Հունվարի 4-ին Կարեն Ասլանյանը Կիպրոսում ամուսնացավ 27-ամյա Աննա Ասլանյանի հետ։ Զույգը զագսավորվել է դեռևս դեկտեմբերի 16-ին։ Կարենի ու Աննայի հայաստանյան հարսանեկան արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին։ Աննան երկար տարիներ ընտանիքի հետ բնակվում է Նիդերլանդներում։ Այնտեղ ունի գեղեցկության սրահ։ Ամուսնությունից հետո նա տեղափոխվել է Հայաստան և կշարունակի աշխատել այստեղ։ Կարենն ու Աննան հյուրընկալվել են Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM ՍԷՐ» հաղորդմանն ու խոսել ամուսնությունից։ Կարենը պատմել է նաև խաղատներ գնալու և Աստվածաշունչ կարդալով փոխվելու մասին։
Կնոջ հետ հարաբերությունների մասին
Կարեն - Միասին ենք ամռանից՝ հուլիսից։ Շատ պատահական ենք ծանոթացել։ Այնուհետև շփվել ենք համացանցով։ Մոտ 2-3 ամիս միմյանց ճանաչելուց հետո կրկին հանդիպել ենք։ Աննան եկավ Հայաստան, հանդիպեցինք, շփվեցինք ու նորից վերադարձավ Նիդերլանդներ։ Մեր բաժանումը տևում էր 15-20 օր։ Ես զբաղված էի, չէի կարողանում գնալ, Աննան էր գալիս Հայաստան։ Մեզ Աստված է միավորել։ Ամեն ինչ ստացվեց Աստծո կամքով։ Ընտանիք կազմելուց հետո էլ մեր կյանքը շարունակվում է ավելի գունավոր ու գեղեցիկ։
Ինձ համար շատ կարևոր է ընտրյալիս անցած ճանապարհը, բարոյականությունը, դաստիարակությունը և հայեցիությունը։ Աննային ընտրել եմ թե՛ մտքով, թե՛ սրտով։ Աննան շատ փակ, խաղաղ ու հանգիստ մարդ է։ Կարողանում է ինձ բալանսավորել։ Շատ կարևոր է, որ կողքիդ կինը քեզ հասկանում է և դուք ներդաշնակ եք։ Ամեն ինչ շատ արագ դասավորվեց։ Հենց նրան տեսա, ասացի՝ «ինքն ա ու վերջ»։
Ունեցել ենք բարդ շրջան, բայց հիմա Աստծո կամքով ամեն ինչ շատ լավ է։ Շատ վիրավոր ու բաց տեղեր ունեի, որոնք լցվեցին ու բուժվեցին Աննայի շնորհիվ։ Մի գեղեցիկ արտահայտություն կա՝ «երջանկությունը լռություն է սիրում»։ Այդ պատճառով էլ գաղտնի էինք պահել մեր հարաբերությունները։ Միշտ ուզել եմ՝ կողքիս աղջիկը ճանաչված չլինի։ Հետամնաց չեմ, պարզապես այդպիսի ցանկություն եմ ունեցել ու այդպես էլ ստացվեց։ 2 եղբայր ենք։ Հայրս ասում է՝ վերջապես մեր տուն լույս եկավ։
Աննա - Ինձ համար երջանկություն է ապրել Հայաստանում և Կարենի կողքին։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց այդ ուղղությամբ չեմ աշխատել։ Բացել եմ իմ գեղեցկության սրահը և աշխատել այդ ոլորտում։
Կարեն - Որոշել եմ Հայաստանում ևս Աննայի համար գեղեցկության սրահ բացել, բայց միայն աղջիկների համար, քանի որ շատ խանդոտ եմ։
Դժվարությունների և դեպի Աստված գնալու մասին
11 տարի անդադար եթերում եմ եղել՝ գլխավոր դերեր, երգեր, տեսահոլովակներ։ Ես անընդհատ տալիս էի հանդիսատեսին ու հեռուստադիտողին իմ էներգիան և ներսս դատարկվում էր, լցնող չկար։ Վերջին տարիներին իմ կյանքում ոչինչ չէր ստացվում՝ թե՛ բիզնեսում, թե՛ անձնականում։ Ամբողջությամբ սպառվել էի։ Չգիտեի՝ ամեն ինչ թողնել-գնա՞լ, թե՞ մնալ։ Որոշեցի գնալ Մոսկվա, բայց հասկացա, որ տեղանքն ինձ չի փոխի։ Պետք է ինքդ քեզ փոխես։ Մի անգամ մի քանի օրով Մոսկվայից Հայաստան էի եկել։ Մայրս ասաց՝ Աստվածաշունչ կարդա՛։ Կարդացի։ Սկզբում շատ դժվար էր։ Կարծես չարը չթողներ, որ կարդայի ու հասկանայի։ Սկսեցի նույն բանը այնքան կարդալ մինչև հասկանամ։ Աստվածաշունչ կարդալով հարցերիս պատասխանները ստացա։ Ապավինեցի Աստծոն ու ինձ մոտ ամեն ինչ ստացվեց։ Ձեռքերիս գորտնուկներ կային։ Բոլոր հնարավոր միջոցներին դիմել էի, չէր անցնում։ 3 օրում աղոթքով անցավ։
Խաղամոլությունն ու դրա հաղթահարումը
Կյանքիս ինչ-որ շրջանում կորցրել էի կամքս։ Կարծում էի իմը փառքն է։ Գնում էի խաղատներ։ Գիտակցում էի, որ սխալ է, բայց դա ինձ դուր էր գալիս։ Այդ էմոցիաներն ու ադրենալինը որևէ այլ տեղ չէի գտնում։ Մտածում էի՝ երբ ցանկանամ, այլևս չեմ գնա, բայց հասկացա, որ ոչ։ Մի օր ասում էի՝ այլևս չեմ անի նման բան, հաջորդ օրը նորից անում էի։ Հաջողակ մարդ եմ, մեծ շահումներ էլ եմ ունեցել, բայց դա այնքան վատ բան է։ Այնպես չէ՝ չես կարող հաղթել։ Հարցն այն է՝ որքանով կգնահատես շահածդ ու ավելիին չես ձգտի՝ կորցնելով ունեցածդ։ Ոչ ոքի երբեք պարտք չեմ մնացել։ Պարզապես կարող էի շատ ավելին ստեղծել, բայց խաղացել եմ ու կորցրել։ Մի պահ մեկը դառնում էր չորս, հետո այդ չորսը դառնում էր -2։ Աստվածաշունչ կարդալուց հետո հավաքվեցի ու 1 օրում ասացի՝ վերջ։
Անձնականը փակ պահելու մասին
Մեկ անգամ եմ հայտարարել, որ ունեմ ընկերուհի։ Այդ ժամանակ 20 տարեկան էի։ Մեր համատեղ կյանքը չստացվեց և հասկացա, որ անձնականը պետք է փակ մնա։ Չեմ ցանկացել անձնականս հանրայնացնելով ինքնահաստատվել։ Ինքնահաստատավել եմ իմ տաղանդով, շնորհքով և ինքս ինձնով։ Նախկինում անձնականս չէր ստացվում, որ հանդիպեմ Աննային (ժպտում է, - հեղ․)։
Մոսկվայի բիզնեսն ու ապահոված կյանքը
Ծիրանը Հայաստանից տեղափոխում ենք Մոսկվա և վաճառում։ Մոսկվայում դրանով եմ զբաղվում։ Այս պահին Հայաստանում բիզնես չունեմ, բայց շուտով կունենամ։ Աննայի հետ որոշել ենք ստեղծել այնպիսի սրահ, որ աղջիկը հարսանիքի օրը մտնի այդտեղ և պատրաստ դուրս գա, այսինքն՝ բոլոր ծառայությունները լինեն մեկ տեղում։
Միշտ լավ հագնվել եմ, լավ մեքենա եմ վարել։ Այդ հարցում ինձ օգնել են հայրս, ընկերներս ու հարազատներս։ Թեպետ ես էլ 17 տարեկանից աշխատել եմ։ Հիմա ես ինքս ինձնով եմ ամեն ին անում, որպեսզի էլ ես օգնեմ այն մարդկանց, ովքեր ժամանակին ինձ են օգնել։
Ամուսնությունից հետո ապրելու են ծնողների հետ
Առանձին ապրելու հարց չենք քննարկել։ Ապրելու ենք ծնողներիս հետ։ Ծնողներս Աննային շատ են սիրում, Աննան էլ՝ նրանց։ Սեփական տուն է, պայմաններն էլ թույլ են տալիս ապրել միասին։ Սիրում եմ, որ տանը մեծ է լինում։ Աննայի տատի ու պապի հետ ժամերով խոսում եմ, նարդի եմ խաղում։ Ծնողի հետ ապրելն ամենալավ բանն է։ Ծնողիդ պիտի սիրես, ուշադիր լինես նրա նկատմամբ։ Ծնողից ավելի լավ բան երևի երեխաս կլինի ինձ համար։
Չեմ ասի երազում եմ երեխա ունենալու մասին, որովհետև գիտեմ, որ ունենալու եմ։ Իհարկե ուզում եմ երեխա ունենալ։ Ինձ համար տարբերություն չկա աղջիկ կլինի, թե տղա։ Աննան տղա է ուզում, ես՝ աղջիկ, որովհետև աղջիկները պապաներին են սիրում։ Ես էլ էգոիստ եմ։ (ժպտում է, - հեղ․)
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտես այստեղ՝