Variety-ն հայտնում է, որ բրիտանական Channel 5 հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կցուցադրի «Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած և ճանապարհին անհետացած սուզանավի որոնման մասին: Կինոնախագիծն արդեն անվանում ունի՝ «Titanic Sub: Lost at Sea»։
Ֆիլմի հեղինակները խոստացել են դուրս գալ սովորական լուրերի լուսաբանման ձևաչափից և ցուցադրել մարդկանց, այդ թվում՝ հայտնի միլիարդատերերի հետ անհետացած սուզանավի փրկության դրաման։
Ֆիլմը պետք է ցույց տա ճանապարհորդության մանրամասները, ընդգծի այն ուղևորների կենսագրությունը, որոնք տարված էին «Տիտանիկի» կործանման պատմությամբ։
Վավերագրական ֆիլմը կպատմի նաև այս ոլորտի մասնագետների և էքստրեմալ տուրիզմի աճող ժողովրդականության մասին։
Ներկայում Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում տարվում են նավի որոնողական աշխատանքները։ Այն անհետացել է հունիսի 18-ին՝ սուզվելու մեկնարկից մոտավորապես 1 ժամ 45 րոպե անց։ Բատիսկաֆում կա հինգ մարդ։ OceanGate Expeditions ընկերությունը հաստատել է իր նավի անհետացումը։
Հաղորդվում է, որ Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավում թթվածինն այսօր կսպառվի։


