Հուլիսի 11-ին՝ ծննդյան 64-ամյակին, Ջաֆար Փանահին հանդիպել է արվեստասերների հետ: Կազմակերպիչներն ու երկրպագուները ռեժիսորին շնորհավորեցին երգով և տոնական տորթով, որի մեջ USB-ով կտեղադրվի երևանյան հանդիպման տեսանյութը՝ որպես հուշ։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը պատմեց Փանահիի վերաբերյալ մի լեգենդ: Ըստ նրա՝ այն շրջանում, երբ իրանցի ռեժիսորին չեն թույլատրել ֆիլմ նկարահանել, նա կարողացել է նկարել «Սա ֆիլմ չէ» կինոնկարը։ Այդ շրջանում նա փառատոնների հետ չի կարողացել կապ հաստատել, բայց իր ստեղծած ֆիլմը USB-ով դրել է փանքեյքի մեջ և ուղարկել փառատոնի: Այդ փառատոնում ֆիլմը մրցանակի է արժանացել։ Փանահին, սակայն, հակադարձեց: «Լեգենդը չի համապատասխանում իրականությանը։ Ֆիլմն արտերկիր ուղարկելու խնդիր եմ ունեցել: Ի վերջո ուղարկել եմ փոքրիկ USB-ի միջոցով։ Միայն այդ հատվածն է իրական», - նշեց 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո առաջին անգամ լսարանի առջև ելույթ ունեցող Փանահին։

Ըստ ռեժիսորի՝ չկան վատ ֆիլմեր: Խնդիրը ճաշակն է։ «Երկու տեսակի կինո կա՝ երբ ռեժիսորն է հարմարվում լսարանին, և երբ լսարանն է հարմարվում ռեժիսորին։ Ըստ իս՝ հոլիվուդյան և բոլիվուդյան ֆիլմերի 95 տոկոսը հարմարվում է լայն լսարանին։ Մյուս 5 տոկոսն էլ նկարահանում են ռեժիսորներ, որոնք ցանկանում են, որ հանդիսատեսը տեսնի աշխարհն այնպես, ինչպես ինքն է տեսնում։ Դա արդեն արվեստ է: Ես չեմ ամաչում իմ նկարահանած որևէ ֆիլմից։ Միշտ պատրաստ եմ եղել հաղթահարել բոլոր խնդիրներն ու դժվարությունները»,- ասաց հոբելյարը։


