատրոնում երկու տարի աշխատելով կարողացել եմ Եվրոպայում աշխատանքի ընդունվել:
Այդպես մեկնեցիք Գերմանիա:
-Այո: Սկզբում Ֆլենսբուրգ քաղաքում էի, որտեղ պարում էին նաև մեր երեք տղաները: Ու իրենք ինձ շատ օգնեցին, այսպես ասած՝ «ոտքի կանգնեցրին» դեպի մեծ բեմ, մեծ կյանք: Ես, առանց լեզու իմանալու, առանց ժամանակակից պարի կրթության, հայտնվեցի Գերմանիայում ու, իհարկե, տղաների օգնությունը շատ մեծ էր: Առաջին դերս Գերմանիայում Ստրավինսկու «Սրբազան գարուն» մոդեռն ներկայացումն էր, ու չեմ կարող նկարագրել, թե ինչպես էի հուզվում:
Հա, բայց այն ժամանակ Երևանում մոդեռն ներկայացումներ ընդհանրապես չկային: Հիմա նոր-նոր ինչ-որ քայլեր են արվում: Ձեզ համար դժվար չէ՞ր այդքան երիտասարդ տարիքում, ընդհանրապես փորձ չունենալով, Գերմանիայում մոդեռն ներկայացման մեջ պարել: Ռիսկային չէ՞ր: Ո՞նց դուրս եկաք այդ պատասխանատվության տակից:
-Երևանում Վարդան Խաչատրյան կար, ինքը վաղուց ԱՄՆ-ում է բնակվում: Ես իր մոտ գնում էի մոդեռն, ջազային պարերի: Իհարկե, այստեղի մոդեռնի պես չէին պարերը, բայց շարժվելու ու պարի այլ ուղղություն էր: Ու մոդեռնն ինձ համար այդքան էլ խորթ չէր, ու ես միշտ շատ սիրել եմ մոդեռն պարերը, բեմադրությունները: Դա նաև իմ ցանկությունն էր: Ես ցանկանում էի Գերմանիայում ոչ թե դասական թատրոնում աշխատել, այլ մոդեռն, ու մինչև հիմա էլ այդպես է: Իհարկե, սկզբում դժվար էր, որովհետև, երբ Հայաստանում ես՝ գիտես, որ տակից մի կերպ դուրս կգաս, նման հանգստություն ու վստահություն բոլորիս մոտ էլ կա: Բայց գալիս ես Գերմանիա ու տեսնում, թե այստեղ մակարդակն ինչքան բարձր է, ինչքան կարևոր է այստեղի կրթությունը: Առաջին մի քանի ամիսը շատ դժվար էր, լեզուն չէի հասկանում, երբեմն չէի հասկանում, թե ինձանից ինչ են պահանջում (Ծիծաղում է - Հեղ․): Բայց և՛ տղաների օգնությամբ, և՛ իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ ամեն ինչ ստացվեց: Այսօրվա դրությամբ ես աշխատում եմ Գերմանիայի ամենաուժեղ մոդեռն թատրոններից մեկում՝ Հանովերում:
Կար նպատակ, որ պետք էր իրագործե՞լ, թե՞ չէիք ուզում մյուսներից հետ մնալ:
-Ես գիտեի, որ ուզում եմ, ու հասնելու էի դրան: Կապ չունի՝ որքան բարդ կլիներ ու ինչ դժվարությունների միջով եմ անցնելու: Ինձ դա չէր հետաքրքրում: Որքան շատ եմ դժվարությունների հանդիպել, երբեք ծանր չեմ տարել: Ասում էի՝ «Շատ լավ, Լիլիթ, սա էլ հաղթահարեցինք: Ամեն ինչ լավ է լինելու»:
Կանանց համար միշտ ավելի բարդ է: Ոչ միայն բալետում, այլև ցանկացած ոլորտում՝ լրագրությունից սկսած, մինչև բալետ, կանանց համար խոչընդոտներն ավելի շատ են, դժվարություններն ու արգելքները՝ նույնպես: Ու եթե տղաներն ընդհանրապես կարիք չունեն որևէ բան ապացուցելու, որպեսզի հասնեն ինչ-որ բանի, կանայք ստիպված են ավելի շատ ապացուցել:
-Այո, այդպես է:
Ձեր կյանքում նման բանի հանդիպե՞լ եք:
-Գիտե՞ք, Եվրոպայում այդպես չէ, ու այստեղ շատ են պայքարում, որ սեռային տարբերությունը չզգացվի: Ես դա Երևանում էի ավելի շատ նկատում, որ տղաներին ավելի հեշտ էր անվճար ուսում ստանալը: Եվրոպայում կա Audition հասկացութուն, և երբ գնում ես աշխատանքի ընդունվելու, եթե լավն ես, քեզ կընդունեն աշխատանքի:
2019 թվականին ասել եք, որ Ձեր երազանքն իսրայելցի խորեոգրաֆ Շարոն Էյալի գործերից պարելն է: Հարցազրույցից անցել է չորս տարի, Ձեր մասնագիտական երազանքն իրականացե՞լ է, թե՞ ոչ:
-Դեռ ոչ, բայց Ձեզ համար փակագծերը կբացեմ․ 2024 թվականի հունվարին նրան հրավիրել են, որպեսզի մեր թատրոնում ներկայացում բեմադրի: Հաջորդ տարի երազանքս կկատարվի:
Նույն հարցազրույցում նաև նշել էիք, որ միշտ երազել եք Մարկո Գյոկեի գործերից պարել, ու այնպես ստացվեց, որ նա ղեկավարեց Հանովերի թատրոնը:
-Այո: Մի պատմություն պատմեմ․ Մարկոն 2022 թվականին Գերմանիայի լավագույն խորեոգրաֆ ճանաչվեց: Սովորաբար մեծ միջոցառում է կազմակերպվում, որտեղ ներկա են լինում Գերմանիայում պարի ոլորտում լավագույնները: Մրցանակը ստանալուց առաջ հարկավոր էր, որ բեմում հանդիսատեսին ներկայացվեր Մարկո Գյոկեի խորեոգրաֆիան։ Թատրոնում բոլոր արտիստներից ինձ ընտրեց, ու այդ տասը րոպեանոց բեմադրությունը ես պարեցի, և մրցանակը ստացանք: Մարկոն Գերմանիայում ու նաև ամբողջ աշխարհում ամենապահանջված արտիստներից է, ու երբ իմացա, որ գալիս է մեզ տնօրեն, շատ ուրախացա: Ու գիտեի, որ այն, ինչ երազում էի, որ պետք է պարեմ, հաստատ կպարեմ: Նրա գալուց հետո ամեն ինչ փոխվեց: Նա շատ մեծ արտիստ է ու ամեն ինչին բոլորովին ուրիշ ձև է նայում, աշխատելու այլ ոճ ու ուղղություն ունի: Բացի պարայինը, նաև ճաշակ է սովորեցնում՝ ինչպե՞ս բեմադրես, ինչպե՞ս ճիշտ նայես ամեն ինչին:
Իսկ ի՞նչ զգացողություն է, երբ մրցանակի հանձնման արարողությանը հենց Դուք պետք է պարեիք այդ տասը րոպեանոց բեմադրությունը:
-Դա աննկարագրելի զգացողություն էր: Կարծես այդ օրն ինձ էլ մրցանակ տված լինեին: Հպարտություն էի զգում:
Հիմա ես կկրկնեմ այն նույն հարցը, որ Ձեզ տվել են չորս տարի առաջ․ այսօր ի՞նչ երազանքներ ունեք:
-Որ ճիշտն ասեմ՝ չեմ մտածում, թե ինչ երազանք ունեմ: Ամեն ինչ անում եմ, որ ամեն ինչ սահուն գնա: Բայց իմ հաջորդ քայլը բեմադրություններն են: Արդեն սկսել եմ բեմադրել, ու կուզենամ, որ այդ բեմադրությունները, իմ ասելիքը մի օր ավելի մեծ բեմ հասնի: Ես պարային առումով արդեն երազանք չունեմ: Իհարկե, դեռ պարում եմ, բայց կամաց-կամաց անցել եմ բեմադրությունների, ու երազանք կլինի, որ իմ մտքերը մեծ բեմ դուրս գան:
Ընդհանրապես հե՞շտ է կին արտիստներին գալ այն կետին, որ պետք է թողնել բեմը:
-Ինձ թվում է՝ դա մարդուց է կախված: Ես դրան շատ ուշադիր եմ: Իմ բազմաթիվ ընկերներ արդեն չեն պարում, ու ինձ շատ հետաքրքիր է նրանց հոգեբանությունը, թե ինչպես են տանում այդ փաստը: Ու այնքան տարբեր են մարդիկ՝ մեկը ծանր է տանում, դեպրեսիայի մեջ է ընկնում: Մյուսը լրիվ այլ բանով է զբաղվում, երրորդը՝ մեկ ուրիշ ճանապարհ ընտրում: Ինձ թվում է՝ կին-տղամարդ տարբերություն չկա, դա կախված է մարդու բնավորությունից ու նաև՝ որքան ես նախապատրաստված այդ հաջորդ քայլին: Պարն իմ կյանքն է, իմ ամեն ինչն է: Դրա համար էլ խորեոգրաֆիան փախուստի նման մի բան է, որ այդ անցումն առաջին հերթին ծանր չտանեմ ու նաև կապը պարի ու թատրոնի հետ չկտրվի:
Կա՞ դեր, որով կուզեիք եզրափակել Ձեր կարիերան: Սովորաբար մեծ արտիստները միշտ ծրագրում են, թե որ դերով ավարտեն իրենց կարիերան:
-Մեր թատրոնում դասական բալետ գրեթե չկա: Նման երազանք չունեմ, որ որևէ դերով ավարտեմ կարիերան:
Որպես բալետի արտիստ Ձեզ ամբողջությամբ ռեալիզացրե՞լ եք:
-Հա, ինձ թվում է՝ այո: Իմ ուղին այնպես է ընթացել, ինչպես ես կուզեի: Ես ուզում էի Գերմանիայում աշխատել ու անպայման մոդեռն պարել, ու հետո ինչ-որ մի տարիքում հասկացա, թե ինչ մոդեռն եմ ցանկանում պարել, ու դա էլ Մարկոյի հետ իրականացավ: Իհարկե, միշտ կա ավելին, բայց ես, աղջիկ լինելով, որը բավական դժվարություններ է հաղթահարել, ինչ-որ բանի ամեն դեպքում հասել եմ:
Հպա՞րտ եք Ձեզանով, Ձեր կարիերայով: Ամերիկացիները մի լավ ձևակերպում ունեն, ասում են՝ «I am proud myself»:
-Չէէ, նման բան չկա (Ծիծաղում է - Հեղ․): Այստեղ կյանքը շատ հասարակ է: Դա կարծրատիպ է, որ պետք է անընդհատ հպարտ լինես քեզ համար: Մարդիկ շատ հասարակ են, տիտղոսներ չկան:
Հա, բայց Դուք, որ հետ եք նայում՝ 17-18 տարեկան աղջիկը միայնակ գնում է Գերմանիա՝ առանց դրսում սովորելու, հասնում է նրան, ինչին երազում էր, այն նպատակները, որ իր առջև դրել էր, իրականացնում է: Այդ ամենը Ձեզ ինքնավստահություն չի՞ հաղորդում:
-Անկեղծ ասեմ, նոր մտածեցի Ձեր խոսքերի շուրջ: Երբևէ չեմ խորացել այդ հարցի շուրջ: Ես սարսափելի ոչ ինքնավստահ մարդ եմ, բայց, երևի թե, հենց դրանով է պայմանավորված այն, ինչին այսօր հասել եմ: Այդ սուպեր ինքնավստահությունն իմ մեջ չկա: Ես ցուցադրական բաներ չունեմ, ու կարծում եմ՝ հենց դրա շնորհիվ է, որ այսօր հասել եմ այստեղ:
Է՞լ ինչի շնորհիվ եք հասել:
-Շատ, անսահման շատ, անընդհատ աշխատելով: Այդ աշխատանքը միշտ բազմապատիկ հետ է գալիս: Այստեղ ուրիշ ոչ մի բան հաշվի չի առնվում, միայն աշխատանքը:
Ի՞նչը կուզեիք փոխել Ձեր կյանքում:
-Կուզեի ավելի շատ ժամանակ ծնողներիս հետ անցկացրած լինեի: Երբ Հայաստանից հեռանում ես՝ կապը շատ է կտրվում: Ու որ հետ եմ նայում, թե որքան եմ կտրվել ծնողներիցս․ իսկ ես նրանց միակ երեխան եմ․․․ Մի քանի տարի առաջ հայրս մահացավ, ու այդ հարցն անընդհատ գլխիս մեջ էր՝ ինչքան քիչ եմ տուն գնացել՝ տարվա մեջ մեկ կամ երկու անգամ: Ու հիմա տարվա մեջ գոնե չորս-հինգ անգամ գալիս եմ Երևան:
Դուք նաև ֆիլմում եք նկարահանվել:
-Այո, Հովհաննես Գալստյանի «Թողություն» ֆիլմում:
Ֆիլմում Դուք բալետի արտիստի եք մարմնավորում:
-Շատ էի ուրախացել, երբ առաջարկը ստացա։ Առաջին հերթին նրա համար, որ Հայաստանում եմ աշխատելու, քանի որ 2007-ին, երբ Երևանից հեռացա, այլևս չեմ պարել թատրոնում, ու համագործակցություն չկար: Նաև շատ ուրախացել էի, որ պարային ֆիլմ է: Նկարահանումն ամռանն էր, շատ ինտենսիվ ժամանակաշրջան էր ինձ համար, քանի որ ֆիլմում բավական շատ պարային համարներ կան, որոնք ես եմ բեմադրել: Ես և՛ բեմադրում էի, և՛ խաղում, և՛ պարում: Ու այդ բոլոր գործողությունները հասցրել ենք անել մի քանի շաբաթում: Ինձ համար շատ հավես ժամանակահատված էր: Շատ լավ անցավ: Խաղում էի Խորեն Լևոնյանի, Վիվիեն Բաստաջյանի ու Սոս Ջանիբեկյանի հետ․ նրանք հայկական կինոյի ամենաուժեղ դերասաններից են: Չնայած ես թատերական ինստիտուտում դերասանական բաժնում մի քանի տարի սովորել եմ, բայց դա 15 տարի առաջ էր: Ու այդ ամենը պետք էր վերհիշել: Իմ ամենամոտ ընկերուհու՝ Ֆրիդա Յորքի հետ, որը նույնպես խաղում է ֆիլմում, միասին ժամերով տեքստի վրա էինք աշխատում: Այս տարիների ընթացքում, չգիտես ինչպես, ես ակցենտ էի ձեռք բերել: Փորձում էինք տեքստի վրա աշխատել: Հոյակապ ժամանակ էր, ու գիտե՞ք, բոլորն ինձ օգնում էին՝ թե՛ Վիվիենը, թե՛ Խորենը: Հուսով եմ՝ էլի նման առաջարկներ կլինեն, քանի որ ֆիլմում նկարահանվելն ինձ շատ հետաքրքրեց: Շատ է տարբերվում պարային ոլորտից․ այլ ռիթմով են աշխատում:
Կադր «Թողություն» ֆիլմից
Ֆիլմում Ձեր կերպարը Ձեզ հետ նմանություն ունի՞:
-Չէէէ, ընդհանրապես ինձ հետ կապ չունի (Ծիծաղում է - Հեղ): Ու հենց դա էր հետաքրքիրը, որ ես մարմնավորում էի մի մարդու, որն ինձ ընդհանրապես նման չէ:
Ֆիլմում ամբիցիաների բախում է՝ բալետի արտիստուհու և տնօրենի միջև: Դաշտում գոյատևելու համար որքանո՞վ են հարկավոր այդ ամբիցիաները բալետի արտիստին:
-Շատ կարևոր է, առանց ամբիցիայի չես կարող որևէ տեղ գնալ: Ու չպետք է մոռանաս, թե ինչու ես այդտեղ, քեզ անընդհատ պետք է հիշեցնես՝ ի՞նչ ճանապարհ ես անցել, ինչի՞ մասին ես երազել: Ամբիցիան շատ կարևոր բան է, որն ինձ օգնում է գոյատևել:
Երևանում վերջին անգամ պարել եք «Ժիզել» ներկայացման մեջ՝ Միրթայի դերը:
-Այո, 2007 թվականն էր: Նույն տարվա ընթացքում նաև «Դոն Կիխոտ» ներկայացման մեջ ավելի փոքր դեր ունեի՝ մենապար էր:
Մտածո՞ւմ եք օպերային թատրոնի հետ համագործակցության մասին:
-Հա, ես մեծ հաճույքով որպես խորեոգրաֆ կուզեի համագործակցել: Քանի որ կապը կա թե՛ իմ կուրսեցիների, թե՛ ուսուցիչների հետ: Ամեն տարի, երբ գալիս եմ Երևան, նրանց այցելում եմ: Օպերային թատրոնի հետ համագործակցությունը շատ ավելի հեռու երազանք է, քանի որ ես մոդեռն բալետ եմ պարում ու բեմադրում: Իսկ Հայաստանում շատ քիչ են մոդեռն ներկայացումները: Եվրոպայում շատ արագ են ներկայացումները բեմադրվում: Մենք յուրաքանչյուր երկու ամիսը մեկ թատրոնում պրեմիերա ունենք:
Մի անգամ հենց պրեմիերաների մասին եք խոսել ու ասել եք, որ շատ եք ցավում, որ Հայաստանում շատ հազվադեպ են ներկայացումների պրեմիերաներ լինում: Իհարկե, Երևանում Հանովերի պես չէ, բայց տարին մեկ անգամ նոր ներկայացման պրեմիերա ունենում ենք:
-Շատ բան է փոխվել, ինչի համար ես շատ ուրախ եմ: Ես հետևում եմ, որ վերջին մեկ-երկու տարվա մեջ հսկայական փոփոխություն կա: Դրսից այնքան հաճելի է դա տեսնելը: Բայց, իհարկե, ինձ հաճելի կլիներ, որ մոդեռն ներկայացումները շատ լինեին: Ինձ հրավեր չի եղել թատրոնից, բայց հիմա տեսնում ու գիտակցում եմ, որ այս պահին իմ կարիքն ավելի շատ Պարարվեստի ուսումնարանում կա, ու ամեն անգամ, երբ գալիս եմ Երևան, ուսումնարանում մոդեռն պարի բաժնում վարպետության դաս եմ տալիս, փոքրիկ բեմադրություն եմ անում: Մեկ շաբաթ առաջ էլ էի Երևանում ու էլի ուսանողների հետ աշխատում էի: Շատ փակագծեր չբացեմ, բայց ուսումնարանի հետ ավելի շատ պլաններ կան:
Ինչի համար մենք միայն ուրախ ենք:
-Ես էլ եմ ուրախ ու շնորհակալ եմ Ձեզ հարցազրույցի համար:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Նարեկ Մարտիրոսյան․ Լուրերից իմացա, որ արժանացել եմ «Մովսես Խորենացի» մեդալին
Արշակ Ղալումյան․ «Born in Armenia» արտահայտությունը միշտ ինձ հետ է
Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից
Վահրամ Համբարձումյան․ Շատ կուզեի «Սպարտակ» պարել, բայց Արգենտինայում դա անհնար էր
Գևորգ Ասոյան․ Մրցույթից հետո ինձ մոտեցավ Մայա Պլիսեցկայան ու ասաց․ «Ես ձեզ՝ հայերիդ շատ եմ սիրում»
Էլվիրա Մնացականյան․ Եթե երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի