Կանանց միջազգային տոնի առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:
«Ավրորայի լուսաբացը» պատմում է Արշալույս Մարդիգանյանի հերոսական պատմությունը` նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:
Ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո տեղի կունենա հանդիպում-քննարկում ֆիլմի ռեժիսորի հետ:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 8-ին՝ ժամը 18:00-ին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Լոս Անջելեսում ներկա էր գտնվել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմության մասին ֆիլմի հատուկ ցուցադրությանը:
Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը: