Ջոնի Դեփն ու Ջեֆ Բեքը դատի են տվել բանահավաք Բրյուս Ջեքսոնին, որը մեղադրել էր իրենց տեքստ գողանալու համար, գրում է The Rolling Stone-ը։
Նրանք ցանկանում են ստանալ վնասի և փաստաբանի համար արված ծախսերի փոխհատուցում։ Նրանք նաև պահանջում են, որ Ջեքսոնը հայտարարի, որ իրենք չեն խախտել հեղինակային իրավունքը։
Բրյուս Ջեքսոնը հայտարարել էր, որ արտիստներն օգտագործել են «Hobo Ben»-ից տողեր «Sad Motherfuckin' Parade» երգում։ Այն հեղինակ չունի՝ այս ստեղծագործությունը բանավոր է փոխանցվել։ Ջեքսոնն այն գրի է առել Միսսուրիում բանտարկյալի խոսքերից, որը դա սովորել է իր հորից: Բանահավաքը բանաստեղծությունը հրապարակել է 1974 թվականի իր գրքում և ներկայացրել 1976 թվականի ալբոմում։
Դեփի և Բեքի հայցում ասվում է, որ նրանց երգի բառերը տեղ-տեղ արտացոլում են «Hobo Ben»-ը: Այնուամենայնիվ, «Sad Motherfuckin' Parade»-ը փաստաթղթում հիշատակվում է որպես օրիգինալ ստեղծագործություն։ Երաժիշտների ներկայացուցիչները չեն արձագանքել The Rolling Stone-ի խնդրանքին՝ պարզաբանել, թե ինչ է նշանակում այս ձևակերպումը։
Այն, որ Դեփն ու Բեքը մեղադրվել են գրագողության համար, հայտնի էր դարձել օգոստոսի 5-ին։