Logo

Քամյու, Հեսսե, Բրոդսկի, Փամուք. Նոբելյան բանախոսություններ

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:13 / 06.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր հայտնի դարձավ 2022 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը։ Այն շնորհվեց ֆրանսիացի գրող Աննի Էռնոյին։ Առաջիկայում տեղի կունենա նաև մրցանակների հանձնման արարողությունը։ Այս կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում տարբեր տարիների Նոբելյան մրցանակ ստացած գրողներից մի քանիսի նոբելյան բանախոսությունները, որոնցից առանձնացրել ենք որոշ հատվածներ:


Ալբեր Քամյուի նոբելյան ելույթից Ստոկհոլմի «City Hall»-ում, պաշտոնական ճաշկերույթի ժամանակ, 10 դեկտեմբերի, 1957թ.

«Մասնատման սպառնալիքի առաջ կանգնած մի աշխարհ, որտեղ մեր մեծ քննողները ռիսկի են դիմում ամբողջ կյանքի համար հաստատել մահվան թագավորություն. իմ սերունդը գիտի, որ ժամանակին հակառակ խելագար վազքում պետք էր աշխարհի ազգերի միջև վերահաստատել խաղաղություն, որը բնավ ստրկություն չէ, վերստին հաշտեցնել աշխատանքն ու մշակույթը և բոլոր մարդկանց հետ վերստեղծել Միության Տապան: Վստահորեն կարելի է ասել, որ այդ սերունդը կարող է լրացնել այդ հսկայական պակասը, բայց աշխարհում ամենուր նա արդեն երկակի ձևով է գրազ գալիս ճշմարտության ու ազատության շուրջ, և առիթի դեպքում կարող է մեռնել` ատելություն չտածելով իր սերնդի նկատմամբ: Նա է, որ արժանի է ողջույնի ու քաջալերման, ամենուր, որտեղ էլ գտնվի, բայց հատկապես այնտեղ, որտեղ իրեն զոհաբերում է: Այնուամենայնիվ, վստահ Ձեր բացարձակ հավանությանը, հենց այս սերնդին է, որ կցանկանայի փոխանցել պատիվը, որը քիչ առաջ հանձնեցիք ինձ»:


Հերման Հեսսե. Խոսք Նոբելյան տոնակատարության առթիվ բանկետի ժամանակ, 1946թ.

«Ակնածանքով եւ ջերմությամբ ողջունում եմ Ձեր տոնական հավաքի առթիվ` հայտնելով իմ ափսոսանքը, որ ես ինքս չեմ կարող հյուրընկալվել Ձեզ: Ողջունում եւ շնորհակալություն եմ հայտնում: Ես միշտ վատառողջ եմ եղել, իսկ 1933 թվականից սկսած` տարիների դժվարություններն ավերել են իմ ստեղծագործական կյանքը Գերմանիայում, բազմիցս ինձ ծանրաբեռնել տհաճ պարտականություններով, ինձ դարձրել մշտական հաշմանդամ: Սակայն ես ոգով անկոտրում եմ, Ձեր` բոլորի հետ ինձ կապողն այն մտածողությունն ու արժեքներն են, որոնցով առաջնորդվում է Նոբելյան հիմնադրամը. դա վերազգային եւ միջազգային միտքն է, որը ծառայում է ոչ թե պատերազմին եւ ավերածությանը, այլ` խաղաղությանն ու հաշտեցմանը: Ինձ շնորհված մրցանակը միաժամանակ նշանակում է ծանոթություն գերմաներենին եւ գերմանական ներդրում մշակույթի ոլորտում: Ես տեսնում եմ նաեւ ներողամտության ժեստ եւ բարի կամք` վերսկսելու բոլոր ժողովուրդների հոգեւոր համագործակցությունը:

Սակայն իմ իդեալն ամենեւին էլ ազգային կերպարների աղավաղումը չէ` հօգուտ միատեսակ մտածող մարդկության: Օ՜, ոչ, կեցցե բազմազանությունը, տարբերություններն ու աստիճանակարգումը մեր հարազատ երկրում: Հրաշալի է, որ կան շատ ռասսաներ ու ժողովուրդներ, շատ լեզուներ, մտածելակերպի եւ աշխարհայացքի բազմաթիվ տարատեսակներ: Եթե ես ատում եմ պատերազմները, նվաճումները եւ բռնակցումները, դրանց անհաշտ հակառակորդն եմ, ապա պատճառներից մեկն այն է, որ պատմականորեն, խիստ անհատականացված եւ առատաձեռնությամբ տարբերվող մարդկային մշակույթի մեծ մասը զոհ է դառնում այդ մութ ուժերին: Ես «մեծ պարզունակների» թշնամին եմ եւ բարձր որակի անկրկնելիի սիրահարը: Եվ այսպես, որպես երախտապարտ հյուր եւ գործընկեր, ես ողջույններս եմ հղում Ձեր երկրին` Շվեդիային, նրա լեզվին եւ մշակույթին, նրա հարուստ եւ հպարտ պատմությանը, նրա տոկունությանը, որը պահպանում եւ զարգացնում է իր բնական հատկությունները: Ես երբեք չեմ եղել Շվեդիայում, բայց շատ լավ եւ ընկերական հուշեր են պահպանվել Ձեր երկրից տասնամյակներ շարունակ` կապված առաջին նվերի հետ, որը ես ստացել եմ Շվեդիայից: Դա հավանաբար քառասուն տարի առաջ էր, այն շվեդական մի գիրք էր` «Քրիստոսի լեգենդներ»- ի առաջին հրատարակությունը` Սելմա Լագերլյոֆի ներբողով: Տարիների ընթացքում ես շատ արժեքավոր փոխանակումներ եմ ունեցել Ձեր երկրի հետ, ընդհուպ վերջին հիանալի նվերը, որն ուղղակի զարմացրեց ինձ: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրան»:


Իոսիֆ Բրոդսկի. Նոբելյան բանախոսություն, 1987թ

«Քանի որ չեն կարող լինել օրենքներ, որ պաշտպանեն մեզ ինքներս մեզնից, ոչ մի քրեական օրենսգիրք չի նախատեսում պատիժ՝ գրականության դեմ գործած հանցագործության համար: Եվ այդ հանցագործությունների շարքում ամենածանրերի մեջ չեն հեղինակի հետապնդումները, գրաքննության սահմանափակումները և այլն, կամ՝ գրքի խարույկին հանձնելը: Գոյություն ունի ավելի ծանր ոճիր՝ գրքերի անփույթ անտեսումը, դրանց չը-ընթերցումը: Այդ հանցագործության համար մարդը վճարում է իր ողջ կյանքով, իսկ եթե այդ հանցագործությունը կատարում է ամբողջ ազգը, ապա դրա համար վճարում է իր պատմությամբ: Ապրելով այն երկրում, ուր ես եմ ապրում, պատրաստ կլինեի ինքս առաջինը համարել, որ գոյություն ունի որոշակի համամասնություն՝ մարդու նյութական ապահովվածության և նրա գրական տգիտության միջև. դրանից, սակայն, ինձ հետ է պահում այն երկրի պատմությունը, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ: Քանզի պատճառահետևանքային մինիմումի, կոպիտ բանաձևի հանգեցված ռուսական ողբերգությունը ոչ այլ ինչ է, քան ողբերգությունը մի հասարակության, որտեղ գրականությունն իրավասությունն է փոքրամասնության՝ հռչակավոր ռուսական մտավորականության:

Չէի ցանկանա ծավալվել այս թեմայով, չէի ցանկանա մթագնել այս երեկոն մռայլ մտքերով՝ խորտակված միլիոնավոր կյանքերի մասին, այլ միլիոնավոր մարդկանց ձեռքով, քանզի այն, ինչ կատարվում էր Ռուսաստանում XX դարի առաջին կեսին, կատարվում էր նախքան ինքնաձիգ զենքի ներդրումը հանուն քաղաքական հիմնադրույթի հաղթանակի, որի կայացումն անհիմն էր արդեն իսկ նրանով, որ իր գոյության համար այն պահանջում էր մարդկային զոհեր: Ասեմ միայն, որ միայն տեսականորեն, ավաղ, այլ ոչ փորձի հիման վրա, կարծում եմ, որ Դիքենս կարդացած մարդու համար իր նման մեկ ուրիշի վրա հանուն որևէ գաղափարի կրակելն ավելի դժվար է, քան Դիքենս չկարդացած մարդու համար: Եվ ես խոսում եմ հենց կարդալու մասին՝ Դիքենս, Ստենդալ, Դոստոևսկի, Ֆլոբեր, Բալզակ, Մելվիլ և այլն, այսինքն՝ գրականության մասին, և ոչ թե՝ գրաճանաչության, ոչ թե՝ կրթության: Գրաճանաչը, կրթություն ստացածը հանգիստ կարող է այս կամ այն քաղաքական աշխատությունը կարդալով՝ սպանել իր նման մեկ ուրիշին և դրանից անգամ համոզմունքի վայելք ապրել: Լենինը գրաճանաչ էր, Ստալինը գրաճանաչ էր, Հիտլերը՝ նույնպես, Մաո Ցզե-Դունը նույնիսկ ոտանավորներ էր գրում: Նրանց զոհերի ցանկն, ընդսմին, նշանակալիորեն գերազանցում է նրանց ընթերցած գրականության ցանկին»:


Օրհան Փամուք. Նոբելյան բանախոսություն, 2006թ.

Հորս Ճամպրուկը

«Առաջինը, որ ինձ հեռու էր պահում հորս ճամպրուկի պարունակությունից, իհարկե, վախն էր, որ կարդացածս կարող է չհավանեի: Քանի որ հայրս գլխի էր ընկել, նախազգուշական միջոցներ էր ձեռնարկել` ցույց տալով, իբր լուրջ չի ընդունում դրանց բովանդակությունը: Քսանհինգ տարի գրողական աշխատանքով զբաղվելուց հետո նման իրողության հանդիպելով` ցավ զգացի: Բայց ցանկություն չունեի անգամ զայրանալ հորս վրա, որ չէր հաջողել ըստ էության լուրջ ընդունել գրականությունը… Իրական վախս, ճակատագրական փաստը, որից խուսափում էի կամ չէի ցանկանում բացահայտել, հավանականությունն էր, որ հայրս, գուցե, լավ գրող է: Հորս ճամպրուկը չէի կարողանում բացել, որովհետև հենց դրանից էի սարսափում: Ավելին, նույնիսկ անկարող էի բացեիբաց ընդունել այդ փաստը: Եթե հորս ճամպրուկից իսկական և մեծ գրականություն դուրս գար, ստիպված էի լինելու գիտակցել, որ հորս հոգում բոլորովին այլ մարդ էր բնակվել: Սարսափեցնող հավանականություն: Քանզի նույնիսկ առաջացած տարիքում ուզում էի, որ հայրս լոկ իմ հայրը լիներ, և ոչ` գրող:

Գրողը նա է, ով տարիներ շարունակ համբերատարությամբ փորձում է մեկ այլ կենդանի արարած հայտնաբերել իր ներսում և այն աշխարհում, որը նրան դարձնում է այն, ինչ է. երբ գրելու մասին եմ խոսում, առաջինը, որ միտքս է գալիս, ոչ թե վեպն է, բանաստեղծությունը կամ գրական ավանդույթը, այլ անձը, որ փակվում է սենյակում, նստում սեղանի առջև` միայնակ ու ինքնամփոփ և մթնշաղի մեջ բառերի միջոցով նոր աշխարհ է կերտում: Այդ տղամարդը կամ կինը կարող է գրամեքենա գործածել, օգտվել համակարգչի ընձեռած հնարավորությունից կամ թուղթ ու գրիչ առնել ձեռքը, ինչն արել եմ շուրջ երեսուն տարի: Գրելու ընթացքում կարող է թեյ կամ սուրճ խմել կամ էլ ծխել, ժամանակ առ ժամանակ պոկվել սեղանից և պատուհանից նայել փողոցում խաղացող երեխաներին, իսկ եթե բախտը բերի` նաև ծառերին ու տեսարաններին, կամ էլ՝ հայացքը սև պատին հառել, ինձ նման կարող է բանաստեղծություններ, թատերգություններ կամ վեպեր գրել: Բոլոր այս առանձնահատկությունները հետևում են սեղանի առջև նստելու և համբերատար ինքնամփոփվելու ճակատագրական աշխատանքին: Գրել` նշանակում է ներամփոփ հայացքը շրջել դեպի բառը, ուսումնասիրել այն աշխարհը, ուր ոտք է դնում ինքնամփոփվող անձը, և այս ամենը իրականացնել համբերատար, համառորեն և ուրախությամբ: Երբ օրերով, ամիսներով, տարիներով նստում եմ սեղանի առջև և դանդաղորեն բառերով եմ լցնում դատարկ էջերը, թվում է` նոր աշխարհ եմ կերտում, կյանքի եմ կոչում ներսումս բնակվող մյուս մարդուն, մեկ ուրիշը նույն կերպ` քարը քարին դնելով, կամուրջ կամ գմբեթ է կառուցում: Գրողներիս օգտագործած քարերը բառերն են: Երբ ձեռքներս ենք առնում, զգալով, թե ինչպես են իրար կապված, երբեմն` նայելով հեռվից, երբեմն էլ, կարծես, շոյելով մատներով և գրչի ծայրով, ծանրութեթև ենք անում, այս ու այն կողմ տեղաշարժում, և այդպես` տարին տարվա ետևից, համբերատարությամբ ու հույսով, ուրեմն նոր աշխարհներ ենք կերտում:

Գրողի գաղտնիքը ոչ թե ներշնչանքն է, քանզի երբեք պարզ չէ, թե այն որտեղից է հայտնվում, այլ համառությունն ու համբերատարությունը»:

fastnews-ads-banner