VNews Culture-ի զրուցակիցն է Արիզոնայի Arizona School of Classical Ballet-ի տնօրեն, խորեոգրաֆ Իրինա Աբրամյանը:
Իրինայի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով:
Իրինա, թեպետ ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ, կայքեր անդրադարձել են Ձեզ ու այն արտիստներին, որոնք Ձեր սաներն են եղել ու միջազգային մրցույթների մասնակցել, այնուամենայնիվ, Երևանում Ձեզ միայն պրոֆեսիոնալ շրջանակը գիտի:
-Այո, Երևանում ավելի քիչ գիտեն իմ մասին, որովհետև հիմնական գործունեությունս ԱՄՆ-ում է եղել: Ճիշտ է` քիչ գիտեն, բայց ինձ սիրում են ու միշտ հիշում են իմ գործունեությունը, երբ վերադառնում եմ Հայաստան:
Ինչո՞ւ ընտրեցիք բալետը:
-Փոքրուց շատ սիրել եմ, անընդհատ պարում էի: Հայրս ինձ ոգեշնչել, քաջալերել է, որ գնայի պարի, ու հենց նրա խորհրդով ընդունվեցի հայկական պարերի համույթ ու կարճ ժամանակահատվածում դարձա մենակատար: Երբ փոքր էի, ընկերուհուս՝ Մանո Գրիգորյանի մայրը համոզեց, ու ընդունվեցինք Նորայր Մեհրաբյանի պարի ստուդիա: Մայրս միշտ դեմ է եղել, որ պարով զբաղվեմ: Նա դեմ էր, որ իմ կարիերան դառնա պարը, բալետը: Ասում էր՝ «Դու շատ խելացի աղջիկ ես, լեզուներ սովորիր, համալսարան ընդունվիր», ու հենց այդ պատճառով ես Պարարվեստի ուսումնարան չընդունվեցի: Իսկ հետագայում նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավարտեցի: Չնայած բոլորն ասում էին, որ ես լավ տվյալներ ունեմ, շատ ճկուն եմ ու հաստատ կարող էի դառնալ բալետի լավ արտիստ: Անգլիական թեքումով դպրոցում էի սովորում, ու մայրս պայման էր դրել, որ եթե լավ սովորեի, միայն այդ դեպքում թույլ կտար, որ Նորայր Մեհրաբյանի մոտ պարեի: Այդպես էլ եղավ: Նորայր Գուրգենիչի նման դիսցիպլինա ոչ մի տեղ չեմ տեսել ու ստացել: Դա բոլորովին ուրիշ դպրոց էր: Դպրոց ղեկավարել հենց նրանից եմ սովորել: Հետո ընդունվեցի «Բարեկամություն» համույթ, բայց ես ձգտում էի բալետի: Ես չէի հարմարվում, քանի որ համույթում իմ տեղը չէի գտնում: «Բարեկամությունում» համարվում էի շարքային պարող, թեպետ մենապարեր էլ էի պարում: Նորայր Գուրգենիչի մոտ այդպես էր, եթե դու մենակատար ես, պետք է նաև շարքային պարող լինես: Այդ ժամանակ հասկացա, որ ուզում եմ ավելին, ու գնացի օպերա: Լոլա Ստեփանովնան ինձ սովորեցրեց պուանտների վրա կանգնել: Իսկ իմ ամենասիրելի ուսուցչուհին՝ Անահիտ Սպարտակովնան, ինձ սովորեցրեց դասական պարի արվեստը:
Դուք թատրոնում պարե՞լ եք:
-Ես թատրոնում սկսեցի կորդեբալետում պարել: Առաջնային դերեր պարելու ժամանակ էլ չեղավ, քանի որ թատրոն ընդունվելուց որոշ ժամանակ անց գնացի Սանկտ Պետերբուրգ․ Դոլգուշինի խմբում վեց ամիս պարեցի: Նաև «Նաիրի» պարային համույթ կար՝ հայկական եկեղեցուն կից, ու այդ համույթի ղեկավարը դարձա: Մեկ տարի ապրեցի Պետերբուրգում ու վերադարձա Երևան: Ես այդ ժամանակ 20 տարեկան էի:
Դոլգուշինի խմբում բալե՞տ եք պարել:
-Այո, բայց միայն կորդեբալետում: Բալետում գլխավոր դերեր պարելու հնարավորություն չունեցա: Դա չարվեց, ու ինքս ինձ խոսք տվեցի, որ այն, ինչ ինձ համար չարվեց, ես կանեմ այն պարողների համար, որոնք օգնության, աջակցության կարիք ունեն: Այն պարողների համար, որոնք կոտրված են: Ինձ համար այսօր շատ ավելի կարևոր է աշխատել կոտրված մի բալերինայի հետ, որին ոչ ոք չի հավատում, քան նրա, ով ըմբոստ է, լավ տվյալներ ունի և ուզում է ավելի լավը դառնալ: Ես ընտրում եմ կոտրվածներին ու օգնում նրանց հասնել իրենց նպատակին:
Եկեք հերթականությունը պահենք ու հասկանանք՝ ո՞վ է Ձեզ կոտրել բալետում, որ չեք կարողացել դառնալ բալետի պարուհի:
-Ես հիշաչար չեմ, բայց խիստ վիրավորվեցի Նորայր Գուրգենիչից: Նա ինձ «Ճանապարհ» պարը տվեց, բայց երկու օր հետո ասաց, որ այդ դերը տալիս է այլ արտիստի, որը բալետային թատրոնի մենակատար էր: Ես արդեն կապտուկների մեջ էի, քանի որ երկու օր էր գետնին թավալվելով այդ պարն էի փորձում ու այնքան ոգևորված էի, որ պետք է բեմ դուրս գայի: Ու ստացվում է, որ ես չպետք է պարեմ: Ես շատ ուժեղ սթրես տարա, քանի որ այդ դերը շատ էի սիրում: Բայց, անկեղծ ասած, Նորայր Գուրգենիչին անչափ շնորհակալ եմ, որ ինձ կոտրեց: Քանի որ, երբ ուժեղ մարդուն կոտրում են, նա ավելի է ուժեղանում: Ես հենց այդ պահից սկսած դարձա ղեկավար ու ավելի լայն էի նայում: Ես հասկացա, որ ուզում եմ ստեղծել ու արարել: Ես տեսնում էի այդ հեռանկարն ու վստահ էի, որ կկարողանամ անել: Սխալ է մարդուն մեղադրելը: Սա ճանապարհ է, ու ես անցա իմ ճանապարհը, որի համար անսահման շնորհակալ եմ Նորայր Գուրգենիչին: Եթե այդ միջադեպը չլլիներ, ես երբեք չէի ունենա այն, ինչ հիմա ունեմ:
Բնավորությունը փոխվե՞ց այդ միջադեպից հետո:
-Հա, իհարկե, շատ փոխվեց: Դարձա երկաթյա, բայց դրա հետ մեկտեղ չեմ կորցրել իմ բարությունը, քանի որ հայրս ինձ այնպես է դաստիարակել, որ միշտ պետք է բարի լինել: Նորայր Գուրգենիչին նայում եմ որպես ղեկավար: Ինքն իրականում շատ բարի, շատ լավ մարդ է ու արվեստագետ: Ուղղակի, երբ դու ղեկավարում ես, երբեմն սխալներ ես գործում, ու կարող ես դա չնկատել: Դա ներելի է, մարդկային ամեն ինչը ներելի է: Ես ավելի շատ սկսեցի ի'նձ հետևել, այլ ոչ թե ինչ-որ մեկին: Ես այդ քայլից հետո երբեք չեղա հետևող, այլ դարձա լիդեր, առաջնորդ:
Դուք բալետի հայտնի արտիստ Հակոբ Խառատյանի կինն եք:
-Այո:
Ինչպե՞ս եք ծանոթացել:
-Ռուդոլֆ Խառատյանի «Արքա» բալետն էր հյուրախաղերով եկել Երևան: Այդ ժամանակ օպերայում շատ պատահաբար հանդիպում եմ Հակոբին: Երբ ինձ տեսավ, խառնվեց ու կանգ առավ, մոտեցավ ու ասաց․ «Բարև խուճուճիկ», ու այդպես զրուցեցինք: Այդ ժամանակ Հակոբն ինձ համար աստղ էր: Դրանից հետո անցնում է երկու տարի, Սայաթ Նովա 15 հասցեում «15 կաֆե» սրճարան կար, ու այնտեղ շատ պատահաբար նորից հանդիպում եմ Հակոբին: Ինձ մոտեցավ ու ասաց․ «Ես քեզ ճանաչում եմ: Դու այն բալերինան ես՝ խուճուճ մազերով, բայց հիմա մազերդ այնպես ես հավաքել, ոնց որ կովը լպստած լինի» (Ծիծաղում է - Հեղ): Ու ես էլ տակ չմնացի, ասացի. «Կներեք, Դուք էլ երկու տարի առաջ մազեր ունեիք, բայց հիմա ոնց որ քաչալ եք»: Ծիծաղեցինք, ու այդպես նա իր եղբոր հետ էր, ես իմ ընկերուհու, ու քանի որ անձրև սկսվեց, նստեցինք այդ սրճարանում: Այդպես սիրահարվեցինք, հետո ամուսնացանք, որից հետո միասին մեկնեցինք ԱՄՆ:
Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Արիզոնայում:
-Ամուսնանալուց հետո գնացի Միլուոքի, հետո մեր դուստրը ծնվեց: Սիլվի Գիլլեմ բալերինա կա: Ես և Հակոբը նրան շատ էինք սիրում, և ի պատիվ նրա` մեր դստերը կոչեցինք Սիլվի: Այդ ժամանակ Հակոբը բալետի արտիստի կարիերան ավարտել էր ու խմիչքների բիզնես ուներ: Հետո ես Հակոբին առաջարկեցի, որ նա իր գիտելիքներն անպայման փոխանցի հաջորդ սերնդին ու դասավանդի: Սկսեց դասավանդել, հետո ես էլ սկսեցի դասավանդել: Բայց Միլուոքիում շատ ցուրտ էր ու սարսափելի ձյուն էր դնում: Առաջարկեցի տեղափոխվել այլ քաղաք: Ու այդպես Արիզոնայից առաջարկ ստացանք: Աշխատում էինք տարբեր դպրոցներում: Ու որոշ ժամանակ անց մեզ առաջարկեցին ղեկավարել Արիզոնայի Ballet Theatre of Phoenix-ը, ու արդեն ութ տարի է` ղեկավարում ենք դպրոցը: Մեր սաները տարբեր մրցույթների դափնեկիրներ են: Երևի լսած կլինեք «Youth America Grand Prix», «World Ballet Competition» մրցույթների մասին: Վերջերս աղջիկս Ֆլորիդայում «Youth America Grand Prix» մրցույթի եզրափակիչին մասնակցեց, շատ լավ ելույթ ունեցավ, ու արդեն նրան ցանկանում են տանել Եվրոպա: Բայց մենք ասացինք, որ դեռ շատ շուտ է: Երկու-երեք տարի էլ նրան վայելենք, հետո նոր կմտածենք Եվրոպա ուղարկելու մասին:
Բալերինայի այն երազանքները, որոնք Դուք չեք կարողացել իրականացնել, հիմա փորձո՞ւմ եք Ձեր աղջկա միջոցով իրականացնել:
-Չէ, դա սխալ է, շատ սխալ է: Պետք է ազատ թողնես: Իմ աղջիկը, երբ փոքր էր, չէր պարում: Նա շատ ճկուն էր ու ուզում էր ակրոբատիկայով զբաղվել: Ու ես նրան չստիպեցի: Բայց հետո ինքն ուզեց: Հստակ նպատակ չի եղել, որ իմ աղջկան դարձնեմ բալերինա, չէ՛, նման բան չի եղել, քանի որ ես գիտեմ, թե դա ինչ դաժան աշխարհ է: Սիլվիկը լավ տվյալներ ունի: Մենք կարող ենք նրան տալ դպրոցը, բայց մնացածն Աստված է որոշում ու, իհարկե, բնավորությունը: Մայա Պլիսեցկայան ասել է՝ «Ձեր բնավորությունը ձեզ կտանի հեռու»:
Հարցազրույցի սկզբում ասացիք, որ ընտրում եք կոտրված բալերինաների ու փորձում նրանց երազանքն իրականացնել:
-Այո, այդպես է: Գիտեք, երբ ոչ ոք չի հավատում, բայց եթե ես տեսնում եմ, որ կարող եմ օգնել՝ օգնում եմ: Ուրիշները կարող են չտեսնել ու կոտրել: Մի կոտրված, հիասթափված բալերինա կար, որ ուզում էր թողնել պարը: «Կարապի լիճ» բալետի վարիացիան սովորեցրի, ու «Youth America Grand Prix»-ում առաջին հորիզոնականը զբաղեցրեց: Ես շատ ուրախ էի, որ նա դա արեց, իր վստահությունը վերադարձավ, համոզվեց, որ ինքը կարող է: Ես չեմ ուզում, որ ոչ մի պարող այս աշխարհում զգա, որ ինքը չի կարող: Իրականում մարմինն էլ իր դերն ունի: Բայց ԱՄՆ-ում այլ չափանիշներին են նայում: Օրինակ` Միսթի Քոփլանդը: Նա բալերինայի ընդունված մարմին չունի, նրա մկանային համակարգը շատ զարգացած է, բայց նա իր վրա աշխատելով, իր կամքի ուժով շատ բաների հասավ: Իմ ասածը հենց դա է: Իհարկե, էքստրիմների չեմ գնում, բայց ամեն ինչ պետք է լինի պրոֆեսիոնալ, ճշգրիտ: Ճիշտ չեմ համարում, երբ կոտրում են, ասում են՝ դու չես կարող այդ դերը պարել: Շատ պարուսույցներ չեն կարողանում ու ասում են՝ չես կարող լինել: Իսկ գուցե դո՛ւ չես կարող նրան դարձնել բալերինա, մյուսը կարող է: Պետք չէ այդ երեխային հավաստիացնել, որ նա չի կարող: Քանի որ նա ամբողջ կյանքում այդպես կմտածի:
Դուք միայն ղեկավարո՞ւմ եք դպրոցը, թե՞ նաև դասավանդում եք:
-Ես և՛ ղեկավարում եմ, և՛ դասավանդում, բայց հիմա ավելի շատ ինձ համարում եմ խորեոգրաֆ: Շատ եմ սիրում վարիացիաների վրա աշխատել: Մենք ամեն տարի ձմռանն ունենում ենք «Մարդուկ ջարդուկ» ներկայացումը: Ամուսնուս հետ միասին ենք բեմադրում, իսկ գարնանային ներկայացումները ես եմ բեմադրում:
Հե՞շտ է ամուսնու հետ աշխատելը: Ե՛վ տանն եք միասին, և՛ աշխատավայրում:
-Չէ, հեշտ չէ, բայց նաև հավես է: Առանց նրա չեմ կարողանում, ես սովորել եմ նրա ներկայությանը: Մենք իրար բրդում ենք առաջ: Երկուսս էլ պերֆեկցիոնիստ ենք, ու եթե մի բան սխալ է գնում՝ սկսում ենք իրար մեղադրելով ու իրար շտկելով առաջ գնալ: Հակոբն ինձանից 12 տարի մեծ է: Նա շատ համեստ է: Երբ ես իր ձեռքը բռնեցի՝ հասկացա, որ կարող եմ կուրորեն վստահել: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ամուսնական զույգ, մենք էլ վիճում ենք: Երկուսս էլ շատ համառ ենք ու միշտ վիճելով ենք առաջ գնացել: Վերջում եղել է խաղաղություն, բայց առանց կռվի` այդ խաղաղությունը չի եղել:
Ստեղծագործական վեճեր ունենո՞ւմ եք: Պատահո՞ւմ է, որ բալետի վերաբերյալ ունենում եք ծայրահեղ տարբեր կարծիքներ:
-Հա, իհարկե: Ինչն է լավ մեր ընտանիքում, որ բալետային առումով մեր տեսակետերը համընկնում են: Միակ տարբերությունն այն է, որ ժամանակակից բալետի հետ կապված ունենում ենք տարբեր կարծիքներ: Դա նման է կտավի, որ նկարում ես ու չես թողնում, որ որևէ մեկը որևէ բան ավելացնի: Բայց դասականի մեջ մենք նույն ուղղությունն ունենք: Բայց ես հիշեցի, որ շնորհակալություն հայտնել եմ Նորայր Մեհրաբյանին, բայց կուզեի խոսել նաև Ռուդոլֆ Խառատյանի մասին: Կարելի՞ է:
Այո, իհարկե:
-Ռուդոլֆ Խառատյանն իմ ուսուցիչն է: Նա ոչ միայն հրաշալի արտիստ է, բալետմեյստեր ու հրաշալի ղեկավար, այլ նաև փիլիսոփա ու մեծ մանկավարժ: Նրանից այնքան սովորելու բան կա: Երբեք չի դադարում կարդալ ու կատարելագործվել: Ռուդոլֆ Խառատյանից շատ բան եմ սովորել: Կան մանրուքներ, որոնց մասին իմացել են Ռուդոլֆ Խառատյանից: Նա միշտ ազատություն է տալիս: Երբ մտքին տալիս ես ազատություն, այն դառնում է անսահման, իսկ Հայաստանում իմ միտքը սահմանափակել են: Ինձ միշտ ասել են՝ գեր եմ, բարձրահասակ չեմ, բալետի համար չեմ: Երբ իրենց միտքը անսահման չէ ու չեն տեսնում, սահմանափակում են նաև քո միտքը:
Ես ճի՞շտ եմ հասկանում` այն մեթոդները, որոնցով վարվել են Ձեզ հետ, Դուք բացառում եք ու չեք կիրառում դպրոցում:
-Այո, երբեք չեմ կիրառում: Ես ամեն մեկին տալիս եմ հնարավորություն, որ պարեն: Ամեն մեկի պետք է յուրովի տեսնես ու պետք է կարողանաս ճիշտ ձևով մատուցել պարը: Հիմա մյուս սանս՝ Նատալյա Քարդոնան, USAIBC - International Ballet Competition-ին է մասնակցում ու միշտ ինձ հիշում է: Ամենամեծ հաճոյախոսությունը, երբ օրվա ավարտին սաներս ինձ գրկում են ու ասում` «You are the best` Դուք ամենալավն եք»: Ես, իհարկե, գիտեմ, որ ամենալավը չեմ, բայց դա ինձ համար ամենալավ հաճոյախոսությունն է: Ապրում ենք մեր սաների հաջողությունով, կիսում դժվարությունը: ԱՄՆ-ում այդպես ընդունված չէ, բայց դպրոցը կարծես իմ ու Հակոբի երկրորդ ընտանիքը լինի:
Հայեր կա՞ն դպրոցում:
-Այո, եղել են: Չորս հայ աշակերտ ենք ունեցել, ու նրանցից մեկի հետ «Դլե յաման» պարը բեմադրեցինք, ու ներկայացումը մինչև «Youth America Grand Prix»-ի եզրափակիչ հասավ: Անցյալ տարի էլ Կոմիտասի «Կռունկը» բեմադրեցի: Պարողները հայեր չէին, բայց այնպիսի հավեսով ու ջերմությամբ պարեցին: Այդ համարն էլ «Youth America Grand Prix»-ի եզրափակիչ մտավ: Ինձ համար շատ հաճելի էր, քանի որ մրցույթին 40 երկրից 1800 մասնակից կար, ու «Կռունկը» լավագույններից մեկը ճանաչվեց:
Դուք աշխատել եք Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենակատար Րաֆֆի Գալստյանի և պարուհի Նարե Մարկոսյանի հետ:
-2017 թվականի հունվարին, երբ նրանք դեռ ուսումնարանում էին սովորում: Բեմադրեցի «In the next life» ժամանակակից ներկայացումը: Րաֆֆիի հետ նաև բեմադրեցինք «The Beast in me» (Գազանն իմ մեջ) համարը (Նրա հետ մեր հարցազրույցը` այստեղ): Րաֆֆիի մեջ տեսա անկոտրում գազանին, որը պայքարում է ու հաղթում: Այդ համարը շատ կարճ ժամանակամիջոցում ծնվեց: Հետո Րաֆֆին այդ համարը տարբեր մրցույթների է ներկայացրել: Կարծեմ` Տալլինում հենց այդ համարը երկրորդ տեղը գրավեց, ու հրավիրվեց «Youth America Grand Prix»: Ճիշտ է՝ չստացվեց, որ նա գա, բայց այդ համարով մեկնեց Չինաստան: Եթե չեմ սխալվում` Բորիս Էյֆմանին էլ է ներկայացրել: Ու Րաֆֆին միշտ ասում է, որ այդ բեմադրությունն իրեն օգնել է: Նրա հետ մեծ սիրով եմ աշխատել: Րաֆֆին ինձ խնդրեց, որ Ադելի «Million years ago» երաժշտության տակ ներկայացում բեմադրեմ: Ասաց, որ իր կյանքում շատ կարևոր երաժշտություն է ու շատ է ուզում պարել: Իհարկե բեմադրեցինք: Նարեի համար (Նրա հետ մեր հարցազրույցը` այստեղ) «Ջոկեր» մոդեռն համարը բեմադրեցի, ու շատ շուտով նա կպարի: Նարեն միշտ սիրում է օգնել բոլորին ու մոռանում է իր մասին, ու ես տեսնում էի, թե նա որքան է ցանկանում լինել առաջատար մենապարող, ու երբ «Ջոկերը» բեմադրեցի՝ ուզում էի, որ ինքն իր մասին հիշի: Շատ հետաքրքիր կատարող է ու հաստատ կարող է լինել առաջատար: Աղջիկների պարագայում միշտ դժվար է, ու մրցակցությունը շատ մեծ է: Նարեն վերջերս պարեց Ջուլիետ: Ես ցնծում էի ու շատ հպարտ էի: Րաֆֆիի համար էլ եմ միշտ հպարտանում:
Խորեոգրաֆիայի մեջ ամենաշատը ո՞ր պահն եք սիրում:
-Երբ կատարողի հետ ստեղծում ենք պարը: Երբ կատարելություն է ստեղծվում: Ընթացքն եմ շատ սիրում:
Արիզոնայում հայեր շա՞տ կան:
-Այո, կան: Հայկական եկեղեցի էլ կա:
Ունե՞ք համայնքի հետ կապեր:
-Համայնքի հետ շատ կապեր չունեմ, բայց եկեղեցի գնում ենք, շատ ժամանակ չի լինում, բայց ամիսը մեկ անգամ պարտադիր եկեղեցի գնում եմ: Հայկական փառատոներին միշտ իմ երեխաները պարել են: Տեր Հայրը միշտ շնորհակալ է եղել, որ այդ փառատոներին իմ սաները միշտ մասնակցում են ու միշտ հայկական երաժշտության տակ են պարում:
Ձեր խոսքում անընդհատ նշում եք, որ հնարավորության դեպքում միշտ Ձեր ներկայացումներում օգտագործում եք հայկական երաժշտությունը: Կարևո՞ր է Ձեզ համար դրսում հայկականությունը ներկայացնելը:
-Երբ դրսում ես, երբ հեռու ես՝ մշակույթը ձգում է: Ամերիկյան մշակույթը նոր է, իսկ հայկական հողը մեծ էներգիա ունի, ու անկախ քեզանից` այդ կարոտն առնում ես երաժշտությունից: Ես հպարտանում եմ հայկական մշակույթով, երաժշտությամբ, ու երբ հնարավորություն է ստեղծվում՝ անպայման ներկայացնում ենք: Մեր սաներն ինձ ու Հակոբին հայերենով են բարևում, ասում են` «Բարև ձեզ, ինչպե՞ս եք»: Դժվար է, շատ դժվար է հայկականը պահելը, բայց փորձում ենք:
Ինչի՞ մասին եք երազում:
-Շատ կուզեի իմ թատրոնն ունենալ, որտեղ ես իմ բոլոր բեմադրությունները կդնեի, որ կարողանայի վճարել իմ արտիստներին: Այնքան լավը դառնամ ու այնքան ուժեղ մասնագետ, որ իմ աղջիկը մնա ինձ մոտ պարելու: Բայց ես գիտեմ, որ շատ լավ բալետային թատրոններ կան, և ուզեմ-չուզեմ` նա գնալու է...
