Քրիստիան Բեյլը խոստովանել է, որ գլխավոր դերերը ստանում է միայն այն բանից հետո, երբ դրանցից հրաժարվում է Լեոնարդո ԴիԿապրիոն։ Այդ մասին նա խոսել է GQ-ին տված հարցազրույցում։
Լրագրողը դերասանին հարցրել է, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ 1990-ականներին նա բաց է թողել մոտ 5 հեղինակավոր նախագիծ, այդ թվում՝ «Տիտանիկը», որոնցում հետագայում նկարահանվել է ԴիԿապրիոն:
«Լսեք, դա դեռ շարունակվում է։ Դերասանները պետք է հասկանան, որ ցանկացած դեր, որը նրանք ստանում են, ստանում են միայն այն բանից հետո, երբ այն առաջարկվել է Լեոյին: Կարևոր չէ, թե որքան լավն ես ու տաղանդավոր և մտերիմ ռեժիսորների հետ։ Բոլոր ռեժիսորները, որոնց հետ բազմիցս համագործակցել եմ, ինձ ասել են, որ դերի համար իրենց առաջին ընտրությունը Դի Կապրիոն է եղել։ Այնպես որ, շնորհակալություն Լեոյին իր ընտրողականության համար»,- ասել է Բեյլը:
Միաժամանակ «Թոր»-ի աստղը նշել է, որ ուրախ է իր գործընկերոջ համար և նրան համարում է ֆենոմենալ դերասան, որն արժանի է իր հաջողությանը։ Բեյլը նաև ասել է, որ ԴիԿապրիոյի նկատմամբ ոխ չի պահում։
«Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ։ Սակայն կարծում եմ, որ Հոլիվուդում նրա գրեթե բոլոր հասակակիցներն իրենց կարիերային պարտական են նրանով, որ ժամանակին Լեոն լքել է այս կամ այն նախագիծը», - ամփոփել է դերասանը: