Logo

Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ 

Հեղինակ
Արման Գասպարյան
17:06 / 20.12.2022Վերլուծություն
Բացառիկ
Ավատար. Ջրի ուղին

Դեկտեմբերի 16-ին մեծ էկրան բարձրացավ Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» (Avatar: The Way of Water) ֆիլմը` 14 տարի առաջ կինեմատոգրաֆի հիմքերը ցնցած «Ավատարի» (Avatar) շարունակությունը։ Ու չնայած սկեպտիցիզմին, որ այդքան երկար ժամանակ հետո մաեստրոն դժվար թե կարողանա կրկնել հաջողությունը, արդեն առաջին երկու օրերի վարձույթի արդյունքները ցույց են տալիս. ներկայիս մռայլ օրերին մարդիկ դեռ հավատում են, որ մեծ կինոն, իրոք մեծ կինոն կարող է գոնե ժամանակավոր տեղափոխել իրենց լրիվ այլ աշխարհ ու պարգևել նոր զգացողություններ։

Մենք դիտել ենք լեգենդար բլոկբաստերի սիքվելն ու ներկայացնում ենք (հիացական) տպավորությունները․ 

Առաջին ֆիլմի իրադարձություններից անցել է 15 տարի։ Ջեյք Սալլին Օմատիկայա ցեղի առաջնորդն է, նաև` բազմազավակ հայր, որը մեծացնում է ոչ միայն իր երկու որդիներին ու դստերը, այլև` Գրեյս Օգուսթինի ավատարից ծնված Կիրիին ու մարդկային երեխա Սփայդերին։ Սակայն նա'վիների այս ցեղախմբի համար հանդարտ ու երջանիկ կյանքը երկար չի տևի. «երկնային մարդիկ»` սեփական մոլորակը բնակության համար անպիտան դարձրած մարդկային քաղաքակրթության ներկայացուցիչները, վերադառնում են Պանդորա մոլորակ` ավելի արմատական նպատակներով։ 

Ջեյմս Քեմերոնն, անկասկած, հոլիվուդյան մեծագույն վիզիոներն է։ Իրեն բավարար չէ ուղղակի նկարել հերթական ֆիլմն ու քաշվել մի կողմ, քեմերոնյան կինոն պետք է կարողանա (ավելի շատ վիզուալի միջոցով) հանդիսատեսին փոխանցել կախարդանքի այն զգացումը, մանկական հրճվանքը, որը մարդիկ ապրում էին արվեստներից մեծագույնի ստեղծման վաղ ժամանակներում ու ինչը ակտուալ է հատկապես հիմա, երբ կինոէկրաններն այնքան հագեցած են գերթանկարժեք ու խայտաբղետ բլոկբաստերներով, որ գրեթե անհնար է դարձել ինչ-որ բանով զարմացնել։ Եթե ուշադիր լինենք, Քեմերոնի գրեթե ցանկացած ֆիլմ իր ժամանակում նման ազդեցություն է թողել` կոլոսսի նման վեր խոյանալով մյուսների նկատմամբ, հաճախ` փոխելով կինոարտադրությունը տեխնիկապես, փոխելով բլոկբաստեր հասկացությունը, հերթական հեղափոխությունն առաջացնելով մեծ կինոյում։ 

Ժամանակներում, երբ մեծ էկրանները գրավել են սուպերհերոսները, իսկ սթրիմինգային ծառայությունների շնորհիվ տանը հնարավոր է նայել ցանկացած ճաշակի ու որակի համապատասխանող կինո ու սերիալ, Քեմերոնը կրկին զարմացնում է, հիացնում ու ոգևորում, պարգևում կախարդանքին առնչվելու զգացողություն։ Ու կարևորն այստեղ այն է, որ ռեժիսորը սեփական կինոյի արտադրությանը վերաբերում է կոմպլեքսային մոտեցմամբ, արդեն տրորված արահետներով քայլելու փոխարեն փնտրում ու գտնում է արտադրության սեփական ուղիները` նոր տեխնոլոգիաների ստեղծման ու զարգացման, նոր մեթոդների մշակման միջոցով` ունենալով ուղիղ մեկ նպատակ. անել այն, ինչ նախկինում երբեք չի արվել։ 

Առաջին «Ավատարի» հաջողությունը հենց դրանում էր։ Ֆիլմի արտադրության համար ստեղծված շատ տեխնոլոգիաներ նախկինում գոյություն չունեին, իսկ բավարար զարգացած տեխնոլոգիան անհնար է տարբերել մոգությունից։ Առաջին ֆիլմը ցնցեց մեծ կինոյի հիմքերն այն իմաստով, որ կրկին էկրաններ բերեց եռաչափ կինեմատոգրաֆի կախարդանքը (ինչը հետագայում զրոյացվեց տեխնոլոգիայի սխալ ու անփույթ կիրառման պատճառով)։ Երկրորդ ֆիլմով Քեմերոնը փորձում է կրկնել ու հաստատել իր իսկ առաջնորդած հեղափոխությունը. երկար տարիներ անց «Ջրի ուղին» կրկին արդարացնում է եռաչափ կինոյի գոյությունը, առաջին անգամ է, որ կարելի է պնդել` այս կինոն պարտադիր պետք է նայել կինոթատրոնում ու բացառապես 3D-ով, որովհետև այն լիարժեքորեն բացահայտում է կինոցուցադրության այս տեսակի ամբողջ պոտենցիալը։ 

Երկրորդ ու ամենակարևոր հանգամանքն այն է, որ Քեմերոնն աշխարհների արարիչ է։ Մարդկային երևակայության մեծագույն ընծան այլ աշխարհներ արարելու ու մարդկանց այդ աշխարհներ հրավիրելու կարողությունն է, իսկ Քեմերոնի ստեղծած աշխարհներն ինքնաբավ են ու լիարժեք, կարող ես փակել աչքերդ ու սեփական երևակայությամբ ուսումնասիրել դրանք, տեսնել այն, ինչ ֆիլմերում ցուցադրված չէ։ Այլ հարց է, որ ճակատագրի բերումով Քեմերոնի արարած աշխարհները հետագայում տապալվում էին, կրկին անտաղանդ ու անփույթ այլ հեղինակների ջանքերով։ Ահա թե որն է պատճառը, որ պատմության մեջ վարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմի` «Ավատարի» սիքվելը ստեղծվում էր 14 տարի, որովհետև Քեմերոնը կատաղի կերպով պաշտպանում էր իր ստեղծած աշխարհն այլոց միջամտությունից։ 

Երկրորդ ֆիլմում մենք ավելին կիմանանք Պանդորայի մասին։ Աննկարագրելի վիզուալ լուծումների, տեղի ֆլորայի ու ֆաունայի` կենսաբանին հատուկ սկուրպուլյոզությամբ մշակված տեսակների, նա'վիների մշակութային առանձնահատկությունների միջոցով ավելի շատ կխորանանք այդ աշխարհում, այն շատ ավելի շոշափելի ու իրական կդառնա, այնքան իրական, որ կինոդահլիճից դուրս գալուց հետո անհաղթահարելի ցանկություն կառաջանա կրկին վերադառնալ այդ աշխարհ։ 

Այն դեպքում, երբ գրեթե բոլոր այլ բլոկբաստերներում հորինված աշխարհի էլեմենտները ներկայացվում են ակնթարթորեն, կտրտված մոնտաժի ու էկրանն ամբողջությամբ լցնող, աչքի համար հաճախ ոչ տեսանելի խճանկարով, Քեմերոնը, լավ բնագետի նման, մանրակրկիտ ուսումնասիրում է իր գտած աշխարհը, լավ բնագետի նման հրճվում ցանկացած նոր բույս կամ կենդանատեսակ գտնելիս, լավ բնագետի նման` մանրամասն նկարագրում, գրանցում է դրանք ու կիսվում ամբողջ աշխարհի հետ։ Motion Capture տեխնոլոգիայի հետ ռիսկային էքսպերիմենտներ անելով (պատմության մեջ առաջին անգամ այն օգտագործվել է ստորջրյա նկարահանումների ընթացքում), փորձեր անելով նաև վայրկյանում կադրերի քանակի հետ` Քեմերոնը մատերիալիզացնում է իր ստեղծած աշխարհը, անում է ամեն ինչ, որ ֆիլմի դիտման ընթացքում հանդիսատեսը լիարժեք կտրվի իրականությունից, նրա գիտակցությունն ամբողջությամբ հայտնվի Պանդորայում։ 

Քեմերոնն իրական աշխարհում տեխնոլոգիական հրաշքներ է գործում, գիտափորձեր է անում, տեխնոլոգիաներ է զարգացնում, նոր լուծումներ է ստեղծում` իր ստեղծած աշխարհին միս ու արյուն տալու, այն ավելի ու ավելի իրական դարձնելու համար. իրական աշխարհի տեխնիկական լուծումների միջոցով Քեմերոնը սնուցում, մարմին է տալիս իր հորինած աշխարհին` կարծես ծիսական մի մոգ, որը գետնին կավճով նկարած շրջանակով փորձում է մեր աշխարհում մատերիալիզացնել իդեաների աշխարհում ապրող մեկին։ 

Իդեաների մասին։ Իհարկե, «Ջրի ուղիում» Քեմերոնն առաջ է քաշում բնապահպանական օրակարգը, որն ակտուալ էր նաև առաջին ֆիլմում։ Ժամանակներում, երբ մարդկային գործունեությունը սպառնում է կենսաբազմազանության անհետացմանը, մեծ էկրաններին, խոշոր բլոկբաստերի միջոցով դրա մասին հիշեցնելը երբեք ավելորդ չէ, մանավանդ, որ այս օրակարգը շատ ավելի հիմնավոր է սոցիալական այլ օրակարգերի նկատմամբ։ Սակայն դա միակ թեման չէ։ Քեմերոնն առաջ է անցնում առաջին ֆիլմից ու ավելի զարգացնում կոնֆլիկտը՝ դարձնելով այն զավակների ու ծնողների, ինչպես նաև կրոնական մեսիայի մասին պատմություն։ Առաջին առումով` «Ջրի ուղին» Քեմերոնի համար խիստ անձնական է, որովհետև սցենարը գրելիս նա ծնողական ճգնաժամի մեջ էր` կապված իր զավակների դեռահասության հետ, ինչն արտացոլված է ֆիլմում։ Երկրորդ դեպքում, Քեմերոնը չի ընդունում այլ աստված, քան Մայր Բնությունն է (ինչպես ցանկացած գիտնական), ու կազմաքանդում է ամերիկյան գնոստիկ դեմիուրգասպան միֆոլոգիան` հաստատված դեռ Գերման Մելվիլի ժամանակ։ Միաժամանակ, Քեմերոնը կարողանում է լրիվ նոր կողմից բացահայտել առաջին ֆիլմի գլխավոր հերոսներին, առաջին ֆիլմի սև-սպիտակ բարոյականությունն ավելի մոխրագույն դարձնել, ավելի ոչ միանշանակ։ Երկրորդ ֆիլմի կենտրոնական հերոսներն արդեն ոչ թե պարզունակ Ջեյք Սալլին ու Նեյտիրին են, այլ էմոցիոնալ անդունդ պարունակող, ու դրանից շատ ավելի հետաքրքիր Կիրին ու Սփայդերը. լրիվ նոր ձայներ Քեմերոնի ստեղծած աշխարհում։ 

«Ջրի ուղին» թե՛ վիզուալով ու թե՛ էքշնով շքեղ (Ռասել Կարպենտերի տեսախցիկից, հետևաբար` կինոդիտողի աչքից չի վրիպի ոչ մի դետալ), համոզիչ ու լավ մշակված աշխարհով ուղևորություն է, որը, չնայած զգալի քրոնոմետրաժին, չես ուզում, որ ավարտվի, որովհետև այլ աշխարհում հայտնվելու զգացումն այնքան սուր է, որ ֆիլմի ավարտը նման է այնտեղից բռնի ուժով դեպի մեր մռայլ իրականություն վերադարձի։ 

Կարդալ նաև՝

Իդեալական ամառային  բլոկբաստեր... «Սև Ադամն»  այնքան վատը չէ, որքան ասում են

Հասարակության ծնած հրեշը... Սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին նեթֆլիքսյան սերիալը

Դատապարտվածները. Հաշտվելու ու ապրումակցելու մասին Մայք Ֆլենագանի «Կեսգիշերային ակումբը»

Սուպերհերոսների աշխարհի հրեշները. ինչպիսի՞ն էր գայլամարդու մասին Marvel-ի առաջին սփեշլը 

Երբ ավարը դառնում է որսորդ... ու հակառակը. «Ավար» ֆանտաստիկ թրիլլերը վերակենդանացնում է այլմոլորակային որսորդի մասին ֆրանշիզը
 

fastnews-ads-banner