Logo

«Ջարդ» մականունով Գուրգեն Ջանիբեկյանը. մայիսի 18-ը նրա ծննդյան օրն է

23:07 / 18.05.2024Լուրեր
null

Իրավաբան և պետական պաշտոնյա Սմբատ աղան կնոջ հետ կառքով անցնում է ճանապարհով: Սևաչյա տիկինը ծննդաբերում է հենց կառքում: Ճանապարհը շարունակելիս Սմբատ աղան քնում է, իսկ երեխան՝ ընկնում կառքից: Երեկոյան գյուղացիները նախիրը իջեցնում են սարից և ճանապարհին տեսնում նորածնի բարուր:  Այդ նորածինը Ջանիբեկն էր, որի անունը հետագայում դարձավ թատերական դինաստիայի ազգանուն:

Ջանիբեկը չկարողացավ մեծ հաջողությունների հասնել: Մահանալուց առաջ նա կանչեց որդուն և ասաց. «Ինձ մոտ ոչինչ չստացվեց: Գուցե դու ինչ-որ բան կարողանաս անել»: Որդին խոստացավ և հետագայում կատարեց հորը տված խոստումը՝ դարձավ դերասան: 

1930-ականներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվեց «Խելահեղ օր» կամ «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումը: Գլխավոր դերում ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանն էր: Ներկայացման ընթացքում Վաղարշյանը ոլորեց ոտքն ու չկարողացավ շարունակել ներկայացումը: Ռեժիսորը կանչեց դահլիճում նստած Գուրգեն Ջանիբեկյանին, որն անգիր գիտեր ներկայացումը: Րոպեներ անց Գուրգենն արդեն բեմում էր՝ Ֆիգրոյի դերում: Հանդիսատեսն այնպես ընդունեց դերասանին, որ Վաղարշյանը ստիպված զիջեց այդ դերը: Այսպես սկսվեց Ջանիբեկյանի դերասանական կարիերան:

Կարիերայի ընթացքում նա խաղացել է «Համլետ», «Վարդանանց պատերազմ», «Նամուս», «Խաթաբալա», «Ժայռ» և այլ ներկայացումներում: Նրա մարմնավորած Գրիգոր աղայի կերպարը լավագույնն էր խորհրդահայ բեմում: Այդ դերակատարումն իր կատարելությամբ դասվում է հայ թատրոնի պատմության գոհարների շարքին: Հետագայում «Ժայռ» ներկայացման հիման վրա նկարահանվեց համանուն ֆիլմը: Գլխավոր դերում կրկին Գուրգեն Ջանիբեկյանն էր:

«Հայ թատրոնի ժայռը» նկարահանվել է նաև «Կարո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները», «Սովետական լեզվի դասը», «Սիրտը երգում է», «Ամպրոպի արահետով», «Ում է ժպտում կյանքը», «Թռիչք անդունդի վրայով», «Հյուսիսային ծիածան», «Տասներկու ուղեկիցներ», «Լուսաբացից առաջ», «Այբոլիտ-66», «Սարոյան եղբայրներ», «Աղքատի պատիվը», «Չախ-չախ թագավորը», «Երևանյան օրերի խրոնիկա» և «Հնձան» ֆիլմերում:

Մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 81 տարեկանում: 

Հզոր մարդ էր և հզոր արտիստ: 

Էվելինա Շահրիյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Նրա նման դերասան ես դեռ չեմ հանդիպել: Կարող եմ մեկ դերասանի փորձել համեմատել Ջանիբեկիչի հետ: Իր ընդունակություններով Ջանիբեկյանին գրեթե հավասար է ֆրանսիացի դերասան Ժան Գաբենը: 

Հարություն Մովսիսյան, ՀՀ ժողովրդական արտիստ

Այն ժամանակ Ջանիբեկյանի պապն ու հայրը կառքով էին շրջում: Երևի այդտեղից է Գուրգեն ջանիբեկյանի մոտ մնացել հրամայելը, առաջնորդելը, ղեկավարելը: 

Անահիտ Աղասարյան, դրամատուրգ

Երիտասարդ տարիքում պապս կռվարար է եղել: Այդ պատճառով էլ մականունը եղել է «ջարդ»: 

Գուրգեն Ջանիբեկյան, օպերատոր, Գուրգեն Ջանիբեկյանի թոռը

Նրա խաղի ընթացքում հանդիսատեսը քարանում էր: Երբ տեսարանն ավարտվում էր դահլիճը ծափահարություններից պայթում էր: Մարդիկ չէին հեռանում դահլիճից: Չէին էլ թողնում, որ Ջանիբեկյանը հեռանար: 

Ժաննա Բլբուլյան, դերասանուհի, երգահան

fastnews-ads-banner