Ինչի՞ համար եք զղջում:
-Որ շատ երկար ժամանակ չեմ անցկացրել հորս հետ: Նրան շատ սիրում եմ, ու միակ մարդն էր, որ ինձ հավատում էր: Հայրս իմ ուժն էր: Ափսոսում եմ, որ հեռավորությունը չթողեց, որ իրեն ավելի շատ գրկեմ, ավելի շատ իր հետ խոսեմ: Հասարակ բաներ են թվում, բայց հեռվից չես կարող ոչինչ անել, բացի նյութական աջակցությունից: Դա նյութական է, բայց ջերմությունը, որ չկարողացա տալ հորս, դրա համար զղջում եմ:
Չե՞ք զղջում, որ բալետի արտիստ չեք դարձել:
-Չէ, չեմ զղջում: Ես ծնվել էի ղեկավար դառնալու համար: Խորեոգրաֆ դառնալու համար: Ամեն մարդ ունի իր ճանապարհը, ու չպետք է փոշմանել: Ես լավ պարող եմ եղել, շատ լավ թռիչքներ եմ ունեցել: Տղայի տեխնիկա եմ ունեցել: Բոլորը երազում էին իմ թաթերը ունենալ: Հիշում եմ, որ Դավիթ Գալստյանն ասում էր՝ «Կլինի՞ թաթերդ տաս ինձ»: Բնատուր տվյալներ ունեցել եմ, տեխնիկապես ուժեղ եմ եղել: Բայց պետք է հոգեպեսն էլ պինդ լինի: Երբ դու թույլ ես՝ քեզ կոտրում են: Հոգեպեսն ամենակարևորն է, ու դրա համար ուզում եմ, որ բոլոր պարողներն իմանան՝ դուք գուցե չունենաք լավ տվյալներ, բայց եթե հոգեպես ուժեղ լինեք՝ առաջ կգնաք: Դրա համար թույլ մի՛ տվեք, որ ձեզ կոտրեն: Որևէ մեկը չպետք է ձեզ կոտրի:
Հիմա Դուք հոգեպես ուժե՞ղ մարդ եք:
-Կարծում եմ՝ այո, արդեն ուժեղ մարդ եմ:
Ղեկավար լինելը Ձեզ փոխե՞լ է:
-Այո:
Դեպի ո՞ր կողմը:
-Շատ բաներ եմ հասկացել: Նույն Իրինան եմ մնացել, բայց մարդկանց հետ հարաբերություններում եմ տարբեր: Ղեկավար լինելը դա է փոխել, որովհետև մարդկանց միանգամից տեսնում ես ու արդեն որոշում՝ քեզ մոտ թողնես, թե ոչ: Ես շատ ուղիղ մարդ եմ, կեղծավորություն չեմ սիրում: Դիվանագետ եմ, բայց միևնույն ժամանակ չեմ սիրում, երբ ինձ հետ հստակ չեն, ու երևի հենց այդ ուղիղ լինելն էլ շատերին վախեցնում է:
Միշտ ուղիղ լինելը չի՞ խանգարում:
-Չէ, կարող է այդպես թվալ, բայց չի խանգարում: Մի անգամ Շառլ Ազնավուրն է ասել՝ «Այնքան հեշտ է դիմակներ հագնել: Ես շատ դիմակներ եմ ունեցել, բայց հիմա հանել եմ: Երբ դու կարող ես քո իսկական դեմքով կանգնել աշխարհի առաջ, դու ամենաուժեղն ես»: Շատ եմ սիրում Շառլ Ազնավուրի այս խոսքերը, ու ես այն եմ, ինչ կամ: Ընդունում եք՝ ընդունեք, չէ, միևնույն է, ես կամ:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Արշակ Ղալումյան․ «Born in Armenia» արտահայտությունը միշտ ինձ հետ է
Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից
Վահրամ Համբարձումյան․ Շատ կուզեի «Սպարտակ» պարել, բայց Արգենտինայում դա անհնար էր
Գևորգ Ասոյան․ Մրցույթից հետո ինձ մոտեցավ Մայա Պլիսեցկայան ու ասաց․ «Ես ձեզ՝ հայերիդ շատ եմ սիրում»
Էլվիրա Մնացականյան․ Եթե երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյան․ Ինձ զգացել եմ պարարվեստի հայ դեսպան բալետային աշխարհում