Հունվարի 23-ին հայ մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է:
Ներկայացնում ենք մեծ արտիստի մտքերը.
Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեր կյանքը, մարդը՝ առանց դրանց: Ո՛չ, անպտուղ չի մեր գործը: Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը … Խորին համոզմունքս է, որ մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ և միաժամանակ ավելի գրավիչ, հաճելի զենք, քան ծիծաղը: Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ…
Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել: Իսկ բեմում այդ ամենը կա: Երբեք իմ դերերից ոչ մի հատված չեմ կատարել: Ես դերասան եմ, որ միայն բեմի համար է:
Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա:
Ես կյանքում այլ եմ, բեմի վրա բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն»:
Վայ այն թատրոնին, որ չունի դերասան: Դերասանի համար պիտի գան թատրոն, տոմսարկղի մոտ պետք է հարցնեն` այսինչը խաղու՞մ է:
Ասում են` վատ հանդիսատես ունենք: Ըստ իս` վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: Իտալիայում վատ երգիչների համերգի ժամանակ հանդիսատեսը աղմկում է և նեխած պոմիդորներ նետում բեմ: Դա վատ հանդիսատես չէ, այլ հանդիսատես, որ կարողանում է գնահատել իսկական արվեստը: Նույն հանդիսատեսը ծափեր ու ծաղիկներ է շռայլում լավ երգչին: