Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը հրապարակել է այս տարվա անվանակարգերն ու թեկնածուների ցանկը:
Հրապարակումից ժամեր անց, հայկական շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ հանդես եկան հաղորդագրություններով:

Երգչուհիներ Իվետա Մուկուչյանն ու Բրյունետը բոյկոտել են մրցանակաբաշխությունը, քանի որ իրենց կարծիքը չմասնակցության վերաբերյալ հաշվի չեն առել.
«Ես «Խազեր» մրցանակաբաշխությանը չմասնակցելու հստակ որոշում ունեմ, որի մասին ես և իմ թիմը բազմիցս հայտնել ենք կազմակերպիչներին՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր ձևով: Ավելին՝ հստակեցրել եմ և պահանջել, որ իմ անուն-ազգանունը չօգտագործվի որևէ անվանակարգում կամ դրան վերաբերող որևէ արշավներում: Շարունակելու եմ աշխատել նվիրված ժողովրդին, իսկ գնահատականը ստանում եմ իմ լսարանից և երկրպագուներից, որոնց հետ հարաբերություններն ամենաամուրն ու առողջ են արդեն տարիներ շարունակ: Հույս ունեի, որ կազմակերպիչները նույն հարգանքով կմոտենային իմ որոշմանը, որը, ցավոք, անտեսվել է»,- գրել է երգչուհի, դերասանուհի Իվետա Մուկուչյանը:

Բրյունետը հայտարարել է, որ այլևս ոչ մի մրցանակաբաշխության չի մասնակցելու.
«Այս տարի և այսուհետ չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության: Իմ անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իմ թույլտվության: Միակ ճանաչումը, որն ինձ համար իսկապես կարևոր է, դա դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը, երգում այն և պահում իրենց սրտերում: Դուք եք իմ իրական մրցանակը»,- հայտարարել է երգչուհին:

Երգիչ Արամեն նույնպես հրաժարվել է մասնակցել մրցանակաբաշխության համերգին.
«Ես հստակ խնդրել եմ, որ իմ անունը չներկայացնել որ որևիցե անվանակարգում «Խազեր» մրցանակաբաշխության: Շատ զարմացած եմ, որ նրանք չլսեցին իմ խնդրանքը: Ես չեմ մասնակցելու այդ համերգին»,- անկեղծացել է երգիչը:

Բացասական արձագանքերից հետո, մրցանակաբաշխության սոցհարթակներում հրապարակում են արել, որտեղ բացատրել են ընտրության կարգը:



