«Ժաննա Դյուբարի» ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է կինոփառատոնի առաջին օրը՝ մայիսի 16-ին։
Կինոնկարը կպատմի Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի և նրա պաշտոնական սիրուհու հարաբերությունների մասին։ Նախագծի ռեժիսորն ու սցենարիստը ֆրանսիացի դերասանուհի Մեյվեն Լե Բեսկոն է։ Նա է խաղացել թագավորի սիրելիի դերը։ Թագավորին մարմնավորել է Ջոնի Դեփը։
Նախագծի նկարահանումները սկսվել են 2022 թվականի հուլիսի 26-ին։ Օգոստոսին Why Not Productions-ը հրապարակել էր Ջոնի Դեփի առաջին կադրը Լյուդովիկոս XV-ի դերում։
Ավելի վաղ Ջոնի Դեփը հայտնել էր, որ անգլիական գյուղերից մեկում մեկուսի կյանք է վարում։