Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները քննադատել են հինգ տարվա ընթացքում առաջին շրջագայությունը չեղարկելու որոշումը, որը նախատեսված էր ի աջակցություն This Is Me... Now ալբոմի։ Այն պետք է սկսվեր երեք շաբաթից՝ հունիսի 26-ին, Օռլանդոյում։ Ծրագիրը ներառում էր շուրջ 30 համերգ Հյուսիսային Ամերիկայի տարբեր քաղաքներում ողջ ամառվա ընթացքում:
«Աներևակայելի հիասթափված ենք: Մենք վճարեցինք տոմսերի, հյուրանոցի և համերգի համար ընդհանուր 8 հազար եվրո՝ Գերմանիայից Նյու Յորք գալու և համերգին մասնակցելու համար: Այսօր լուր ստացանք, որ համերգը չեղյալ է հայտարարվել, ծախսերը կվերադարձվեն... Շատ շնորհակալ եմ դրա համար, բայց մենք դեռ պետք է վճարենք 7 հազար եվրո, քանի որ թռիչքն ու հյուրանոցն արդեն ամրագրված էին։ Խոսքեր չունեմ։ Այո՛, 8 հազար եվրոն պարզապես մանրուք է J.Lo-ի համար: Բայց մեզ համար դա մեծ գումար է: Մենք երկրպագու էինք, բայց ոչ այլևս: Չեղարկման պատճառը ծիծաղելի է, երկրպագուներին այսպես չեն վերաբերվում», - օգտատերերից մեկը վրդովվել է սոցցանցում երգչուհու էջի գրառման տակ:
Երգչուհու կայքում որոշումը բացատրում են նրա երեխաների, ընտանիքի ու մտերիմ ընկերների հետ լինելու ցանկությամբ։ Հանդիսատեսին խոստացել են վերադարձնել տոմսերի գումարը:
Ոլորտի որոշ փորձագետներ Ջենիֆեր Լոպեսի որոշումը կապում են ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ նրա հարաբերությունների հնարավոր խզման հետ: Այս մասին վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում։ Միևնույն ժամանակ, ոմանք հակված են շրջագայության ընթացքում համերգների տոմսերի ցածր վաճառքով տարբերակին, քանի որ արտիստի նոր ալբոմը հաջող չէր:


