Ի՞նչ է հայտնի հայաստանցիներին ժամանակակից պարագվայական կինոինդուստրիայի մասին. առանձնապես ոչ մի բան: Մինչ այդ Պարագվայը հաճախակի միավորվում է հարևան երկրների հետ (և ոչ միայն) ու փորձում միահամուռ ուժերով գրավել միջազգային հեղինակավոր հարթակները:
Այդպես երկու տարի առաջ Բեռլինի միջազգային կինոփառատոնում հաջողությամբ ներկայացվեց պարագվայցի ռեժիսոր և սցենարիստ Մարսելո Մարտինեսիի «Ժառանգորդները» կատակերգական դրաման, որը ստեղծվել է ոչ միայն տեղեկան ֆինանսների հաշվին, այլ նաև Ուրուգվայի, Բրազիլիայի և մի քանի եվրոպական երկրների աջակցությամբ:
Ֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ Չելան և Չիքիթան են, 60-ն անց ունևոր կանայք, որոնք տասնամյակներ շարունակ ապրում են Չելայի ժառանգության շնորհիվ, իսկ այժմ ստիպված վաճառում են թանկարժեք պապական սպասքը և դեկորը:

Նվաստացուցիչ քայլին զույգը գնացել է անճարությունից. Չիքիթան խնդիրներ ունի դատարանի հետ և պետք է վճարումներ կատարի, իսկ մինչ այդ ստիպված ուղևորվում է բանտ: Չելան, ինչպես բազմաթիվ ունևոր մարդկանց զավակներ, երբեք չի զբաղվել կենցաղային և փողային հարցերով, պարտադրված չի եղել աշխատել օրվա ապրուստն ապահովելու համար, իսկ այժմ, երբ մնացել է միայնակ իրեն խնամող սպասուհու հետ, իրեն հետաքրքիր խնդրանքով է դիմում տարեց հարևանուհին:
Կնոջն անհրաժեշտ է միանալ ընկերուհիների հետ ավանդական խաղաքարտային խաղին, սակայն տաքսի պատվիրել նա չի ցանկանում, այդ իսկ պատճառով դիմում է Չելային, որը ժառանգել է ոչ միայն տարատեսակ բյուրեղյա բաժակներ և արծաթյա պատառաքաղեր, այլ նաև հոր վինտաժային «Մերսեդես»-ը: Այդպես Չելան, որը, մինչ այդ ավտոմեքենայի ղեկին էր նստում հազարից մեկ՝ այն էլ անվստահ և նյարդայնացած, սկսում է կամաց-կամաց ոչ միայն հղկել սեփական վարորդական հմտությունները, այլ նաև գումար վաստակել և դառնալ հնարավորինս ավելի ինքնուրույն: Իրավիճակն ավելի է հետաքրքրանում, երբ Էնջին, «խաղաքարտային ակումբ»-ի մասնակից կանանցից մեկի ծանոթը, խնդրում է Չելային հասցնել իրեն նախկին բոյֆրենդի տուն՝ իրերը վերցնելու:
Մարտինեսին նուրբ, առանց որևէ ճնշման և կտրուկ հնարքների կերտում է այս գողտրիկ, զգայուն և էսթետիկ էլեմենտներով լի կանացի աշխարհը, որտեղ բոլոր տների առաստաղները բարձր են, իսկ կահույքը շագանակագույն կամ մուգ կարմիր փայտից է: Խնամված, ծեր կանայք գուցե և ունեն որոշակի առողջական խնդիրներ, լավ չեն լսում և ակտիվ չեն տեղաշարժվում, սակայն երբեք չեն մոռանում շրթներկի և մատնահարդարման մասին, իսկ ջլուտ ձեռքերին և պարանոցներին մշտապես ոսկեզօծ զարդեր են: Էնջին ուրիշ է. ավելի երիտասարդ, բարեկազմ, զգացմունքային, նա կիսա-ընկերական, կիսա-ֆլիրտային միջավայրում սովորեցնում է Չելային ծխել և արևային ակնոց կրել, փոխում է սովորական դարձած, հնամոլ առօրյան, թեքում է ավտոմեքենայի ղեկը տրորված արահետից:

Ինչպես և պարագվայական մթնոլորտը հագեցած է արևահարված, պեպենոտ կանանցով, նրբաճաշակ կահույքով, թեժ երկխոսություններով և երիտասարդական հիշողություններով, այդպես էլ դիտողական օպերատորական աչքը հետևում է հերոսուհիներին մոտիկից, բայց ոչ շատ մտերմիկ, պահպանում է տարածությունը, օրինակ, գլխավոր հերոսուհու՝ Չելայի անհանգիստ և մտազբաղ դեմքը նկարելիս, որը փոխվում է պատմության երկրորդ կեսում:
Հատուկ՝ սալորագույնից մինչև երկնագույն երանգների գունապնակը տեղափոխում է հանդիսատեսին հանդարտ, սակայն բազմաթիվ ներքին ապրումներով և իրադարձություններով լի պարզ, բայց բազմաշերտ կնոջ կյանք: Կին, որին երբեք հնարավորություն չի տրվել կատարել սեփական կոմֆորտ զոնայից դուրս ընտրություններ և շարժվել նոր՝ ավելի անապահով ճանապարհով: Կարճ ժամանակահատվածում նա հասկանում է, թե ինչ ուղղություն պետք է վերցնի: Կիրքը, սերը, ընկերությունը և բարեկեցությունը հրաշալի երևույթներ են, սակայն ափսոս կլինի ունենալ այդ ամենն առանց անհատական պոտենցիալի և երազանքների ռեալիզացման:

