2025 թվականի հունվարի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում կկայանա կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեմ» (Stage) խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան։ Հովհաննես Գալստյանը կինոնկարը ստեղծել է Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների հետ համատեղ։
«Բեմը» արվեստի մեծ բաղադրիչով, կրքի, զոհաբերության և կատարելության փնտրտուքի մասին էմոցիոնալ լիցքավորված պատմություն է, որտեղ անձնական ու մասնագիտական հավակնությունները միահյուսվում են անվերջանալի ինտրիգների, սիրո և դավաճանության սարդոստայնի մեջ՝ բալետի անողոք աշխարհում: Գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ֆրիդա Յորքը, Սոս Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հանովերի պետական Բալետի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը, գերմանուհի Լաուրա Շլեզինգերը։
Ֆիլմում հնչում են կոմպոզիտորներ Ֆիլիպ Գլասսիի, Նիլս Ֆրահմի ստեղծագործությունները, նաև Կոմիտաս՝ Լիլիթ Նավասարդյանի մեկնաբանությամբ։ Տարիքային սահմանափակումը 16+ է: Սցենարի հեղինակներն են Մարինե Զաքարյանը և Հովհաննես Գալստյանը։ Պրոդյուսերները՝ Անի Գալստյանը, Լաուրա Քլևերը (Գերմանիա), Ադոլֆ Էլ Ասսալը (Լյուքսեմբուրգ), Նեժիմ Գլազգո-Մաեդան (Բրիտանիա), Կարեն Ծատուրյան, Միհրան Ստեփանյանը և Հովհաննես Գալստյանը։
Երևանյան պրեմիերային հաջորդելու է ֆիլմի վարձույթը Երևանի և ՀՀ մի շարք քաղաքների կինոթատրոններում, փետրվարից՝ պաշտոնական դիստրիբուցիան Բենիլյուքսի երկրներում և միջազգային ցուցադրումները Բրազիլիայում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, ՌԴ-ում։
«Բեմը» Հայաստանի նորագույն պատմության միակ ֆիլմն է, որի դեմ 2019-ին քրեական գործ է հարուցել Հայաստանի Ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկած հաղորդագրության հիման վրա, ինչը դարձել է ֆիլմի ռեժիսորի 31-օրյա հացադուլի պատճառ, ՀՀ կառավարությանն ուղղված՝ հայկական կինոյի պետական կառավաման ոլորտում բարեփոխումներ սկսելու պահանջով։ 2020-ին քրեական գործը կարճել են՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն կինոկենտրոնի պաշտոնյաները դատական հայց են ներկայացրել քննչական մարմինների դեմ՝ նրանց մեղադրելով հանցանքը քողարկելու համար։ 2024-ին, քրեական դատարանն ամբողջությամբ արդարացրել է քննիչներին և վերահաստատել, որ ֆիլմի ռեժիսորի գործողություններում բացակայում է հանցակազմի նվազագույն կասկածի շեմը։ 2024-ին ՀՀ Կառավարությանը դադարեցրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը՝ հայտարարելով իրավահաջորդ կառույցի՝ Հայաստանի կինոյի Հիմնադրամի ստեղծման մասին։