Logo

Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 29.06.2020ՄՇԱԿՈՒՅԹ
սաթենիկիկկկ - Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Մնա

 

Մնա:

Էլի մնա,

Մի քիչ էլ մնա:

Գոնե մի անգամ մինչև իրարից զզվելը մնա,

Որ չկարոտենք դռնից դուրս չեկած:

 

Ազնավուրի բառերի պես մնա,

Բազկաթոռին նստած մնա,

Լոգարանում փակված մնա,

Պատուհանից կախված մնա,

Պահարանի գլխին մնա,

Նախաճաշին քնած մնա,

Մնա որտեղ կուզես, որտեղ խելքդ փչի:

 

Մնա, երբ հիվանդ եմ.

անկողնուս կողքին մնա,

Թեյի բաժակը ձեռքիդ մնա, Երբ աչքս կկպնի:

Գազօջախի կողքին մնա՝ որ սուրճը չթափվի:

 

Մնա մինչև տոնածառի լույսերը վառեն,

Մնա մինչև լողափի ավազը մաքրեն,

Մնա մինչև հոգեհանգիստ կարդան,

Մինչև նոր աստղեր գտնեն,

Նոր բուրգեր պեղեն,

Մինչև Մասիսը ժայթքի, Վանն էլ կանաչի:

Մնա, երբ էլ մնալու առիթ չկա:

 

Մնա, երբ կուզես մենակ մնալ…

Ես կգնամ, որ դու մենակ մնաս։

 

Դու միայն թե մնա։ 

***

Նոր քաղաք տվեք

 

Բարև Ձեզ, ինձ նոր քաղաք է հարկավոր:

Չափերով նախորդից ավելի մեծ, ավելի բազմամարդ:

Նոր քաղաք, որ չխեղդի իր փոքրությամբ:

Ինձ նոր քաղաք տվեք, որտեղ կինոյի աղջիկ լինելը վիպերգական չի լինի:

Որտեղ կինոյի տղա լինելու համար հայոյոելու կարիք չի լինի:

Որտեղ ճիշտը ստից տարբերելու համար մի 2 կաթիլ արցունքի ու դառը փորձի կարիք չի լինի:

Տվեք ինձ նոր քաղաք, որտեղ տղամարդիկ պոռնիկ չեն լինի, Իսկ պոռնիկ կանայք տգետ չեն լինի։

Կուզեմ նոր քաղաքում հավատալու համար հատուկ առիթի կարիք չլինի:

Իսկ հավանականության տեսությունը 3 միլիոնից մեկինը լինի:

Թող Խաչմերուկները փոքր չլինեն, իսկ մայթերը՝ թաց,

Շենքերը բարձր չլինեն, պատուհանը՝ նեղ, արևը՝ վառող ու լուսինը՝ կոր:

 

Թող նոր քաղաքն ուրիշ հոտով լինի, ավելի ուրիշ քան նախորդինը:

Ուղղակի ուրիշ՝ ո՛չ լավ, ո՛չ վատ…

Ուրիշ թող լինի:

***

Պատճառ

Ինչու ծնվեցի՞…

Չգիտեմ,

Երևի երկար կապված լինելու ձանձրույթից. պորտալարից ազատվել էր պետք։

Հա, հենց ազատված լինելու համար ծնվեցի.

Չսիրեցի կապված լինելը, կապվածությունները
(կապող մտքեր, պահեր, մարմիններ, դեպքեր/դեմքեր ու անուններ):

 

Ազատ լինելու համար ծնվեցի։

Չեմ հիշում ծնվելս. անցյալ ժամանակին կապող ամեն բան մոռանալ էր պետք
(խելացի էի նոր ծնված ժամանակ, շատ շուտ մոռացա կապերով 9 ամիսները)։

 

Հետո սովորեցի հիշել…

Սովորեցրի՛ն հիշել։

 

Սկսեցի հիշել.

Հիշեցի բառերը, ճանապարհները, քնել/արթնանալու ժամերը, սովորեցի համերը հիշել, հետո հիշեցի երազներս, էլի երազներ, չափից շատ երազներ։

 

Կար մի բան, որ հրաժարվեցի հիշել։

Պատմությունն էր.

Մերժեցի պատմությանը հիշել:

Նա նման էր թելի, որը քեզ կապում էր անցյալի հետ, ինչ որ մարդկանց, որոնց հետ դու կապ չունես, բայց քեզ կապում են, անընդհատ կապում, կապում:

Մերժեցի ԻՄ պատմությունը հիշել, էլի կապող պատմություններ,
Որոնք կապում էին ամենին, ինչ մերժել էի հիշել:

 

Ու մոռացա.
Սովորեցի՛ մոռանալ։

 

Սովորածս օգտագործեցի քեզ բարևելու համար, որ դու էլ մոռանաս նեղացած լինելդ։

Օգտագործեցի մոռանալը փողոցում քայլելիս, երբ ինձ ժպտում ես ու էլ չեմ հիշում ժպիտդ։

Մոռանալն օգտագործվեց նաև, երբ մոռանում էի մոռանալ։

Ու դու մոռացար, որ նեղացել ես։

 

Ու…

Ու  էլ չեմ հիշում։

 

Ինչու՞ ծնվեցի։

Երևի Ծնվեցի, որ սովորեցնեմ քեզ մոռանալ։

Պոկել էր պետք նեղող կապերը, որ ժպիտ տեսնեի։

***

Կակտուսավոր

Դռանդ բռնակին կակտուս էիր ցանել, պատուհանագոգին՝ վարդեր տնկել ու աթոռիդ բոլորը ակացիաներ աճեցրել։

Դու բողոքում էիր  հարևանի լոտուսներից, քաղաքի կենտրոնի խնձորենուց ու կայարանի ելակի մարգից։ Կյանքի անարդարությունից էիր բողոքում ու քեզ բաժին հասած փշերից։

Մինչդեռ.
Ես քեզ նվիրեցի արևածաղիկներս, իսկ դու կերար նրա սերմերը։

Սարից բերեցի երիցուկներ, դու այն թրմեցիր թեյի մեջ։

Քեզ պարգևեցի դափնիներով, դրանցով տոլման համեմեցիր։

Դու փաթաթվում էիր ոզնու մորթուց վերմակի մեջ,

Մինչև մի օր, Էս չափ փշերից (դու քո փշերից) պատի մեխ դարձար։

Ես էլ բռնեցի, պատին մեխեցի։

Նկար կկախեմ, մի օգուտ կտաս…

 


fastnews-ads-banner