Փետրվարի 6-ին «Կինոմոսկվայում» կայացավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան։ Գլխավոր՝ տաքսիստ Հենդոյի դերում․ կրկին Մհեր Մխիթարյանն է, ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանն ու Արման Սարգսյանը։ Բացի Մհերից, կատակերգությունում նկարահանվել են Ռոզի Ավետիսովան, Իվետա Մուկուչյանը, Մկրտիչ Արզումանյանը, Էվա Խաչատրյանը, Նանուլը, Արև Սանթրոսյանը և այլք։ «Fast News Culture»-ը ներկա է եղել պրեմիերային և զրուցել ստեղծագործական ու դերասանական կազմի հետ։
2024 թվականի փետրավարի 29-ին տեղի ունեցավ «Բարի օր» ֆիլմի պրեմիերան։ Գրիգոր Գասպարյանի խոսքով՝ կինոնկարի առաջին մասը Երևանի կինոթատրոններում դիտել է ավելի քան 160․000 մարդ։ Իրենք էլ ստացել են լավ արձագանքներ ու մտածել երկրորդ մասը նկարահանելու մասին։ «Ակնհայտ էր, որ մարդիկ ցանկանում էին տեսնել ֆիլմի շարունակությունը։ Մենք էլ շտապեցինք նկարահանել։ Երկար մտորեցինք, որովհետև երկրորդ մաս նկարահանելը ռիսկային է՝ միշտ չէ, որ լավ է ստացվում։ Երկար մտածելուց հետո եկանք այն եզրակացության, որ պետք է կրկին հրաշք տեղի ունենա։ Եթե նախորդ ֆիլմի հրաշքը վերցված էր ամերիկյան «Արջամկան օրը» ֆիլմից, ապա այս անգամ փորձել ենք ինքներս հրաշք ստեղծել։ Նախորդ ֆիլմը սիրվել էր, քանի որ բարձրացրել էինք սոցիալական խնդիրներ, ներկայացրել՝ կյանքից դրվագներ։ Այս տարի նույնպես նկարեցինք ֆիլմ, որը մեր հանրության հայելին է։ Միշտ չէ, որ հայելին գեղեցիկ է ցույց տալիս, բայց շատ անկեղծ ու պարզ արտահայտում է մեր կյանքը», - ներկայացրեց Գրիգորը։

Գլխավոր հերոս՝ տաքսիստ Հենդոյի հետ այս անգամ կատարվում է նոր հրաշք։ Հենդոն նկատում է, որ իրեն ամեն քայլափոխի ստում են։ Նա երազանք է պահում, որ այլևս իրեն չստեն։ Երազանքը կատարվում է։ Հենդոյին չստելը հանգեցնում է զվարճալի, ծիծաղելի և անսպասելի իրավիճակների։ Հենդոն իր այդ ուժը օգտագործում է, բացահայտում՝ երկրում տարածված կոռուպցիան, կեղծիքը, շինծու բարքերը և արժանանում հասարակության հարգանքին, սակայն անմիջապես կորցնում է հեղինակությունը, երբ բացահայտվում է իր իսկ սուտը։ Հենդոն փորձում է ամեն գնով վերադարձնել կորցրածը և կրկին նրան օգնում է հրաշքը։

Մհեր Մխիթարյանն անկեղծացավ՝ իրականում չէր ցանկանա միշտ լսել ճշմարտությունը, քանի որ այն կարող է տխրեցնել։ Ինքը նախընտրում է գեղեցիկ սուտը։
Հենդոյի կնոջը մարմնավորոց Ռոզի Ավետիսովան էլ խոստովանեց՝ 2 ֆիլմում 2 տարբեր Տաթևի է կերտել։ «Առաջին ֆիլմում Տաթևն իր ամուսնուն լսող և դժբախտ կին էր, իսկ երկրորդում՝ կայացած է, իր կարծիքն ունի և անկաշկանդ այն արտահայտում է։ «Տաթևները փոխվում են, բայց ունեն մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ սիրում են Հենդոյին։ 2 ֆիլմում էլ պահվում է ընտանիքի կարևորությունը։ Մեր կյանքում ընտանիքն ամենակարևոր ինստիտուտն է, և այդ քարոզը պետք է լինի», - նշեց դերասանուհին։

Ֆիլմի ստեղծագործական կազմը հնարավոր է համարել նաև «Բարի օր 3»-ի ստեղծումը։









Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի


