Մայակովսկու մասին մեր նախորդ հոդվածներից մեկում Vnews-ն անդրադարձել էր ռուսական ավանգարդի ամենաքաջ ներկայացուցիչներից մեկին՝ Լիլիա Բրիկին: Մի կին, որը հիմնովին փոխել էր Մայակովկսու կյանքը, ձևավորել էր նրա՝ որպես մեծ պոետի ուղին՝ ոչ միայն նրան ոգեշնչելով, այլ դառնալով նրա սիրուհին, ոճաբանը և մի քիչ էլ տանջողը. բազմիցս էր նշել.
«Վոլոդյան մի քիչ կտանջվի, կտանջվի, հետո մի արժեքավոր ստեղծագործություն կգրի»:
Լիլիա Բրիկի սուր աչքի և ճաշակի շնորհիվ Մայակովսկին այն ժամանակների համար համարվեց ամենաոճային պոետը՝ համարձակ սանրվածքներով, ընդգծված հագուստով և արտաքինով:
Բայց այս հոդվածով ավելի մանրամասն կուսումնասիրենք Լիլիա Բրիկին, մի կնոջ, որը չընդունեց սովետական հասարակարգի բարոյական կանոնները, մերժեց ընտանիքի և երեխաների ինստիտուտը՝ ապրելով միայն հաճույքի համար…
Ծագումով…
Լիլիա Կուգանը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում: Նրա ծնողները հարգված մարդիկ էին քաղաքում և հայտնի էին իրենց զուսպ վարքով: Հայրը իրավաբան էր, իսկ մայրը՝ երաժիշտ: Քրոջ՝ Էլզայի հետ Լիլիան շատ մտերիմ էր: Ի դեպ հենց քրոջ շնորհիվ Լիլան հետագայում կծանոթանա Մայակովսկու հետ, բայց այդ մասին ավելի ուշ…

Սովորում էր Լիլիան գիմազիայում: Կարծում էր, թե մաթեմատիկան է այն միակ մասնագիտությունը, որով նա պետք է զբաղվեր հետագա կյանքում, բայց շատ շուտով հիասթափվում է այդ բնագավառից և նույն խանդավառությամբ տրվում է ճարտարապետությանն ու գեղանկարչությանը: Բայց այստեղ էլ է նա արագ հիասթափվում:
Սկանդալներ
Դեռ երիտասարդ հասակում Լիլիան լավ գիտեր՝ ինչպես տղամարդկանց գերել, դա նրան այնքան հեշտ էր տրվում, որ տանը միշտ սկանդալներ էին տեղի ունենում այդ պատճառով: Նրա հարազատ քեռին ժամանակին նույնիսկ ցանկություն է հայտնել ամուսնանալ Լիլիայի հետ, քանի որ մինչև անգիտակցություն սիրահարվել էր զարմուհուն: Իսկ ծնողները, հետագա սկանդալից խուսափելու համար, ժամանակավորապես աղջկան արտասահման են ուղարկում, բայց երբ Լիլան վերադառնում է, սկսում է ջութակի մասնավոր դասել վերցնել, և շուտով պարզվում է, որ ջութակի ուսուցիչը փախել է, իսկ Լիլիան հղի է…

Այս հղիության դադարեցման պատճառով էլ Բրիկը ամբողջ կյանքում կզրկվի մայարանալու հնարավորությունից:
Օսիպ…
Երբ Լիլիան առաջին անգամ հանդիպում է Օսիպ Բրիկին, ծնողները շունչ են քաշում՝ հուսալով, որ աղջիկը վերջապես խելք է հավաքել և այլևս ապահով ձեռքերում է: Մինչդեռ Օսիպի ծնողները բավականին անհանգիստ էին որդու ընտրությամբ. հավանություն չէին տալիս նրանց ամուսնությանը: Ինչևէ, 1912 թվականի գարնանը զույգն ամուսնանում է հրեական ծիսակարգով, բայց ոչ եկեղեցում, այլ տանը:

Ամուսինները կարծես ի սկզբանե ընտրել էին ամունության իրենց ձևաչափը՝ այն է ազատ հարաբերություններ, որտեղ երրորդը բոլորովին ավելորդ չէր: Դե ինչպես հասկացաք, եկավ Մայակովսկու աստղային ժամը…
Թող լինի երրորդը…
1915 թվականին Էլզա Բրիկը ծանոթացնում է քրոջն ու Օսիպին երիտասարդ պոետ Մայակովսկու հետ: Առաջին հայացքից Լիլիան կարծես չի էլ հավանում պոետին՝ նրան համարելով ահավոր կոպիտ և տգեղ: Բայց երբ Մայակովսկին Լիլիայի համար ընթերցում է իր «Ամպը տաբատի մեջ» բանաստեղծությունը և էլզայի թուլտվությամբ այն նվիրում Լիլիային, իրադարձությունները կտրուկ փոխվում են: Նրանք սիրավեպ են սկսում: Օսիպը բոլորովին դեմ չի լինում այս եռաչափ հարաբերություններին, ավելին՝ նպաստում է դրանց զարգացմանը, քանի որ Լիլիան Մայակովսկուն ոգեշնչում էր, իսկ Օսիպը պոետի մեծ երկրպագուն էր:
Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և Մայակովսկին տեղափոխվում է նրանց բնակարան: Այստեղ խանդի տեսարաններ սկսում է Մայակովսկին խաղալ: Նա պահանջում է Լիլիայից բաժանվել Օսիպից, իսկ վերջինս այս հարցում անդրդվելի էր, քանի որ նա յուրովի սիրում էր ամուսնուն, և երբեք չէր բաժանվելու նրանից, մինչև Օսիպի մահը:
Հետագայում Լիլիա Բրիկը իր նամակներից մեկում կգրի.
«Մինչ ես Օսիպի հետ սիրով եմ զբաղվում ննջասենյակում, Մայակովսկին խոհանոցում լաց է լինում»:

Համարձակը…
Ամբողջ Մոսկվայում Բրիկը տարբերվում էր իր ոճով: Նա միակն էր այն ժամանակ, ով արտասահմանյան մեքենա էր վարում Մոսկվայի փողոցներում: Մեքենան, ի դեպ, «Ռենո» մակնիշի էր՝ անասելի մի շքեղություն, որը Բրիկին նվիրել էր Մայակովսկին:

Քրոջ՝ Էլզայի շնորհիվ, որը ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի կինն էր, Լիլիա Բրիկը հաճախ էր ճամփորդում: Կրում էր ամենամոդայիկ զգեստները: Լավագույն նորաձևության տների սպասված հյուրն էր: Նույնիսկ տարիներ անց՝ 83 տարեկանում, Լիլիա Բրիկը Շերեմետևո օդանավակայանում պատահաբար կծանոթանա ֆրանսիացի նորաձևության աստղ Իվ Սեն Լորանի հետ, որը ամբոխի մեջ կնկատի մի տարբերվող հագուկապով և արտաքինով կնոջ, կմոտենա և այսպես կձևավորվեն բարի ընկերական հարաբերություններ: Ի դեպ, հայտնի դիզայները Բրիկի համար կստեղծի բազմաթիվ զգեստներ և Փարիզում կկազմակերպի նրա 85 ամյակի առիթով մի մեծ ընթրիք-միջոցառում:
«Ես ճանաչում էի երեք կանանց, որոնք նրբագեղ էին նաև նորաձևությունից դուրս՝ Կատրին Դենյովը, Մառլեն Դիտրիխը և Լիլիա Բրիկը»:
Իվ Սեն Լորան
Բայց վերադառնանք անցյալ: Երբ 1930 թվականին ինքնասպան է լինում Մայակովսկին, Լիլիան և Օսիպն այդ ժամանակ Մոսկվայում չեն լինում: Նրա մահվան լուրը Բրիկը երկար ժամանակ ծանր կտանի: Բայց տարիներ անց, երբ կյանքից կհեռանա Օսիպը, Լիլիայի համար իրական հարված կլինի, քանի որ նա բազմիցս շեշտում էր, որ Օսիպն իր կյանքի միակ տղամարդն էր, որին սիրում էր մի անբացատրելի սիրով…
«Ես սիրում էի, սիրում եմ և կսիրեմ նրան եղբորից ավելի, ամուսնուց ավելի, որդուց ավելի։ Այսպիսի սիրո մասին ես չեմ կարդացել և ոչ մի բանաստեղծության մեջ, ոչ մի տեղ։ Ես նրան մանկուց եմ սիրում, նա անբաժան է ինձնից։ Այդ սերը չի խանգարել Մայակովսկու հանդեպ իմ սիրուն»:

«Ինձ համար այնպես չէ, որ մահացել է իմ սիրելի, մոտ մարդը, երբ դժվար է, անփոխանցելի, այլ պարզապես Օսիայի հետ մահացա և ես․․․ Ես ոչ մի հուշ չունեմ առանց Օսիայի։ Մինչև նա ոչինչ չկար։ Պարզվեց, որ նրա հետ է կապված ամեն ինչ, յուրաքանչյուր մանրուք։ Մի խոսքով, ոչ թե պարզվեց, այլ ես միշտ էլ գիտեի դա և ամեն օր ասում էի նրան․ «Արժե ապրել միայն այն բանի համար, որ դու կաս այս աշխարհում»։ Իսկ այժմ ես ի՞նչ անեմ»…
Նա կամուսնան երկրորդ անգամ Վիտալի Պրիմակովի հետ: Սակայն այս ամուսնությունը երկար չի տևի, քանի որ ստալինյան ռեպրեսիանների ժամանակ քաղաքական հայացքների համար գնդակարվում է Պրիմակովը: Նույնիսկ Լիլիա Բրիկի քաղաքական մեծ կապերը չեն կարողանում ամուսնուն փրկել մահապատժից:
Լրտեսական խաղեր…
Ի դեպ, Լիլիա Բրիկը հայտնի էր ոչ միայն որպես գրական գործիչ, նա նաև ազդեցիկ կապեր ուներ բարձրաստիճան չինովնիկների հետ: Ավելին՝ նրա անունը կցված էր հետախուզություններում: Այս գաղտնիքը բացահայտվեց նրա մահից հետո, երբ հայտաբերվեցին Լիլիա Բրիկի անունով հետախույզի վկայականը: Իսկ տարիներ առաջ Մայակովսկի-Բրիկների բնակարանի դռան վրա որոշ ժամանակ կախված էր ենթադրաբար Սերգեյ Եսենինի կողմից գրված մի էպիգրամա․
«Կարծում եք՝ այստեղ ապրում է Բրի՞կը՝ լեզու ուսումնասիրո՞ղը։
Այստեղ ապրում է լրտեսը և Չեկի հետաքննիչը»:
Օգնելով Փարաջանովին…
Եվ հենց այս կապերի շնորհիվ էլ նա կարողանում է բանտից վաղաժամ ազատել հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը Բրիկի մոտ առաջանում է վերջինիս «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի դիտումից հետո։ Որոշ ժամանակ անց Փարաջանովը ժամանում է Մոսկվա, և նրան հրավիրում են Կուտուզովի պողոտայում գտնվող Բրիկի տուն։
Այս ծանոթությունն արագ վերածվում է լավ ընկերության․ Լիլիա Բրիկը և Սերգեյ Փարաջանովը հաճախ էին միմյանց զանգահարում, փոխանակվում նորություններով․ կինոռեժիսորի ուղարկած նվերները Կիևից երբեմն անսպասելի էին․ Փարաջանովը կարող էր ծանոթների միջոցով ուղարկել հնդկահավից պատրաստված ուտեստ, գյուղական ոճի զգեստ՝ արտասովոր զարդարանքով, սեփական ձեռքերով պատրաստված կովկասյան գոտի։ Փարաջանովը Մոսկվա այցելելիս մեծ հաճույքով էր կանգ առնում Բրիկ-Քաթանյանի բնակարանում՝ «նաև այն պատճառով, որ այդ տան մթնոլորտը համապատասխանում էր նրա ստեղծագործական աշխարհին»։
Լիլիա Բրիկի գրական հավաքներին մասնակցում էին ժամանակի մեծերը՝ Պաստեռնակը, Ախմատովան, Մայա Պլիսեցկայան: Բրիկը հրաշալի հարաբերություններ ուներ Պիկասոյի, Շագալի, չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդայի հետ:

Քաթանյան…
Լիլիայի երրորդ ամուսինը գրականագետ Վասիլի Քաթանյանն էր՝ ազգությամբ հայ գրական գործիչ, որը, թողնելով ընտանիքը, շուրջ 40 տարի ապրեց Լիլիա Բրիկի հետ: Նրանք վաղեմի ծանոթներ էին: Լիլիան բազմիս էր Քաթանյանին կնոջ հետ հյուրընկալել իր տանը, քանի որ Քաթանյանը զբաղվում էր Մայակովսկու ստեղծագործությունների հրատարակմամբ և ուսումնասիրմամբ:
Ի դեպ, Մայակովսկու ինքնասպանությունից որոշ ժամանակ անց Ստալինը արգելել է նրա ստեղծագործությունների վերահրատարակումը: Բայց Լիլիա Բրիկի նամակ-խնդրանքը շատ արագ այդ որոշումը փոխել է տալիս, և Ստալինը, հաշվի առնելով Բրիկի հանդեպ հարգանքն ու անձնական համակրանքը, հանում է արգելքը և Մայակովսկու աշխատանքները կրկին հասանելի են դառնում գրական աշխարհի համար: Բրիկը նաև հիմնում է Մայակովսկու թանգարանը Մոսկվայում:
Ճակատագրական ընդօրինակում…
Այս զարմանալի կինը ինքնասպան եղավ 1978 թվականի օգոստոսի 4-ին՝ խմելով քնաբերի բարձր դոզավորմամբ հաբեր: Դեռ մեկ տարի առաջ նա դժբախտ պատահարի ժամանակ ազդրոսկրի վզիկի կոտրվածք էր ստացել և որպեսզի բեռ չլինի ինքն իր և շրջապատի համար, ինքնասպանություն է գործում:

«Երազ տեսա: Ես բարկանում եմ Վոլոդիայի վրա, որ նա իքնասպան է եղել, իսկ նա ձեռքս փոքրիկ ատրճանակ է քնքուշ
սահեցնում ու շշնջում ականջիս՝ «միևնույն է, դու էլ ես նույն կերպ վարվելու»… Մահվանս մեջ ոչ ոքի չմեղադրեք»:
Գրել էր Բրիկը մահից առաջ…
Այս անասելի հզոր կնոջն ողջ կյանքի ընթացքում կամ անսահման սիրեցին, կամ անշրջելիորեն ատեցին. փաստորեն նա զուր չապրեց:
Ո՞րն էր ի վերջո այս կնոջ գաղտնիքը…
«Տղամարդուն պետք է ներշնչել, որ նա հանճարեղ է: Թույլ տալ նրան այն, ինչն արգելված է տանը: Իսկ մնացած հարցերը կլուծեն լավ կոշիկն ու մետաքսե ներքնազգեստը»…


Կարդացեք նաև՝

