Ֆասթ Մեդիան, «Շարմ» ընկերությունը, «Միտոյան» փրոդաքշնը ժամանցային կատակերգությունների սիրահարներին ներկայացրել են «Ռոզալի» նոր գեղարվեստական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Մոսկվա կինոթատրոնում:
«Ռոզալին» ստեղծվել է կինոկատակերգություններ նկարահանող հայտնի թիմ: Ֆիլմը նկարահանել, պրոդյուսերական, սցենարական ու ռեժիսորական աշխատանքը կատարել են Ռուբեն Ջաղինյանը, Աշոտ Աբրահամյանը և Դավիթ Բաբախանյանը:
«Ռոզալին» յուրօրինակ կին-ռոբոտի մասին է, որին ստեղծել են հայաստանյան գաղտնի լաբարատորիաներից մեկում: Նա ոչ միայն հմայիչ է, այլև աչքի է ընկնում հզոր արհեստական բանականությամբ: Նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Կին-ռոբոտի դերը ֆիլմի ստեղծագործական կազմը վստահել է Նաստասյա Գոլովկովային:
Որպեսզի Ռոզալին ռոբոտային կերպարից «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված մի երիտասարդ: Երիտասարդին, որը ֆիլմի գլխավոր հերոսն է, մարմնավորում է Տարոն Իսպիրյանը, նույն ինքը՝ Պոնչը: Անթերի կին-ռոբոտ Ռոզալին ստիպում է անուղղելի ստախոս ու խարդախ երիտասարդին փոխվել և դառնալ իսկական հերոս:
Ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմը վստահեցնում է, որ «Ռոզալին» հայկական ժամանակակից ժամանցային ֆիլմերի շրջանում ունենալու է յուրահատուկ տեղը:
Կին ռոբոտի և համակրելի ստախոսի սիրային պատմությունը 95 րոպե հանդիսատեսին պարգևում է մերթ ժպիտ, մերթ լիաթոք ծիծաղ ու հուզմունք: Առաջին հայ կին-ռոբոտի մասին պատմող ռոմանտիկ կատակերգությունը հայ կինոսերները կարող են դիտել հայաստանյան կինոթատրոններում: