Երբ Բաբկեն Աբրահամյանին հայտնում են, որ որդի է ունեցել, չի հավատում՝ ասելով. «այսօր ապրիլի 1-ն է, դուք հաստատ կատակում եք»: Բայց դա կատակ չէր, այլ իրականություն: Իգդիրցի Խաչատուր Աբրահամյանենց տանը սկսզվեց եռուզեռը: 1930 թվականի ապրիլի 1-ին ծնվեց սպասված տղա թոռը, որին անվանեցին Խորեն` ի պատիվ պատերազմում զոհված որդու: Երբ ուրախացած հայրը շտապեց բարի լուրը հաղորդել քույրերին, նրանք ևս դա որպես ապրիլմեկյան կատակ ընդունեցին: Բաբկեն Աբրահամյանին դժվարությամբ, բայց հաջողվեց հավատացնել, որ ծնվել է Խորեն Աբրահամյան որդին, ով հետագայում պետք է դառնար հայկական թատրոնի և կինոյի սիրված ու մեծանուն դերասան:
«Փոքր տարիքում, երբ դեռ կարդալ չգիտեր, գիրքը տալիս էր տան անդամներին և խնդրում կարդալ: Իսկ դպրոց հաճախելուց և հայերեն գրել-կարդալ սովորելուց հետո, կարդում էր նաև ռուսերեն հեքիաթներ: Շատ բարի ու կամեցող սիրտ ուներ: Պատերազմի տարիներին, երբ ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում էր, նա տանից Մոսկվայի հորեղբոր ուղարկած կոնֆետները վերցնում էր և բաժանում բակի երեխաներին», - տարիներ առաջ պատմել է քույրը՝ Ջեմմա Բաբկենովնան:
Ծնվել է Երևանում: Բակում խաղալուց զատ, սիրում էր նաև ֆիլմեր դիտել: Որպեսզի բակի երեխաներին էլ հասանելի լիներ ֆիլմի դիտումը, իր ընկերոջ` Վիգեն Երիցյանի հետ, բակում փոքրիկ տնակ են կառուցում, ֆիլմեր հայթայթում և ցուցադրություններ կազմակերպում: Դպրոցական տարիներին ներգրավված է եղել բռնցքամարտի մայրաքաղաքային հավաքականի կազմում, ցանկացել է կամ ճարտարապետ, կամ գրականագետ դառնալ: Սակայն խորեոգրաֆիկ դպրոցում, ապա նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում սովորելը եղավ ճակատագրական: Արվեստի ճանապարհը շարունակեց 1946-ին՝ ընդունվելով Գեղարվեստաթատերական ինստիտուտի նախապատրաստական կուրս, այնուհետև՝ ինստիտուտ: Ասում են՝ թատերական ինստիտուտ գնացել է մոր ազդեցությամբ: Ընդունելության քննությանն արտասանել է Պեպոյի հայտնի մենախոսությունը:

1951 թվականին ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ մարմնավորել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն): 1988-1995 թվականներին եղել է Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Թատրոնում նրա մարմնավորած լավագույն կերպարներն են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Խորեն Աբրահամյանի մարմնավորած Կորիոլան հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին։ Դերը Աբրահամյանին բերեց ԽՍՀՄ պետական մրցանակ, իսկ գերմանական թերթերը նրան բնորոշեցին որպես «գերաստղ»։ «Օթելլո»-ի բեմադրություններից մեկը Աբրահամյանը խաղացել է ջարդված ոտքով: Իսկ նրա ձայնով «խոսող» Համլետը տեսնելուց հետո Սմակտունովսկին ասել է․ ««Իմ բախտը բերել է, որ ես եմ Համլետին մարմնավորել, որովհետև եթե Խորեն Աբրահամյանը մարմնավորեր, գուցե կերպարն ու ֆիլմը ավելի հետաքրքիր ստացվեին»:

Կինոյում խաղացել է Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թվական), Ռոստոմ («Տերը», 1968 թվական), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թվական), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվական), Մյասնիկյան («Երկունք», 1977 թվական), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թվական), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թվական) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։ «Երեկ մի մարդ էի, այսօր արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային միության մեջ։ Էդ ֆիլմի հաջողությունն աննախադեպ էր»,- Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» ֆիլմի մասին հետագայում պստմել է Արսեն Վարունցին մարմնավորող Խորեն Աբրահամյանը:

Մի օր, դերասանի ամերիկյան բնակարանում հնչում է հեռախոսի զանգը: Խոսափողից լսվում է Վազգեն Սարգսյանի ձայնը: Վարչապետը դերասանին խնդրում է վերադառնալ հայրենիք: Երևանում Խորեն Աբրահամյանը շարունակում է ստեղծագործական գործունեությունը:
«Ֆուտբոլ շատ էր սիրում: Մի անգամ, երբ Ուկրաինա-Հայաստան խաղն էր, հայերը գոլ խփեցին և հաշվի մեջ առաջ անցան: Գոլ խփած ֆուտբոլիստը վերնաշապիկը հանեց, ինչը չի թույլատրվում, իսկ պապիկս ասաց. «Թումբանդ էլ հանի, քեզ կարելի է», - տարիներ անց վերհիշել է Խորեն Լևոնյանը: «Նա չէր սիրում խրատել: Նրա խոսքերը միշտ ենթատեքստով էին: Մի անգամ, երբ չարություն էինք արել, նա ինձ և Արսենին իր մոտ կանչեց. վախեցել էինք, որովհետև նա երբեք ոչ ոքի վրա չէր ջղայնանում: Երբ մոտեցանք, շարունակեց՝ ավելի մոտեցիր, իսկ երբ կրկին մոտ գնացի, ասաց՝ գնա կարտերը բեր, բլոտ խաղանք: Այդ վախի զգացողությունն արդեն բավական էր մեր սխալները հասկանալու համար, - պատմել է Խորենը և շարունակել, - ինձ ընդամենը մեկ անգամ է խորհուրդ տվել. «Պետք է դերասանն իմանա՝ ձեռքերն ինչպես շարժի, ինչ անի»»:

Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջ՝ դերասանուհի Գոհար Գալստյանի հետ միասին բեմադրում է իր վերջին «Ջին խաղը» ներկայացումը։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Խորեն Աբրահամյանը մահանում է սրտամկանի կաթվածից։

