Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի պրոֆիլն արգելափակվել է Instagram-ում՝ հակասեմական գրառման պատճառով, հայտնում է Variety պորտալը՝ հղում անելով Meta-ի ներկայացուցչին։ Կորպորացիան հայտնել է, որ սոցցանցից օգտվելու կանոնները խախտած ռեփերի գրառումը ջնջվել է։
Արգելափակման պատճառը Քանյեի հրապարակած՝ ռեփեր Փի Դիդդիի հետ նամակագրության սքրինշոթն էր, որում Ուեսթը մեղադրել է գործընկերոջը և գրել, թե նրան «հրեաներն են ղեկավարում»:
Ամերիկյան հրեական կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ ռեփերը ցուցադրել է «հակահրեական կլիշեներ»։
«Քանյե Ուեսթը պետք է սովորի իր տեսակետը տեղ հասցնել՝ առանց հակասեմիթիզմի դիմելու: Վերջին շաբաթվա ընթացքում երաժիշտն ատելություն է սերմանել հրեաների նկատմամբ»,- ասել են կոմիտեում։
Միջադեպից հետո Ուեսթը կրկին սկսել է օգտվել Twitter-ից։ Նա լուսանկար է հրապարակել Մարկ Ցուկերբերգի հետ և գրել. «Ինչպե՞ս ինձ հեռացրիր Instagram-ից»: